Իրավաբանների հայկական ասոցիացիա
06.06.2019
Ռազմավարության Միջոցառումների ծրագրի 4-րդ Գերակայության 8-րդ Միջոցառմամբ սահմանված է «Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում»՝ Երևան քաղաքում փորձնական ծրագրերի իրականացմամբ։ Սույն առաջարկը բխում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն` «Կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար»։ Գործնականում այս նորմը չէր իրացվում, քանի որ բացակայում էին դրա համար նախատեսված պայմանները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է, ընդհուպ այն ներառված է եղել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում, որն, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այդ առիթով Իրավաբանների հայկական ասոցիացիան ողջունում է սույն միջոցառման նախատեսումը և առաջարկում է նախատեսել չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե քանի բարձրագույն կրթական և քանի պետական հաստատություններում է նախատեսվում հիմնել նման կերակրասենյակներ։