Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին: Նախագծով նախատեսվում է նաև կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ մասնագիտական փորձառությանը վերաբերող փոփոխություն՝ ազատականացնելով գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը:
Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ):
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում: