««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:»։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Եվրոպական բանտային կանոնների մասին» անդամ պետություններին ուղղված թիվ (2006)2 հանձնարարականում նշել է հետևյալը․
«(…)
Իրավախորհրդատվություն
23.1. Բոլոր բանտարկյալներն իրավասու են իրավախորհրդատվություն ստանալ, և քրեակատարողական մարմինները պետք է նրանց համար իրավախորհրդատվություն ստանալու ողջամիտ պայմաններ ստեղծեն։
23.2. Բանտարկյալներն իրավասու են ցանկացած իրավական խնդրի շուրջ իրենց հաշվին խորհրդակցել իրենց ընտրած իրավախորհրդատուի հետ։
23.3. Այնտեղ, որտեղ նախատեսված է անվճար իրավական օգնության համակարգ, բանտի ղեկավարությունը պետք է բոլոր բանտարկյալների ուշադրությունը հրավիրի այդ համակարգի գոյությանը։
23.4. Բանտարկյալների և նրանց իրավախորհրդատուների միջև խորհրդատվությունը և ցանկացած այլ հաղորդակցություն իրավական խնդիրների վերաբերյալ, այդ թվում` նամակագրությունը, պետք է լինի գաղտնի։
23.5. Դատական մարմինը կարող է բացառիկ հանգամանքներում նախատեսել այդ գաղտնիության սահմանափակումներ՝ կանխելու ծանր հանցագործությունը կամ բանտի ապահովության և անվտանգության լուրջ խախտումները։
23.6. Բանտարկյալների համար հասանելի պետք է լինի, կամ նրանց պետք է թույլատրված լինի իրենց մոտ պահել իրենց գործի իրավական վարույթի հետ առնչվող փաստաթղթերը։
(…)»։[1]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի Կանոն 36-ի 4 (ա) կետի համաձայն՝
«[Ս]ույն Կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն դիմումատուի անունից հանդես եկող ներկայացուցիչը պետք է լինի Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող փաստաբան, ով բնակվում է այդ երկրներից մեկի տարածքում, կամ Պալատի նախագահի կողմից հաստատված որևէ այլ անձ:»[2]։
Անդրադառնալով վերը շարադրված կարգավորումներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) բազմիցս արձանագրել և Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի փետրվարի 22-ի վճռով վերահաստատել է, որ համաձայն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ անգործությունից, որը կարող է խոչընդոտել անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացմանը, և դա հետևողական կերպով վերահաստատվել է որպես Կոնվենցիոն համակարգի հիմնաքար։ Թեև Կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմնական նպատակն անձին պետական մարմինների կամայական միջամտությունից պաշտպանելն է, այնուամենայնիվ, այն պարզապես չի պարտադրում Պետություններին ձեռնպահ մնալ նման միջամտությունից: Բացի զերծ մնալու սույն հիմնական պարտավորությունից՝ գոյություն ունեն Կոնվենցիայի 34-րդ հոդվածին բնորոշ դրական պարտավորություններ, որոնցով պետական մարմիններից պահանջվում է տրամադրել անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ գանգատների պատշաճ և արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար: Նման պարտավորությունն առաջանում է այն իրավիճակներում, երբ դիմումատուները հատկապես խոցելի են։ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով հարուցված անհատական դիմումի համակարգի արդյունավետ գործունեության համար չափազանց կարևոր է, որ դիմումատուները կամ հավանական դիմումատուները կարողանան անկաշկանդ շփվել Դատարանի հետ՝ իրավասու պետական մարմինների կողմից իրենց բողոքները հետ վերցնելու կամ փոփոխելու մասով որևէ ճնշման չենթարկվելով։ Այս համատեքստում «որևէ ճնշում» ասվածը ներառում է ոչ միայն ուղղակի հարկադրանքը և ահաբեկման ակնհայտ գործողությունները, այլ նաև ոչ պատշաճ անուղղակի գործողությունները կամ հաղորդակցությունը, որոնք նախատեսված են դիմումատուին Կոնվենցիայի համաձայն ներկայացված իրենց բողոքին հետամուտ լինելուց տարհամոզելու կամ հետ պահելու համար կամ դիմումատուների և նրանց ներկայացուցիչների՝ անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացման վրա «զսպող ազդեցություն» ունենալու համար։ Ընդ որում, Դատարանը պետք է գնահատի բողոքաբերի խոցելիությունը և իրավասու պետական մարմինների կողմից նրա վրա ներգործելու ռիսկը։ Դիմումատուի վիճակը կարող է հատկապես խոցելի լինել, երբ նա գտնվում է կալանքի տակ՝ իր ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապով։[3]
Վերը շարադրվածի համատեքստում անհարկի ձևականություններն այնպիսի հարցերում, որոնք կարող են փաստացի (de facto) խոչընդոտել հնարավոր դիմումատուին արդյունավետորեն օգտվելու անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքից, անընդունելի են ճանաչվել ՄԻԵԴ-ի կողմից, եթե դիմումատուի՝ այդ դատարանում իր ներկայացուցչի հետ շփումը սահմանափակվել է այն հիմքով, որ ներկայացուցիչը պրոֆեսիոնալ փաստաբան չէ: Այսպես, Զախարկինն ընդդեմ Ռուսաստանի գործով 2010 թվականի հունիսի 10-ի վճռով արձանագրել է․
«[Դ]ատարանը նշում է, որ դիմողի ներկայացուցիչը Եվրոպական դատարանում՝ Ա. Դեմենևան, եղել է իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության իրավաբան։ Նա չի ունեցել փաստաբանի կարգավիճակ և չի եղել փաստաբանական կոլեգիայի անդամ։ Սակայն, հաշվի առնելով Դատարանի կանոնակարգի 36-րդ կանոնի § 4 (a) կետը, թույլատրվում է, որ դիմողի շահերը ներկայացնի նաև ոչ փաստաբան անձը, և Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են երաշխավորել, որ այն ներկայացուցիչները, որոնք փաստաբան չեն, կարող են ունենալ իրավունք՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող անձանց, ովքեր դիմել են կամ պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան, նույն պայմաններով, ինչ փաստաբանները։
Ռուսաստանի օրենսդրությունը չի նախատեսում որևէ հատուկ կանոն կալանքի տակ գտնվող անձանց այցելությունների համար նրանց ներկայացուցիչների կողմից Եվրոպական դատարանում։ Համապատասխանաբար, կալանքի տակ գտնվող անձանց այցելության հիմնական կանոնները, որոնք նախատեսված են քրեական գործերով պաշտպանների համար, պետք է կիրառվեն նաև այն անձանց նկատմամբ, որոնք ներկայացնում են դիմողներին Եվրոպական դատարանում։
Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք չունեն փաստաբանի կարգավիճակ, ապա «Կալանքի տակ պահելու մասին» ակտի 18-րդ կետը նախատեսում է, որ նման անձինք կարող են այցելել կալանքի տակ գտնվողներին միայն այն դեպքում, եթե առկա է դատարանի որոշում, որով նրանք ներգրավված են որպես պաշտպան քրեական գործով, իսկ նման ներգրավումը հանդիսանում է տվյալ գործը քննող դատարանի հայեցողական լիազորությունը։ Սահմանված կանոնից որևէ բացառություն նախատեսված չէ։
Հետևաբար, փաստաբանի կարգավիճակ չունեցող անձինք, որոնք հանդիսանում են ներկայացուցիչներ Եվրոպական դատարանում, բախվում են դժվարությունների՝ իրենց վստահորդներին այցելելու թույլտվություն ստանալու հարցում։»[4]:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պատասխանող Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները։
Նույնաբովանդակ հիմնավորումներով ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել նաև Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի փետրվարի 22-ի վճռով՝ արձանագրելով․ «[Ի]նչ վերաբերում է նրան, որ Կառավարությունը պնդել է, որ տկն Մոսկալենկոյի՝ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքը մերժվել է նաև այն պատճառով, որ նա չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ ինքը Հայաստանում գործող իրավաբան է (տե՛ս վերևում 189-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ համաձայն Դատարանի կանոնակարգի 36-րդ կանոնի 4-րդ կետի «ա» ենթակետի՝ դիմումատուին կարող է ներկայացնել Պայմանավորվող կողմերից որևէ մեկում գործունեություն ծավալելու համար լիազորված փաստաբանը, որը բնակվում է նրանցից մեկի տարածքում։»[5]։
Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով Հայաստանի ներպետական օրենսդրությանը՝ պետք է արձանագրել է, որ ձերբակալված և կալանավորված անձանց համար նախատեսվել է խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) տեսակցելու իրավունք պաշտպանի, ինչպես նաև քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:
Այսպես, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, բացառությամբ իր մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի։
Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի նշած միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի՝ դրա կապակցությամբ կայացրած որոշման բողոքարկումն իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։»։
Վերը մեջբերված իրավական նորմերից բխում է, որ կալանավորված անձինք ըստ էության զրկված են միջազգային դատարաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց ներկայացուցչի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունքից այն դեպքերում, երբ այդ ներկայացուցիչը չի հանդիսանում նրանց պաշտպանը քրեական վարույթի շրջանակներում կամ լիցենզավորված չէ Հայաստանում (չի հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ)։
Նման պայմաններում գործող օրենսդրական կարգավորումները չեն երաշխավորում, կալանքի տակ գտնվող անձը կարող է անարգել և կոնֆիդենցիալ կարգով տեսակցել միջազգային դատարանում իր ներկայացուցչի հետ։
Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև նպատակ ունենալով կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածից բխող պոզիտիվ պարտականությունները՝ առաջարկվում է փոփոխել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և նախատեսել, որ կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել, առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման տեսակցություններ միջազգային դատարանում նրա՝ փաստաբան կամ փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի հետ:
Բացի այդ, առկա կարգավորումները թույլ չեն տալիս պատշաճ կերպով ապահովել կալանավորված անձանց՝ նրանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ ունենալու իրավունքը, քանի որ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցությունները պայմանավորում է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:
Ելնելով նշվածից՝ առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից վերացնել «քրեական վարույթի հետ չկապված» բառերը՝ այդ կերպ սահմանելով, որ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ կարող են թույլատրվել նաև այն դեպքերում, երբ առկա է կալանավորված անձին քրեական վարույթի հետ կապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտություն, որպիսի պայմաններում կապահովվի կալանավորված անձանց՝ նրանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ ունենալու իրավունքը։
2․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն կարգավորումներ, որոնք կալանավորված անձանց թույլ կտան խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել, առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման տեսակցություններ ունենալ միջազգային դատարանում նրանց՝ փաստաբան կամ փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի հետ: Բացի այդ, կապահովվի կալանավորված անձանց՝ նրանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ ունենալու իրավունքը։
3. Նախագծերի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
4․ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից։
[1] Հասանելի է https://rm.coe.int/16806f5b92 հղումով։
[2] Հասանելի է https://www.echr.coe.int/documents/d/echr/Rules_Court_HYE հղումով։
[3] Տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 2022 թվականի փետրվարի 22-ի վճիռը, կետեր 191-194։
Հասանելի է https://www.arlis.am/hy/acts/163291 հղումով։
[4] Տե՛ս Զախարկինն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 2010 թվականի հունիսի 10-ի վճիռը, կետ 157:
Հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-99226%22]} հղումով։
[5] Տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 2022 թվականի փետրվարի 22-ի վճիռը, կետ 205։
Հասանելի է https://www.arlis.am/hy/acts/163291 հղումով։
-
Տևողություն
24.03.2026 08.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 237
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: