Արմեն Վարդանյան
02.05.2020
Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված է հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, որի դրույթներով ՀՀ կառավարությանը գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու իրավասություն վերապահված չէ: Բացի այդ, 7-րդ հոդվածի 8-9-րդ մասերը ըստ էության լուծում են 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքի մակարդակով կարգավորում են հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցերը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, հետևաբար կառավարությունը նման նախագծով առաջարկվող որոշում ընդունել չի կարող, խնդրի լուծումը պետք է տրվի նախևառաջ օրենքի մակարդակում՝ եղած կարգավորումների վերանայման և կառավարությանը հստակ և համապատասխան լիազորություն տալու միջոցով, որով պետք է հստակ հիմնավորված և հստակ սահմանվեն փոխադրման հիմքերը, դեպքերը և կարգը՝ իրավական որոշակիության սկզբունքից և չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների կանխման անհրաժեշտությունից ելնելով: