Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը,

Մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվում է՝

  1. օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների երաշխիք, սահմանվել է, որ իրավունքների իրականացման կարգը սահմանվելու է ՀՀ առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով,
  2. սահմանել հոգեբուժական կազմակերպության պարտականությունները,
  3. սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,
  4. նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում,
  5. սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,
  6. նախատեսել հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,
  7. սահմանել բժշկական օգնության և սպասարկման կառուցվածքը,
  8. գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
  • Քննարկվել է

    27.06.2018 - 13.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 27711

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

13.07.2018

Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների/անգործության բողոքարկման վերաբերյալ 1. Օրենքի նախագծի 23-րդ հոդվածով սահմանված է, որ Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունները (ներառյալ անգործությունը) կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: 2. 2010 թ. սեպտեմբերի 7-ի «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշման մեջ անդրադարձել է այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքին: Դատարանը իր որոշման մեջ մասնավորպես նշել է, որ քաղաքացիական հասարակությունում հասարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ: 3. Սահմանադրական դատարանը վկայակոչել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 15-ի` «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» (2004)20 հանձնարարականի այն դրույթը, որ անդամ պետությունները խրախուսում են քննության առնել այն հարցը, թե արդյոք դատական վերահսկողության մատչելիությունը պետք է երաշխավորվի նաև միավորումների կամ այլ անձանց կամ մարմինների համար, որոնք իրավասու են պաշտպանել կոլեկտիվ կամ համայնքային շահեր: 4. Նույն հանձնարարականի Բացատրական հուշագրում այս դրույթին կատարված անդրադարձով նշվում է, որ հանձնարարականը քաջալերում է հասարակական կամ համայնքային շահերի պաշտպանության իրավունքով օժտված հասարակական կազմակերպություններին, միավորումներին, այլ անձանց կամ մարմիններին հնարավորություն տալ պաշտպանել այս իրավունքները և դրանց պաշտպանության նպատակով դիմել դատարան: Այստեղ խոսք է գնում այն վարչական ակտերի մասին, որոնք անդրադառնում են ոչ թե անհատի, այլ անձանց խմբերի շահերին: Ընդ որում «վարչական ակտ» հասկացության տակ ենթադրվում է` 1. անհատական և նորմատիվ իրավական ակտերը, որոնք ընդունվել են վարչական մարմնի կողմից և որոնք կարող են ազդել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների վրա, 2. գործողության մերժման կամ անգործության դեպքերը, երբ վարչական մարմնի ներկայացուցիչը պարտավոր է դիմումի հիման վրա վարույթ հարուցել: 5. Որպես օտարերկրյա փորձ անհրաժեշտ է վկայակոչել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավակարգավորումները: Մասնավորապես տվյալ երկրում ի թիվս այլ ոլորտների` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը իրավունք ունի ընդհանուր հասարակական կարևորություն ունեցող հարցերով (սովորաբար, եթե առկա են միանման մի քանի գործ) հայց ներկայացնել դատարան, այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձը նույնպես կարող է տվյալ հարցով դիմել դատարան: Խտրականության դրսևորման դեպքերի կապակցությամբ կազմակերպությունը նաև իրավունք ունի պահանջել հռչակագրային որոշում: Առաջարկում ենք. 6. Օրենքի նախագծի 23-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Առանց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի լիազորագրի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի կամ անձանց իրավունքների պաշտպանության հարցով դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել հասարակական կազմակերպությունները, եթե հայցի առարկան համապատասխանում է իրենց կանոնադրական նպատակներին, Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ-ի համար տվյալ իրավունքի սահմանումը թողնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հայեցողությանը):

