Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

----------------------

Արձանագրային

             

    

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

   

  1. Հավանություն տալ`

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

 

    Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

_____________     -ի նիստի N __      

արձանագրային որոշման

 

    ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ»

 

   ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 ԵՐԵՎԱՆ  2017

 

I. ՆԱԽԱԲԱՆ

  1. Աշխարհում զբոսաշրջային ​​գրավչության օբյեկտների շուրջ 90%-ը կապված են կրոնի հետ:
  2. Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) գնահատման յուրաքանչյուր տարի 300-330 մլն զբոսաշրջիկ այցելում է աշխարհի հիմնական կրոնական կենտրոնները, միաժամանակ կրոնական նպատակներով աշխարհում իրականացվում են մոտ 600 մլն ազգային և միջազգային ճանապարհորդություններ, որի 40%-ը բաժին է ընկնում Եվրոպային:
  3. Հանդիսանալով հիմնական զբոսաշրջային ուղղություններ, կրոնական ժառանգության կենտրոնները ոչ միայն խթանում են միջազգային զբոսաշրջությունը և տնտեսական աճը, այլ նաև ծառայում են որպես հարթակ տարբեր մշակույթների միջև ձևավորելու հանդուրժողականություն, հարգանք և փոխըմբռնում:
  4. Քրիստոնեական ուխտագնացությունը ներառում է հազարավոր սրբավայրեր։ Դրանք հանդես են գալիս որպես տեսիլքների կամ հրաշագործությունների վայրեր, հոգևոր կյանքի կենտրոններ։ Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության մեծ ներուժ՝ ընդգրկելով շուրջ 1051 քրիստոնեական հուշարձաններ։
  5. 2013 թվականին զբոսաշրջային ընկերությունների կողմից ամենաշատ վաճառված զբոսաշրջային արդյունքների հանրագումարում կրոնական զբոսաշրջության բաժինը Հայաստանում կազմել է 5.2%, Եվրոպայում՝ 2.8%, ԱՄՆ-ում՝ ընդամենը 1%։
  6. Համաձայն ՄԱԿ ԶՀԿ կանխատեսումների` XXI դարի սկզբին զբոսաշրջության առավել հեռանկարային ձևերից առաջին տեղում է լինելու կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջությունը:

    Զբոսաշրջությունը, որպես հզոր սոցիալ-մշակութային երևույթ (զբոսաշրջությունը հանուն «խաղաղության և զարգացման»), կարող է ունենալ հզոր դրական ազդեցություն ժամանակակից մարդու կենսագործունեության վրա: XXI դարի մարդը պետք է գիտակցի որ կրոնը, պատմությունը, ըստ էության, մարդկության մշակութային ժառանգության կարևորագույն  բաղադրիչներն են:

  1. Աշխարհում, գնալով էլ ավելի զարգանում են ճանաչողական ճանապարհորդությունների տարբեր տեսակները, այդ թվում` կրոնական զբոսաշրջությունը և հավատացյալների բազմաթիվ ճանապարհորդություններ իրականացվում են դեպի կրոնական նշանակության վայրեր:
  2. Կրոնական զբոսաշրջությունը ունի երկու հիմնական տեսակ`
    • ուխտագնացություն,
    • էքսկուրսային-ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջություն:
  3. Ուխտագնացության մեջ առանձնացվում է նաև հոգևոր ուխտագնացությունը:
  4. Ուխտագնացության հիմնական տարբերակող հատկանիշները հետևյալն են`
  • ուխտագնացությունն իրականացնում է խորը հավատքով մարդը, ով ձգտելով իր կյանքում իրականացնել կարևոր նախաձեռնություն և պահանջում է հատուկ վերաբերմունք ուխտագնացության կազմակերպիչների կողմից,
  • ուխտագնացությունը իրականացվում է ավելի երկար ժամանակով և քանակապես շատ ավելի մեծ խմբերով, 
  • որոշ կրոններում զարգացած է ուխտագնացությունը ոտքով` քայլելով իրականացնելով ծիսակատարություն ոչ միայն սուրբ տեղերում, այլև քայլարշավի ընթացքում, 
  • ուխտագնացությունները կախված են կրոնական օրացույցից,
  • ուխտագնացության զբոսաշրջությունը հիմնականում կազմակերպվում է զբոսաշրջային ընկերությունների կողմից` համագործակցելով կրոնական կազմակերպությունների հետ:
  1. Ընդհանուր առմամբ, էքսկուրսային ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջությունը տարբերվում է ուխտագնացությունից ճանապարհորդության նպատակով և հետևյալ հիմնական հատկանիշներով.
  • այցելության օբյեկտները,
  • ծառայության որակական չափանիշները,
  • էքսկուրսային ծառայության առկայությունը,
  • ճանապարհորդության ժամկետները,
  • հաճախորդների տարիքային և սոցիալական կատեգորիաների հաշվառումը, 
  • ճանապարհորդություն իրականացնողների թիվը,
  • ճանապարհորդության առանձնահատկությունները (հաշվի է առնվում կրոնական պատկանելությունը, ուխտագնացության առանձնահատկությունները):
  1. Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացման համար կան զգալի ներուժ և նախադրյալներ, հարուստ պատմամշակութային ժառանգություն, այդ թվում` հուշարձաններ, որոնցից են.

1) Խոր Վիրապ (Լուսառատ գյուղ, Արարատի մարզ)

Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, ինչպես նաև հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի՝ կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

        Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:

Խոր Վիրապը XVII դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է:

Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:

2) Էջմիածնի Մայր տաճար (Վաղարշապատ, Արմավիրի մարզ)

Մայր տաճարը, ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝  Տրդատ Գ  թագավորի օժանդակությամբ։ Մայր տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար: Այստեղ են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելիսբ. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և  Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Սուրբ Հռիփսիմեի  և  Սուրբ Գայանեի  մասունքները, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Սուրբ  Արիստակես Ա Պարթևի Աջը,  Սուրբ  Գևորգ Զորավարի, Սուրբ  Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

3) Գառնու հեթանոսական տաճար (Գառնի գյուղ, Կոտայքի մարզ)

Գառնու տաճարը՝ հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում։ Տրդատ Ա թագավորը 66 թվականին թագադրվելուց անմիջապես հետո իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցել է նաև Գառնու բերդը և կառուցել նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

     Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում պիտի կառուցեր Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։

4) Գեղարդի վանք (Գողթ գյուղ, Կոտայքի մարզ)

     Գեղարդի վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝  Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

       Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

 «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվել է սուրբ Գեղարդը` այն նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Մայր Տաճարում։ Այժմ այն գտնվում Մայր Տաճարի թանգարանում։

5) Տաթևի վանական համալիր (Տաթև գյուղ, Սյունիքի մարզ)

Կարևորագույն հուշարձաններից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրն  իր ճարտարագիտական լուծումներով և դիրքով, որը հիմնադրվել է IV դարում։ 895 թ. Տաթևի վանքը եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենադարան:

      Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներից է Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գործող  «Տաթևեր»  ճոպանուղին (5.7 կմ), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը։

  1. Քրիստոնեական աշխարհում Հայաստանը միշտ էլ դիտարկվել է որպես առանցքային երկիր:

     2001 թվականին Հայաստան էր այցելել Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, որը մասնակցել է Հայաստանում և աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

2015 թվականին Հայաստան է այցելել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Պապն իր այցը համարում է ուխտագնացություն դեպի երկիր, որն առաջինը Հիսուսից ստացավ Ավետարանը:

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդն ինքն էր կոչ արել աղոթել Հայաստան՝ առաջին քրիստոնեությունն ընդունած պետություն, կատարելիք այցի առնչությամբ: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում, առաջինը ժողովուրդներից, ով ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել է նա: 

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, հայոց միջնադարի խոշորագույն մտածող Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքում: Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում՝ Մատենադարանում, պահպանվում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հնագույն ընդօրինակությունը։

 II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺՈ-243-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիրը (այսուհետ` ՀՀ կառավարության ծրագիր) և ուղղված է դրա իրականացմանը:
  2. Ռազմավարությունը ներառում է Հայաստանում ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացման նպատակը, խնդիրները և դրանց իրականացման միջոցառումները:

   III. ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման նպատակն է զբոսաշրջության կայուն և շարունակական զարգացման միջոցով նպաստել
  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
  • Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:

 IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

 

  1. Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Սփյուռքի հայկական համայնքները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, միջազգային դոնոր կազմակերպությունները:

 V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

  1. Ռազմավարության կատարողականի ցուցանիշներն են.

 

  • Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում, որոնց արդյունքում մինչև 2020 թվականը ակնկալվում է.
  • տարեկան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2.5 մլն, այդ թվում սփյուռքահայերի այցելությունների թիվը` առնվազն 1.2 մլն,
  • տարեկան ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 1.5 մլն,
  • ներգնա զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 2.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
  • ներքին զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 450 մլն  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելացնել առնվազն 50-ով` ապահովելով լրացուցիչ առնվազն 3000 ննջատեղ,
  • ապահովել լրացուցիչ 15000 աշխատատեղի ստեղծում,
  • կրոնական զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր երթուղիների մշակումը և հանրահռչակումը:

 

VI.ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`
  • Ամրապնդել, զարգացնել և համաշխարհային շուկայում խթանել Հայաստանի` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր նկարագիրը,
  • ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացմանը,
  • ձևավորել նոր, մրցունակ կրոնական զբոսաշրջային արդյունքներ,
  • որոշել հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
  • բարելավել և զարգացնել կրոնական զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները,
  • ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
  • ապահովել կրոնական երթուղիներում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը,
  • զարգացնել մարդկային ռեսուրսները,
  • բարելավել կրոնական զբոսաշրջային կենտրոնների և երթուղիների կառավարումը,
  • խթանել կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

 

  1. Ռազմավարությամբ նախատեսվում է կրոնական զբոսաշրջության գրավչության օբյեկտ հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հանրահռչակման և զբոսաշրջության զարգացման նպատակով միասնական նմուշի տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում և տեղադրում, ինչպես նաև գովազդատեղեկատվական նյութերի հրատարակում:

 

 VIII. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

  1. Ռազմավարության իրականացման ընթացքում մո­նի­թո­րինգի համակարգի ապահովման նպատակով բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն նախագծի  շահագրգիռ բոլոր կողմերը:

 IX. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Առաջիկա տարիներին զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվելու են կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումները: Միջոցառումների իրականացման համար պատասխանատու մամին է հանդիսանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն` համագործակցությամբ շահագրգիռ կողմերի հետ:
  2. Առաջարկվող միջոցառումները կիրականացվեն 2017-2020 թվականներին

 

         

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագրությունը

Ակնկալվող արդյունքը

ժամկետը

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

 

 

1.

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության ոլորտի վիճակագրական, տեղեկատվական համակարգի ձևավորում

Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի ձևավորում և վարում` գույքագրելով և դասակարգելով Հայաստանի ուխտագնացության և կրոնական զբոսաշրջային ռեսուրսները, համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Ամբողջական և առավել ճշգրիտ վիճակագրության վարում, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում այդպիսով նաև ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացում

2017-2020

թթ.

Պետական կարգավորում, համակարգում,

 շահագրգիռ կողմերի միջև համագործակցո

  • Քննարկվել է

    20.05.2017 - 10.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

20.05.2017 15:59

anmkrtchyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15823

Տպել