Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:
Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 159-րդ հոդվածի 3-րդ մասում «կառուցելու» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու բառերը:
Հոդված 2. Օրենսգրքում 160-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. Բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցումը
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհա-տական բնակելի տուն կառուցելուն կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարները՝ բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը, փոխհատուցվում է տվյալ ֆիզիկական անձին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքերում,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կառուցապատողներից անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքերում,
3) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ Երևան քաղաքի) անհատական բնակելի տուն կառուցելու դեպքերում:
Սույն մասով սահմանված՝ ֆիզիկական անձին փոխհատուցվող գումարը եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար չի կարող գերազանցել 150 հազար դրամը։ Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո չեն օգտվել (այդ թվում որպես համավարկառու) հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների փոխհատուցման կամ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից»:
Հոդված 3. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքով սահմանված` փոխհատուցման ենթակա հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների 150 հազար դրամի սահմանաչափը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ: