«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------------- 2021թ. N ---------Լ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի չորրորդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը` համաձայն հավելված 1-ի
- Հաստատել աղետների ռիսկի կառավարման հայեցակարգից բխող միջոցառումը՝ համաձայն հավելված 2-ի:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021թ.
--------------------ի
N --------Լ որոշման
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
- ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը և շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երևույթների հետևանքով առաջացող աղետների նկատմամբ: Ուրբանիզացիայի բարձր մակարդակի պատճառով աղետների վտանգները սպառնում են ազգաբնակչությանը: Բնակչության մոտ 80%-ը կենտրոնացած է քաղաքային համայնքներում:
- Հայաստանը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դրանց հետևանքով զոհվում և տուժում են բազմաթիվ մարդիկ, իսկ տնտեսությանը պատճառվում է հսկայական վնաս: 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը ընդգրկել է Հայաստանի տարածքի շուրջ 30%-ը, զոհվել է շուրջ 25000 մարդ, նյութական կորուստների ընդհանուր գումարը կազմել է մոտ 14,2 մլրդ ԱՄՆ դոլար:
- Տարերային աղետներից Հայաստանին առավել վնաս են պատճառում երաշտները, վաղ գարնանային ցրտահարությունները, կարկտահարությունները, սելավները, ջրհեղեղները, ուժեղ քամիները, քարաթափերը, սողանքները և անտառային հրդեհները:
- Տեխնածին աղետները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են հանդիսանում: Հայաստանում գործում են 20-ից ավելի քիմիապես վտանգավոր օբյեկտներ,որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ վտանգավոր քիմիական նյութեր: Նշված օբյեկտներում առկա վտանգավոր նյութերի և թափոնների կառավարումը խնդրահարույց է, առկա է հարակից տարածքների քիմիական աղտոտման իրական սպառնալիք:
- Հանրապետության տարածքում 1500-ից ավելի կազմակերպություններ հատկանշվում են բարձր պայթյունավտանգությամբ և հրդեհավտանգությամբ: Հանրապետությունում շահագործվող օգտակար հանածոների հանքավայրերով պայմանավորված՝ առկա են գործող և կոնսերվացված 23 պոչամբարներներ, որոնց մի մասը գտնվում է վթարային վիճակում, ինչն էլ կարող է ստեղծել թափոնների արտահոսքի նախադրյալ:
- Հաշվառված են 82 ջրամբարներ (այդ թվում՝ 24-ը հատուկ, պետական նշանակության), որոնց զգալի մասը շահագործվում է 50 և ավելի տարիներ, չեն իրականացվել համապատասխան ամրացման աշխատանքներ:
- Հայկական ատոմային էլեկտրակայանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում: Վթարի դեպքում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման համաձայն, ՀԱԷԿ-ից մինչև 10 կմ շառավղով գոտուց հավանական է շուրջ 100 հազար մարդու տարահանումը:
- Վերջին 4 տարիների ընթացքում արձանագրվել է 28266 տեխնածին աղետ, ինչի հետևանքով զոհվել է 928, վիրավորվել 15852 մարդ: Տեխնածին աղետների 58,9%-ը բաժին է ընկել տարաբնույթ հրդեհներին, իսկ 38,6%-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներին:
- Հայաստանն ունի նաև խոցելի էկոհամակարգ, ինչին բնորոշ է կլիմայի չորայնությունը, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացները, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Վերջին տասնամյակների ընթացքում՝ գլոբալ տաքացման արդյունքում եղանակային և կլիմայական վտանգավոր երևույթների ուժգնությունը և հաճախականությունն աճել է: Ըստ փորձագետների գնահատականների՝ գլոբալ ջերմաստիճանի մեկ աստիճան բարձրանալու դեպքում 1%-ով կաճի մահացության դեպքերի թիվը: Մինչև 2030 թվականը կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում մոտ 2%-ով, տարեկան տեղումները կնվազեն 3,1%-ով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի մոտ 5%-ով:
- Աղետների ռիսկի կառավարման գործընթացներում առկա են մի շարք խնդիրներ.
1) շարունակական հստակեցման կարիք ունի պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և աղետների ռիսկի կառավարման ոլորտում մի շարք դերակատարների գործառույթները,
2) բացթողումներ կան հետաղետային վերականգնման արդյունավետ կազմակերպման պատրաստվածության և պլանավորման գործընթացներում,
3) անբավարար է աղետների ռիսկի կառավարման ոլորտի ֆինանսավորումը,
4) բավարար ներգրավված չէ մասնավոր հատվածը,
5) շարունակական վերապատրաստման կարիք ունի աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման ու իրազեկվածության և գիտելիքների մակարդակը,
6) ցածր է տարածքային զարգացման պլանավորման արդյունավետությունը և անկառավարելի են ուրբանիզացման գործընթացները,
7) լիարժեք չի գործում աղետներից ապահովագրման համակարգը,
8) լիարժեք չի ընկալվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հաասարակության կողմից աղետների ռիսկի գնահատման հիմնախնդիրները:
- ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ
ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է.
- աղետների ռիսկի կառավարման ճկուն համակարգի ներդրման անհրաժեշտությամբ՝ ներառելով հանրապետության բոլոր մարմիններն ու կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Նման համակարգում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է լինի կառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին,
- Կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններով, որի արդյունքում առաջացել է գործառույթների վերաբաշխման անհրաժեշտություն,
- տարաբնույթ աղետների նկատմամբ Հայաստանի խոցելիության անընդհատ փոփոխվող մակարդակով,
- աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունն արդիականացնելու, ռազմավարական նոր լուծումներ և մոտեցումներ գտնելու կարևորությամբ:
- Հայեցակարգը բխում է Ազգային անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից և համահունչ է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին՝ որպես երկրների կայուն զարգացման և անվտանգության ապահովման հիմք:
- 3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ
ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
- 13. Հայեցակարգի նպատակն է հզորացնել աղետների ռիսկի կառավարման պետության կարողությունները՝ ապահովելով անհատի, հասարակության, տնտեսության անվտանգության բարձրացումն ու երկրի կայուն զարգացումը:
- 14. Հայեցակարգն ուղղված է աղետների ռիսկի և մարդկանց կյանքի, առողջության, պետության, համայնքների տնտեսական և բնապահպանական կորուստների նվազեցմանը:
- 15. Հայեցակարգի իրականացման հիմնական քայլերը միտված են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության վերանայմանը և ներառում են.
1) աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական և կազմակերպական դաշտի կատարելագործումը,
2) միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և դրա շրջանակների հետևողական ընդլայնումը, գործընկեր կառույցների հետ նորարարական ծրագրերի իրականացումը,
3) կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխումն ու համակարգումը, գործունեության և հաղորդակցության արդյունավետության բարձրացումը,
4) որոշումների կայացման, ռեսուրսների տեղաբաշխման և պարտավորությունների նպատակաուղղված ապակենտրոնացումը,
5) մարդկային ռեսուրսների, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավումը,
6) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և հանրային իրազեկման արդյունավետության բարձրացումը,
7) մասնավոր հատվածի ներգրավվածությամբ՝ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնումը:
- «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14 արձանագրային որոշմամբ: Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության վերանայման իրավական հիմքեր են հանդիսացել այն, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված արձանագրային որոշումներն իրավական ակտերի մաս չեն կազմում, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
- 4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- 17. Հայեցակարգի իրականացումից ակնկալվող արդյունքներն են.
1) աղետների ռիսկի հետևողական նվազեցումը,
2) աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացումը,
3) բնակչության մեջ աղետներից անվտանգության մշակույթի մակարդակի բարձրացումը,
4) աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցումը,
5) աղետներից ապահովագրման արդիական համակարգի ներդրումը,
6) ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
7) արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայությունը,
8) միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի առկայությունը, հասարակական և հատուկ նշանակության շենքերի սեյսմակայունության բարձրացումը,
9) աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառումը պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում,
10) աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվումը, նորարարության և տեխնոլոգիական զարգացման խթանումը,
11) hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայությունը,
12) արագ արձագանքման, փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կամավորական շարժման ընդլայնումը, հրշեջ հենակետերի ստեղծումը,
13) հանքարդյունաբերության ոլորտում և ստորգետնյա շինություններում կատարվող աշխատանքների անվտանգության մակարդակի բարձրացումը,
14) նյութական պահուստի համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը,
15) մարզերում և համայնքներում փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ նյութական բազայի համալրումը և արդիականացումը,
16) պետական և համայնքային բյուջեներում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման ավելացումը:
- Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
-
Քննարկվել է
03.05.2021 - 18.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8607
Տպել