Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

       «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ)  հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ   մտել  2010 թվականի հոկտեմբերի 22-ից:

Նախագծի մշակման պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով (Ազգային օրենսդրության համապատասխանեցում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին):

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները և մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և մոտեցումներին:

Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը,  պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները

Օրենքի նախագծում  սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ:

Նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանի և կիրառելիության ուսումնասիրությունը և վերլուծությունը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների և դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և դրանց իրականացման գործընթացի  մոնիթորինգի իրականացումը:

Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքենրն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Նախագծում սահմանվել են նաև ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում՝ գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով։

Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (հոդված 33՝ Ներպետական կիրարկումը և վերահսկումը) իր մտահոգությունն է արտահայտում ներպետական վերահսկման մեխանիզմին հատկացվող միջոցների պակասի և վերահսկման գործընթացին հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ոչ բավարար մասնակցության առումով: Նույն հոդվածով Կոմիտեն հանձնարարում է, որ մասնակից պետությունը հատկացնի անհրաժեշտ ֆինանսավորում՝ անկախ վերահսկման մեխանիզմի գործունեության համար և ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների լիարժեք մասնակցությունը վերահսկման գործընթացին։

Անհերքելի փաստ է, որ չնայած սահմանված պահանջներին, պարբերաբար խախտվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելությունն ապահովելուն առնչվող նորմերը  (քաղաքաշինության և այլ ոլորտներում): Մատչելիության վերահսկողության և խթանման նպատակով նախագծով նախատեսվում է ստեղծել մատչելիության հանձնաժողով: Հանձնաժողովը ստեղծվում է որպես ինքնավար պետական մարմին, որի առջև դրվում են մատչելիության պաշտպանության,  մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության, համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման, հանրային իրազեկվածության բարձրացման և այլ խնդիրներ: Հանձնաժողովը կնպաստի մշակված նորմերի կիրառմանը տուգանքների նշանակման, համապատասխան խորհրդատվություն տրամադրելու և մեթոդական ուղեցույցներ մշակելու և այլ գործողությունների միջոցով: Նախագծում սահմանվել են նաև հանձնաժողովի գործառույթները,  կազմավորման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և նրա գործունեության իրականացման վերաբերյալ այլ դրույթներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

« ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          Նախագծի ընդունման դեպքում անհրածեշտ կլինի մշակել հետևյալ իրավական ակտերը՝

  1.           «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում,
  2.           «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում և կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: 

 

  • Քննարկվել է

    25.02.2020 - 11.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15334

Տպել

Առաջարկներ`

Հայկական Կարիտաս

11.03.2020

Առաջարկվում է Գլուխ 7, հոդված 36-ի 4-րդ կետը փոխարնել հետևյալ ձևակերպմամբ․ Ինտերակտիվ երկխոսության արդյունքում անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականությունը կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), որից հետո այն ներկայացվում է նաև տեղական (մարզային հանձնաժողով), սույն հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում իրականացվում է մոնիթորինգ՝ ճշտելու գործատուի կողմից ներկայացված գրավոր հիմնավորման իրավացիությունը:

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք ավելացնել «աուդիո նկարագրություն» տերմինը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք չօգտագործել «լուսագիր» բառը, քանի որ այն տեխնիկական առումով ունի գովազդային նպատակ և կիրառական չէ լսողության խնդիրներ ունեցող անձնանց համար։ Դրանք ավելի շատ կրճատումներով են, հետևյալ հղումը ներկայացված է լեզվի կոմիտեյի կողմից։ «Ենթագրեր» տերմինն առավելություն ունի և կիրառելի կարող է լինել, քանի որ հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն տրամադրել։ https://www.langcom.am/%d5%bf%d5%ab%d5%bf%d6%80%d5%9d-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80/

Տեսնել ավելին