Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
29 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:06:30 | ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Խորհուրդը չի հանդիսանում վերոնշյալ միջազգային չափանիշներին համապատասխանող ազգային մեխանիզմ հետևյալ պատճառներով․ • Թեև և Խորհրդի, և վերջինիս կից Աշխատանքային խմբի, այսուհետ՝ Աշխատանքային խումբ, կազմերը բավականին ներկայացուցչական է, սակայն՝ բավականին միատարր, քանի որ չեն ներառում որևէ ներկայացուցիչ հասարակական կամ ակադեմիական սեկտորից։ Այսպես, Խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ Վարչապետը, 4 նախարարներ, 9 փոխնախարարներ, ոստիկանության պետի տեղակալը և կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետը և Խորհրդի կազմի մեջ` իրենց համաձայնությամբ, մտնում են նաև Ազգային ժողովի պատգամավորը, Վճռաբեկ դատարանի դատավորը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետը, իսկ Խորհրդին կից Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են կառավարության աշխատակազմի երկու աշխատակից, 13 նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներ, ինչպես նաև` իրենց համաձայնությամբ, մեկական աշխատակից Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմերից: Ինչպես տեսնում ենք, Խորհրդի կազմում չկան ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և հետազոտական ու ակադեմիական կառույցներից, մինչդեռ նրանց ներկայացվածությունն ապահովված է Վարչապետին կից մի շարք այլ խորհուրդներում, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և այլն։ Ավելին, վերջիններս չեն հանդիսանում նույնիսկ Խորհրդին կից Աշխատանքային խմբի անդամներ, այլ ուղղակի կարող են մասնակցել դրա նիստերին։ Բացի այդ, որևէ իրավական ակտով սահմանված չէ, թե ինչ չափանիշների հիման վրա են ընտրվում Աշխատանքային խմբի նիստերին հրավիրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ • Խորհուրդն արդյունավետ չի աշխատում և վերջինիս գործունեությունը չունի իրական ներազդեցություն ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Նախ և առաջ, Խորհրդի կանոնադրության 3-րդ գլխի 13-րդ կետը սահմանում է․՝ «Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ: Հետևաբար, սահմանված է տարեկան ընդամենը 3 անգամ նիստերի անցկացման նվազագույն շեմ: Ավելին, թե Խորհրդի, թե՝ Աշխատանքային խմբի բոլոր անդամներն ունեն իրենց շուրջօրյա պարտավորություններն ու առաջնահերթություններն իրենց աշխատավայրերում, որի արդյունքում նվազում է վերջիններիս կողմից նախաձեռնություններով հանդես գալու և ակտիվ աշխատանքային գրաֆիկ ունենալու հավանականությունը։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կազմավորումից ի վեր՝ տարիներ ընթացքում, թե Խորհուրդը, թե՝ աշխատանքային խումբը, գումարել են ընդամենը մի քանի նիստ։ • Թեև Խորհուրդն ունի իրեն կից Աշխատանքային խումբ, սակայն ոչ Խորհուրդը և ոչ էլ Աշխատանքային խումբը չունեն բավարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ և փորձագիտական ներուժ, քանի որ չունեն աշխատակազմ և գենդերային հարցերով փորձագետներ։ • Խորհուրդը չունի հանրային լայն ճանաչում։ Ավելին՝ վերջինս նույնիսկ չունի ինտերնետային պաշտոնական էջ, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «Խորհուրդներ» բաժնում բացակայում է Խորհրդի վերաբերյալ տեղեկատվությանը։ Խորհրդի կանոնադրության 2-րդ գլխի 5-րդ կետը սահմանում է․ «Խորհրդի խնդիրն է, սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի նիստի ինստիտուտների հետ, հետևել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների ապահովմանը: Սակայն, քաղաքացիական հասարակության ինստիտուտներից շատերը տեղյակ չեն լինում նիստերից: Բացի այդ, կարգավորված չէ մարզերից ներկայացվածության ապահովման հարցը: • Խորհուրդը չունի լիազորությունների լայն շրջանակ, Մասնավորապես՝ այն գործնականում չի հանդիսանում գենդերային քաղաքականությունների կենտրոնացված համակարգման միավոր և չի իրականացնում գենդերային քաղաքականությունների, թեմատիկ ծրագրերի և օրենսդրական ակտերի կապված ուղղորդում ու փորձաքննություն` նախքան դրանց ընդունումը և արդեն իսկ գործող քաղաքականությունների ազդեցության գնահատում, դրանց իրականացում և/կամ դրանց իրականացման նկատմամբ համակողմանի վերահսկողություն, այդ թվում՝ ապահովում, որ գենդերային խնդիրները քննարկվեն բոլոր պետական գերատեսչություններում։ • Խորհուրդը չի համակարգում Մարդու իրավունքների պաշտպանի կանանց իրավունքների հարցերով խորհրդականի, «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատուների, ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի և այլ շահագրգիռ կողմերի աշխատանքները։ • Նախատեսված չեն Խորհրդի հաշվետվողականության մեխանիզմներ։ Ելնելով վերոնշյալից վերլուծությունից՝ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է i. Դիտարկել Խորհրդի՝ որպես կանանց դրության բարելավման ազգային մեխանիզմի վերանայման նպատակահարմարության հարցը՝ ստեղծելով կամ ամբողջապես նոր մեխանիզմ, կամ՝ Խորհուրդը վերափոխելով իրապես և արդյունավետ գործող մեխանիզմի։ Ցանկացած պարագայում անհրաժեշտ է ստեղծել կանանց դրության բարելավման ազգային մեխանիզմ, որը կլինի մշտապես գործող կառույց, օրինակ` կառավարության աշխատակազմում Կանանց հարցերով քարտուղարություն։ ii. Սահմանել ազգային մեխանիզմում քաղաքացիական հասարակայության և ակադեմիական և հետազոտական սեկտորներից մասնակիցների ներգրավման մրցութային և հրապարակային կարգ` հատկապես կարևորություն տալով կանանց իրավունքների ոլորտում վերջիններիս փորձառությանը և ՀՀ տարբեր մարզերի ներկայացվածության ապահովմանը։ iii. Որպես ազգային մեխանիզմի լիազորություններ սահմանել գենդերային քաղաքականությունների, թեմատիկ ծրագրերի և օրենսդրական ակտերի կապված ուղղորդումը ու փորձաքննությունը` նախքան դրանց ընդունումը և արդեն իսկ գործող քաղաքականությունների ազդեցության գնահատում, դրանց իրականացում և/կամ դրանց իրականացման նկատմամբ համակողմանի վերահսկողություն, այդ թվում՝ ապահովում, որ գենդերային խնդիրները քննարկվեն բոլոր պետական գերատեսչություններում։ iv. Բարելավել ցանկացած իրավական ակտի ընդունումից առաջ վերջիններիս պարտադիր գենդերային փորձաքննության անցկացման համակարգը, նախատեսելով ոլորտային փորձագետների ակրեդիտացիոն համակարգ։ v. Սահմանել ազգային մեխանիզմի կողմից աշխատանքների կազմակերպման այնպիսի կարգ, որպեսզի բացառվի Խորհրդի և Աշխատանքային խմբի՝ նիստեր գրեթե չհրավիրելու՝ նախկինում տեղ գտած բացասական պրակտիկան։ vi. Ազգային մեխանիզմի արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի ապահովման նպատակով տրամադրել աշխատակազմ, մասնավորապես՝ դրա կազմում ընդգրկել կանանց իրավունքների ոլորտային փորձագետների։ vii. Իրականացնել թեմատիկ դասընթացներ՝ ազգային մեխանիզմի աշխատակազմի համար՝ կարողությունների զարգացման նպատակով։ viii. Ազգային մեխանիզմի արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի ապահովման նպատակով սահմանել բյուջետային միջոցներ՝ «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի առանձին տողով։ ix. Իրականացնել իրազեկման արշավ՝ ազգային մեխանիզմի հանրային ճանաչելիության ապահովման նպատակով։ x. Ստեղծել ազգային մեխանիզմի պաշտոնական էլեկտրոնային կայք, որտեղ տեղ կգտնեն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ բոլոր ներպետական և միջազգային օրենսդրական ակտերը, միջազգային կառույցների կողմից տրված հանձնարարականները, դրանց կատարմանն ուղղված ներպետական, ինչպես նաև ստվերային և այլ զեկույցներ և ոլորտային այլ փաստաթղթեր՝ ապահովելով նշյալ բոլոր փաստաթղթերի հայերեն թարգմանությունը։ xi. Ապահովել ազգային մեխանիզմի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի կանանց իրավունքների հարցերով խորհրդականի, «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատուների, ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի և այլ շահագրգիռ կողմերի աշխատանքների համակարգումը։ xii. Ապահովել ազգային մեխանիզմի հաշվետվողականությունը, ի թիվս այլնի, նախատեսելով գենդերային ուղղորդմանն ուղղված իր կողմից իրականացված քայլերի վերաբերյալ` Կանոնավոր կերպով զեկուցումների ներկայացում օրենսդիր մարմիններին։ | ՀՀ վարչապետին կից գործող խորհրդի վերաբերյալ պետք է հայտնենք, որ առաջիկայում նախատեսվում է խորհրդի կազմի, գործունեության և լիազորությունների ընդլայնման վերաբերյալ բաց քննարկում, որին ցանկալի է նաև Ձեր մասնակցությունը: | |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:08:58 | Ռազմավարությամբ անդրադառնալ նաև կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծմանը։ Մասնավորապես, նախատեսել օրենսդրական փաթեթի ընդունում, որը կընդլայնի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների և լիազորությունները շրջանակը՝ ներառելով սեռային հատկանիշով պայմանավորված՝ աշխատանքի ընդունման և աշխատանքային այլ խտրականությունների և սեռական հետապնդումների դեպքերի ուսումնասիրում և միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության նպատակով։ | Ձեր կողմից ներկայացված առաջարկները կոնկրետ գործունեություններ են, որոնք հաշվի կառնվեն հետագայում միջոցառումների իրականացման ժամանակ և անպայմանորեն կներառվեն ռազմավարության միջոցառումների իրականացման գործընթացներում: | |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:15:28 | Ռազմավարության Միջոցառումների ծրագրի առաջին շրջանառված տարբերակի 6-րդ Գերակայության 5-րդ Միջոցառմամբ նախատեսված էր «Սեռի հատկանիշով պայմանավորված բռնության դեմ պայքարի թեմաներով (այդ թվում՝ աշխատավայրում բռնության) տեղեկատվական նյութերի պատարստում և տարածում» և որպես Ակնկալվող արդյունք նախանշված էր «Հասարակությունում սեռի հատկանիշով պայմանավորված բռնության (այդ թվում՝ աշխատավայրում բռնության) երևույթի կանխարգելում, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորում»։ Թեև տրված լուծումը ամենևին էլ բավարար չէր աշխատավայրում բռնության, այդ թվում՝ սեռական հետապնդումների (sexual harrasment) պայքարի համար, սակայն Ռազմավարության Միջոցառումների Ծրագրի սույն տարբերակով նշյալ հարցին առհասարակ անդրադարձ չկատարելը մեր կողմից գնահատվում է որպես մեկ քայլով հետընթաց։ Սեռական հետապնդումները որպես կանոն տեղի են ունենում աշխատավայրում, սակայն կարող են տեղի ունենալ նաև այլ վայրերում: Այսինքն, աշխատանքային իրավահարաբերություններում գտնվելը չի հանդիսանում սեռական հետապնդումների պարտադիր տարր, ուստի անհրաժեշտ է օրենսդրությամբ անդրադարձ կատարել նաև աշխատանքային իրավահարաբերություններից դուրս տեղի ունեցող սեռական հետապնդումներին։ Մի շարք երկրներում սեռական հետապնդումները կարգավորվում են աշխատանքային կամ քաղաքացիական օրենսդրությամբ: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն այլ հանցագործությունների, վերջիններս կարող են կարգավորվել ոչ միայն քրեական օրենսդրությամբ, և պետություններն ազատ են որոշելու պատասխանատվության տեսակը: Հատկանշական է, որ սեռական հետապնդումը բացկաղած է այնպիսի տարրերից, որոնք, առանձին վերցրած, չեն հանգեցնում պատասխանատվության, և պատասխանատվություն են նախատեսում միայն այն դեպքում, եթե կրում են պարբերական բնույթ։ Թեև ՀՀ-ում պաշտոնական տեղեկատվության համաձայն չեն ստացվում աշխատավայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ դիմում բողոքներ, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ նման դեպքերը մեր իրողության մեջ իսպառ բացակայում են, այլ՝ պայմանավորված է մտածելակերպի առանձնահատկություններով, քանի որ կանայք ավելի նպատակահարմար են գտնում լռել, հատկապես՝ գործող թերի իրավակարգավորումների և պաշտպանության մեխանիզմների պատճառով: Օրինակ, The Daily Telegraph ամսագիրը իրականացրել է վիճակագրություն Ռուսաստանում, որում պարզվել է, որ Ռուսաստանում աշխատող կանանց 100 տոկոսը ենթարկվել է սեռական հետամտումների իրենց ղեկավարների կողմից, 32 տոկոսը նշել է, որ ունեցել են սեռական հարաբերություններ նրանց հետ նվազագույնը մեկ անգամ, և 7 տոկոսը բողոքել է, որ ենթարկվել են բռնաբարության: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ Կոմիտեի Եզրափակիչ դիտարկումներում ևս նշված է «Ընդունել աշխատավայրում սեռական հետապնդումը սահմանող և արգելող օրենք և հաջորդ պարբերական զեկույցում ընդգրկել տեղեկություններ գրանցված սեռական ոտնձգության դեպքերի, քրեական հետապնդումների, հանցագործների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների և դատավճիռների մասին» : Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա, 40-րդ հոդվածը արգելում է սեռական հետապնդումները: Կոնվենցիան սահմանում է սեռական հետապնդումները՝ որպես սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը: Վերջինիս 45-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի սույն Կոնվենցիայի համապատասխան նախատեսվող հանցագործությունները պատժվեն արդյունավետ, համաչափ և զսպող սանկցիաներով, հաշվի առնելով դրանց ծանրությունը: «Աշխատանքի և զբաղվածության հետ կապված հարցերում հավասար հնարավորությունների և տղամարդկանց ու կանանց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը կիրարկելու մասին» ԵՄ հրահանգի համաձայն` «պետությունները պետք է (…) խրախուսեն գործատուներին և մասնագիտական վերապատրաստման մատչելիության համար պատասխանատու անձանց՝ ձեռնարկել արդյունավետ միջոցներ սեռի հիմքով խտրականության բոլոր ձևերը, մասնավորապես՝ աշխատավայրում ոտնձգությունը և սեռական ոտնձգությունն ու աշխատանքի, մասնագիտական վերապատրաստման և առաջխաղացման հարցերում խտրականության բոլոր ձևերը կանխելու նպատակով»։ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում են սեռական հետապնդումները, և աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից հետապնդողը կարող է լինել զոհի ղեկավարը, այլ ոլորտում ղեկավար, գործընկերը կամ այլ անձ, ով աշխատողի գործատուն չէ, օրինակ` հաճախորդը: Ֆրանսիայի օրենսդրությունը նույնպես արգելում է սեռական հետապնդումները աշխատավայրում ։ Հունաստանի օրենսդրության համաձայն սեռական հետապնդումները աշխատավայրում սեռով պայմանավորված սեռական խտրականության տեսակ է, իսկ սեռական հետապնդման ենթարկված անձինք փոխհատուցման իրավունք ունեն: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ քրեական օրենսգիրքը սեռական հետապնդումների վերաբերյալ դրույթներ չի պարունակում: Վերջինիս 140-րդ հոդվածը նախատեսում է․ «1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով (…) պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»: Նշյալ կարգավորումը պատասխանատվություն է նախատեսում միայն սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների համար, իսկ սեռական այնպիսի հետապնդումների հանդեպ, ինչպիսիք են օրինակ` աշխատավայրում անպարկեշտ առաջարկներ անելը, տվյալ հոդվածի իրավաբանական ուժը չի տարածվի։ Բացի այդ, այս հոդվածը կարող է մեկնաբանվել նեղ, օրինակ` նախատեսել պատասխանատվություն միայն անմիջական ղեկավարի կողմից սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների համար, իսկ նույն աշխատավայրում ոչ անմիջական ղեկավարության ներքո և/կամ հորիզոնական հարաբերություններում գտնվող աշխատակիցները կամ, նույնիսկ, հաճախորդները, սեռական հետապնդումներ կատարելիս, չեն հանդիսանա տվյալ հանցակազմի սուբյեկտ: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը նկարագրում է գենդերային խտրականությունը՝ անդրադարձ կատարելով նաև սեռական հետապնդումներին՝ օգտագործելով սեռական ոտնձգություն եզրույթը (հոդված 2 (21) և հոդված 6): Սակայն, 2 հոդվածներն էլ ունեն դեկլարատիվ բնույթ, քանի որ որևէ սանկցիա նախատեսված չէ: Թեև օրենքը նախատեսում է, որ խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց պաշտպանության հնարավորություն, սակայն վերջինիս իրացման մեխանիզմները և գործընթացները դեռևս կյանքի չեն կոչվել: Բացի այդ, օրենքը չի նախատեսում սեռական հետապնդումների զոհերին փոխհատուցում ստանալու հնարավորություն։ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքով բռնության վերաբերյալ նախատեսված է միայն 1 կարգավորում «Աշխատանքային օրենսդրության սկզբունքները» վերտառությամբ 3-րդ հոդվածի ներքո, որի 1-ին մասի համաձայն․ «Աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են` ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը»: Թեև շրջանառվել էր «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջարկում էր նշյալ նորմը լրացնել և սահմանել, թե ինչ է բռնությունը` «այն է՝ նրանց ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիք», սակայն, նախ սեռական անձեռնմխելիության դեմ բռնության կատարումը ամրագրված էր որպես դեկլարատիվ բնույթ կրող սկզբունք՝ չնախատեսելով պատասխանատվություն խախտման դեպքում, բացի այդ այդ նախագիծը կյանքի չկոչվեց: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ i. Անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանել նորմեր, որոնք աշխատավայրում կբացառեն սեռական հետապնդումները։ ii. Անհրաժեշտ է նախատեսել համաչափ սանկցիաներ սեռական հետապնդումների համար։ iii. Անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ սահմանել, որոնք սեռական հետապնդումների զոհերին հնարավորություն կընձեռեն գաղտնի կարգով ազդարարել նմանատիպ միջադեպերը: iv. Անհրաժեշտ է դրույթներ նախատեսել առ այն, թե նմանատիպ իրավիճակներում ով է կրում ապացուցման բեռի պարտականությունը՝ հաշվի առնելով առանձնահատկությունները։ | Առաջիկայում նախատեսվում է բռնության դեմ պայքարի նոր ռազմավարության նախագծի կազմում և շրջանառում, որի շրջանակում կներառվեն բարձրացված խնդիրները: | |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:19:25 | Ռազմավարության Միջոցառումների ծրագրի առաջին շրջանառված տարբերակի Միջոցառումների ծրագրի 1-ին Գերակայության 6-րդ Միջոցառմամբ նախատեսված էր «Սեռի հատկանիշով պայմանավորված բռնության ենթարկված կանանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնության ծառայությունների համակարգի ներդրում» միջոցառումը։ Անհասկանալի է, թե ինչու է տվյալ միջոցառումը դուրս մնացել փաստաթղթի սույն տարբերակից։ Առաջարկում ենք նախատեսել սույն միջոցառումը՝ միաժամանակ այն ավելի հստակեցնելով․անվճար իրավաբանական օգնության ծառայությունների տրամադրումը նախատեսել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից՝ կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ | Ձեր կողմից ներկայացված առաջարկները կոնկրետ գործունեություններ են, որոնք հաշվի կառնվեն հետագայում միջոցառումների իրականացման ժամանակ և անպայմանորեն կներառվեն ռազմավարության միջոցառումների իրականացման գործընթացներում: | |
5 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:24:11 | Միջոցառումների ծրագրի 5-րդ Գերակայության 11-րդ Միջոցառմամբ նախատեսված է «ՀՀ-ի սոցիալական, տնտեսական, պետական, քաղաքական գենդերային իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում ըստ վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիր», որի «Արդյունքային ցուցանիշներ»-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն առավելապես վերաբերվում է պետական համակարգում կանանց և տղամարդկանց մասնակցությանը։ Մինչդեռ, Նախագծի որևէ միջոցառում չի անդրադառնում կանանց աշխատանքային իրավունքների խախտման հարցերով վիճակագրությանը։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Ռազմավարությամբ անդրադառնալ նաև կանանց աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ վիճակագրության հարցին։ Այդ նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների թվին դասել նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը աշխատողների պաշտպանված և վերականգնված իրավունքների վերաբերյալ, ներառյալ՝ սեռային հատկանիշով պայմանավորված, ինչպես նաև դատական պրակտիկայի ամփոփումը՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ։ | Ձեր կողմից ներկայացված առաջարկները կոնկրետ գործունեություններ են, որոնք հաշվի կառնվեն հետագայում միջոցառումների իրականացման ժամանակ և անպայմանորեն կներառվեն ռազմավարության միջոցառումների իրականացման գործընթացներում: | |
6 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:27:54 | Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 6-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացում», իսկ որպես «Արդյունքային ցուցանիշ»-ներից մեկը՝ «.Աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմանը, ընտանիքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, իրավական ակտերի առկայություն, օրենսդրական փոփոխությունների իրականացում»: Տվյալ միջոցառման համատեքստում ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ գործատուի և հղի կանանց հարաբերությունների վերաբերյալ իրավակարգավորումներից։ Այսպես, արգելվում է գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Մասնագիտական խտրազատման և աշխատանքի տեղավորվելիս դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացումը» : Եվրոպական Միության «Հղի աշխատողների և վերջերս ծննդաբերած կամ կրծքով կերակրող աշխատողների անվտանգության և առողջության բարելավմանն ուղղված միջոցների ներդրման մասին» հրահանգի համաձայն` «պետություններն ընդունում են անհրաժեշտ միջոցներ՝ արգելելու աշխատողներին աշխատանքից ազատելը՝ վերջիններիս հղիության սկզբից մինչև հղիության և հետծննդյան արձակուրդի ավարտն ընկած ժամանակահատվածում: Եվրոպական Միության Արդարադատության դատարանը «Ջիմինեզ Մելգարն ընդդեմ Այունտամիենտո դը Լոս Բարրիոս» գործով փաստել է․ «եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելուց հրաժարվելը պայմանավորված է աշխատողի հղիության փաստով, այն իրենից ներկայացնում է սեռի հիմքով պայմանավորված խտրականություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2.1) մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Այսինքն, նշյալ արգելքը նախատեսված է միայն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի համար, քանի որ խոսքն այստեղ գնում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը խզելուն վերաբերող դրույթներին, որը չի տարածվում որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի վրա։ Թեև ԵՄ Խորհրդի հրահանգները և ԵՄ Արդարադատության դատարանի վճիռները ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ չունեն, այնուամենայնիվ վերջիններս դիտվում են որպես առաջադեմ պրակտիկա: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև հղի կանանց հավելյալ աշխատանքային երաշխիքների սահմանմանը՝ արգելելով գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։ | Ձեր կողմից ներկայացված առաջարկները կոնկրետ գործունեություններ են, որոնք հաշվի կառնվեն հետագայում միջոցառումների իրականացման ժամանակ և անպայմանորեն կներառվեն ռազմավարության միջոցառումների իրականացման գործընթացներում: | |
7 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:32:35 | Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 9-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի իրականացում», իսկ որպես «Ակնկալվող արդյունք»՝ «Կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում»։ Տվյալ միջոցառման համատեքստում ևս ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնու համար հավելյալ երաշխիքների սահմանումից։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Կանանց և տղամարդկանց աշխատանքային և ընտանեկան պարտականությունների հավասարակշռված բաշխման օժանդակությունը»։ Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված են արտոնյալ դրույթներ, համաձայն որոնց, տղամարդկանց համար նախատեսվում է լրացուցիչ աշխատավարձի վճարում` երեխաների խնամատարության հարցը հանձն առնելու համար: Այդպիսով, կանայք հնարավորություն են ունենում առանց խոչընդոտների կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև նոր ծնված երեխայի խնամքն ամուսնու կողմից իրականացնելու դեպքում հավելյալ երաշխիքների սահմանմանը, այդ թվում՝ ամուսնում համար վճարովի արձակուրդի նախատեսմանը: | Ձեր կողմից ներկայացված առաջարկները կոնկրետ գործունեություններ են, որոնք հաշվի կառնվեն հետագայում միջոցառումների իրականացման ժամանակ և անպայմանորեն կներառվեն ռազմավարության միջոցառումների իրականացման գործընթացներում: | |
8 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 19:01:41 | Ռազմավարության Միջոցառումների ծրագրի 4-րդ Գերակայության 8-րդ Միջոցառմամբ սահմանված է «Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում»՝ Երևան քաղաքում փորձնական ծրագրերի իրականացմամբ։ Սույն առաջարկը բխում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն` «Կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար»։ Գործնականում այս նորմը չէր իրացվում, քանի որ բացակայում էին դրա համար նախատեսված պայմանները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է, ընդհուպ այն ներառված է եղել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում, որն, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այդ առիթով Իրավաբանների հայկական ասոցիացիան ողջունում է սույն միջոցառման նախատեսումը և առաջարկում է նախատեսել չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե քանի բարձրագույն կրթական և քանի պետական հաստատություններում է նախատեսվում հիմնել նման կերակրասենյակներ։ | <<Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում>> միջոցառման իրականացման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․ միջոցառումը պիլոտային ծրագրով է նախատեսվում իրականացնել, արդյունքային ցուցանիշները կհստակեցվեն ընթացքում։ |