ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունմամբ և բխում է ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի թիվ 541-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետից:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով կարգավորվում են ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու պահանջներին վերաբերող հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի (Կոնվենցիա) 10-րդ հոդվածի «Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության հրապարակայնացման կարգավորում» համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից և ներմուծողներից պահանջում են կառավարական մարմիններին տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատվող նյութերի բաղադրության մասին։ Բացի դրանից, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների թունավոր բաղադրիչների և արտազատվող նյութերի մասին հանրությանը իրազեկելու արդյունավետ միջոցներ»:
Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվության հանրայնացման հիմնական նպատակն է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և օգտագործման ընթացքում արտազատվող նյութերի առողջությանը հասցվող վնասների, կախվածության առաջացման և մահացու վտանգի վերաբերյալ հանրության իրազեկումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բնակչությանը իրազեկելու միջոցով հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը կրճատելու արդյունքում նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:
Բացի այդ, նախագծի ընդունումը թույլ կտա իրականացնել Կոնվենցիայի դրույթների պահանջները: