Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենսգիրք), ի թիվս այլնի, սահմանում է առաջին ատյանի դատարանի դատավորի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի ընտրության և Հանրապետության կողմից նշանակմանն առաջադրելու հետ կապված հարաբերությունները: Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից թեկնածուի թեկնածությունը Հանրապետության նախագահին առաջարկելու մասին դրույթ, իսկ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունում՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ: Արդյունքում, մի կողմից՝ կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռևս չհամալրված՝ համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից՝ կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:

Բացի այդ, Օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս համապատասխան առաջարկություն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ևս ենթադրում է որոշում ընդունելու անհրաժեշտություն: Նման պահանջը, սակայն, անհարկի բարդացնում է վերոնշյալ գործընթացը և ազդում է Բարձրագույն դատական խորհրդի ծանրաբեռնվածության վրա:

Հարկ է նշել նաև, որ Օրենսգիրքը վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրվելու համար թեկնածուի ներկայացված դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը սահմանելիս հղում է կատարում 98-րդ հոդվածին, ըստ այդմ՝ դիմումին կից պետք է ներկայացված լինի նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնինչ «Պետական տուրքի մասին» օրենքը չի նախատեսում նշված դիմումների ստուգման համար վճարման ենթակա պետական տուրքի չափը:

Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին:

    2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

          1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.

          2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.

          3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:

          

         3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

         4. Ակնկալվող արդյունքը

           Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դատավորների ընտրության և նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

  • Քննարկվել է

    03.07.2018 - 18.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8461

Տպել

Առաջարկներ`

Արշակ Գևորգյան

12.07.2018

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի տարատեսակ մեկնաբանություններից, թյուրըմբռնումներից, երկիմաստություններից խուսափելու համար /քանզի պարզ չէ, թե ինչ է իրենից ենթադրում ՛՛քննարկում՛՛ եզրույթը և ինչ հետևանքներ կարող են առաջանալ ՛՛քննարկման՛՛ արդյունքում/՝ առաջարկում եմ այն շարադրել հետևյալ կերպ. «2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը քվեարկված, սակայն բավարար թվով ձայներ չստացած դատավորի թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու հարցի վերաբերյալ սույն օրենքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անց է կացնում կրկնակի քվեարկություն:»

Ռուզաննա Ազրոյան

03.07.2018

Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը…: Առաջարկում եմ վերը նշված հոդվածում լրացնել նաև ժամկետ, թե քանի օրվա ընթացքում է Բարձրագույն դատական խորհուրդը պարտավորվում երկրի նախագահին ներկայացնել համաձայնություն տված թեկնածուի թեկնածությունը: Նման ժամկետի բացակայությունը գործնականում կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես նաև արդեն առաջացրել է: Ստացվում է, որ թեկնածուն տալիս է իր համաձայնությունը և կարող է ամիսներ շարունակ, ըստ ԲԴԽ-ի հայեցողության, սպասել նախագահին իր թեկնածության ներկայացմանը, որը կարծում եմ, որոշակիության և այլ հիմնարար սկզբունքների խախտում է: Օրենսգիրքը անգամ ժամկետ է նախատեսում երկրի նախագահի համար, այն է՝ առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ /117-րդ հոդվածի 2-րդ մաս/: Ստացվում է, երկրի նախագահի համար գործողություն կատարելու համար սահմանված է ժամկետ, իսկ ԲԴԽ-ի համար՝ ոչ:

Տեսնել ավելին