Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 08.04.2020 10:56:43 <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագիծը ենթակա է վերանայման, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է. ուղղակի չի կարող նախագծի 1-ին հոդվածում տրված ձևակերպումը <<Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը>> լինել տրամաբանական և ողջամիտ, եթե այն նախատեսում է վարչական տուգանք շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց այգիներում կամ հողամասերում տնկած ծառերի բերքահավաքից հետո կամ տերևաթափից հետո որպես , առօրյա գործունեություն, գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում հավաքում են չորացած տերևներն ու ճյուղերը կամ այլ մոլախոտեր և բուսական ծագման մնացորդներ և այրում են, որի համար ստացվում է պետք է կրեն անհամաչափ պարտավորություն, միջոցներ ծախսեն, հատուկ վառարաններ հասցնելու համար, որի արդյունքում երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը պետք է տուգանվի, ընդորում տուգանման դեպքում ևս, բացի անհամաչափությունը, ակնհայտ է իրավական որոշակիության բացը և կոռուպցիոն դրսևորումների հիմքը, երբ քաղաքացիների համար նախատեսում է տուգանք կամ նախազգուշացում՝ հստակ չսահմանելով և չտարանջատելով դեպքերը, թե վարչական մարմինը երբ և որ դեպքում է կարող կիրառել նախազգուշացում կամ տուգանք, ինչը բացարձակ կամայականության և սուբյեկտիվ մոտեցումների նախադեպ և գործելաոճ է առաջացնելու: Վերը նշվածի հիմքով առաջարկվում է հոդվածը վերանայել՝ միաժամանակ հստակ սահմանելով, թե որ դեպքերում և ինչի համար կարող է կիրառվել նախազգուշացում և որ դեպքերում՝ տուգանք, իսկ տուգանքի չափերը կատարած արարքի համեմատությամբ առնվազն ենթակա են հիմնավորման և ազդեցության գնահատման: “Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85․1-րդ հոդվածը գործում է 08.04.09թ․ ՀՕ-98-Ն օրենքի համաձայն և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով՝ «Հոդված 85.1. Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը Արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:» Նախագծով առաջարկվել է հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ այն լրացնելով 2-րդ և 3-րդ մասերով։ 2-րդ մասով ներկայացված իրավախախտումը, ըստ էության, ներառված է վերոնշյալ կարգավորման մեջ։ 2-րդ մասը առանձնացվել է՝ սահմանելով ավելի խիստ վարչական պատասխանատվություն, նկատի ունենալով, որ թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատաբար արագ եղանակն է, սակայն հանդիսանում է շրջակա միջավայրում դիօքսինների և ֆուրանների արտանետումների առավել վտանգավոր աղբյուր։ Փոփոխություններ չեն կատարվել։
2 Արտակ Պողոսյան 08.04.2020 11:21:56 Ուսումնասիրելով հրապարակված նախագիծը հատնում եմ հետևյալը. 1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագիծը չի ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Ն որոշմամբ հաստատված 1-ի կետի պահանջները, առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից: 2. Ներկայացված առաջարկի 1-ին կետի ապահովման հետ մեկտեղ, առաջարկում եմ նախագծի 85. հոդվածի վերգնագրից հանել «և սպառման» բառերը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծի հեղինակները չեն ուսումնասիրել տնային տնտեսությունների /մասնավոր հատվածի/ քանակը, գյուղատնտեսական ոլորտի տնտեսությունների քանակը և իրենց կողմից գարնանային և աշնանային տերևաթափերի մաքրման աշխատանքը՝ բեռը թողնելով այդ տնտեսությունների վրա: Անհրաժեշտ է առնվազն ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, կատարել իրազեկման և բացատրական աշխատանքներ, ինչից հետո հնարավոր է խոսել նման նախագծի վերաբերյալ: 3. Ի շարունակություն ներկայացված առաջարկությունների 2-րդ կետի՝ նախագծի ողջ տեքստից առաջարկում եմ հանել «կամ սպառման կամ տերևաթափից» բառերը, ինչը հանդիսանում է ներկայացված առաջարկի 2-րդ կետի տրամաբանական շարունակությունը: 1․«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ “Կառավարության սահմանած կարգով և դեպքերում օրենքի կամ Կառավարության որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:» և « Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:»։ Վերոնշյալ իրավական ակտերը առ այսօր ընդունված չեն։ Իսկ նույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « 1. Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:»։ 2․«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «հիմնադրութային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծ», այսինքն՝ օրենքի նախագիծը որպես հիմնադրութային փաստաթուղթ չի կարող դիտարկվել։ Ներկայացված առարկության հարցը կարգավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչպես նաև՝ Կառավարության 10․10․2018թ․ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմամբ, որի հավելվածի 10-րդ և 12-րդ կետերի համաձայն հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակման եղանակով, ինչն էլ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է։ Ինչ վերաբերում է 2-րդ առարկությանը, ապա առաջարկվում է դրա վերաբերյալ եզրակացությունը կարդալ սույն ամփոփաթերթի՝ Արմեն Վարդանյանի կողմից արված առաջարկություններին ի պատասխան: Փոփոխություններ չեն կատարվել։
3 Արտակ Պողոսյան 08.04.2020 11:23:32 Ներկայացված նախագծին քվեարկում եմ «ՈՉ», քվեարկելու կոչակը բացակայում է Ընդունվել է ի գիտություն։