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

13.07.2018

Անձնական տվյալների օգտագործման կարգը Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում են հոգեբուժական հաստատության կողմից անձնական տվյալների՝ փոխանցման կարգը: Անձի անձնական տվյալների պաշտպանությունը անձի հիմնարար իրավունքներից, նրա պաշտպանվածության կարևորագույն երաշխիքներից է: Անձնական տվյալները պաշտպանված են թե՛ ՀՀ Սահմանարդությամբ, թե՛ «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով, թե՛ միջազգային չափորոշիչներով: Թե՛ միջազգային չափորոշիչներով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են մի շարք կարևորագույն երաշխիքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել անձնական տվյալների մշակման, օգտագործման ընթացքում: Անձնական տվյալների, և մասնավորապապես բժշկական բնույթի տեղեկատվության օգտագործման ՄԻԵԴ կողմից արձանագրված կարևորագույն սկզբունքներն են օրինականության և համաչափության սկզբունքները, որի կարևորագույն բաղկացուցիչն է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պայմանը: Յուրաքանչյուր դեպքում անձնական տվյալները մշակող անձի կողմից երրորդ անձանց փոխանցվելը կարող է տեղի ունենալ օրենքով սահմանված դեպքում, երբ դա հետապնդում է իրավաչափ նպատակ, և տվյալ դեպքում դա բացարձակ անհրաժեշտ է իրավաչափ նպատակին հասնելու համար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Օրենքի նախագծով սահմանված չէ համաչափության սկզբունքը, որը ամրագրված է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով: Բժշկական գաղտնիքի վերաբերյալ իրավահարաբերություններում ևս պարտադիր կիրառման ենթակա են «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով սահմանված չափորոշիչները: Ուստի Օրենքի նախագծով ևս անհրաժեշտ է ամրագրել, որ հոգեբուժական հաստատությունների կողմից անձի վերաբերյալ բժշկական բնույթի տվյալների մշակումը, ներառյալ տրամադրումը այլ մարմիններին կարող է տեղի ունենալ միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ ծառայությունների տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկվածության և որակի հանդեպ հանրային վերահսկողության ապահովման նկատառումներից ելնելով, կարևոր է հավաքագրված տվյալների հիման վրա հաշվետվությունների և իրավիճակի վերաբերյալ վերլուծությունների պատրաստումը և հրապարակումը: Բժշկական գաղտնիքի փոխանցման դեպքերը Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է հոգեբուժական հաստատության կողմից անձնական տվյալների փոխանցման դեպքերի բաց ցանկ, ինչը մտահոգիչ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի նախագիծը ոլորտը կարգավորող հիմնարար իրավական ակտն է, հետևաբար նաև հոգեբուժական հաստատությունների լիազորությունները սահմանող և տվյալ ոլորտի իրավահարաբերություններում անձանց իրավունքները և դրանց սահմանափակումները սահմանող հիմնարար փաստաթուղթ: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի տվյալ Օրենքը հնարավորինս հստակ սահմանի այն դեպքերը, երբ հոգեբուժական հաստատությունները կունենան տեղեկատվություն տրամադրելու լիազորություն կամ պարտավորություն, ընդ որում սահմանելով բոլոր հնարավոր դեպքերը՝ փակ ցանկով: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է սահմանել վերասկողություն իրականացնող մարմիններին և կազմակերպություններին բժշկական գաղտնիք պարունակող տվյալների տրամադրման կարգը: Առաջարկում ենք. • Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր մաս, հետևյալ բովանդակությամբ. «Հավաքագրված տվյալների հիման վրա առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվում և հրապարակվում է տարեկան հաշվետվություն, որը պետք է ներառի ամփոփ տեղեկատվություն սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով իրականացված գործողությունների արդյունքների վերաբերյալ: Հաշվետվությունները չեն կարող հրապարակել անձնական տվյալներ:» • Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության «փոխանցվել միայն» բառերից հետո լրացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, հետևյալ դեպքերում.» • Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր կետով, որի համաձայն բժշկական գաղտնիք համարվող տվյալները (…) կարող են փոխանցվել սույն օրենքով նախատեսված հանրային վերահսկողություն իրականացնող մարմիններին և կազմակերպություններին և դրանց ներկայացուցիչներին, իրենց վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակներում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

13.07.2018

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի վերաբերյալ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվում է անձի իրավունքը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն։ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անվճար օգնությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանի կողմից: Իրավաբանական անվճար օգնության տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող կազմակերպությունները կրում են փակ հաստատությունների բնույթ, ինչը առավել ռիսկային է դարձնում տվյալ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը: Չնայած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով և Նախագծով սահմանվում է հաստատությունում գտնվող անձի իրավաբանական օգնության իրավունքը, իսկ 2014 թվականից հոգեբուժական հաստատությունում գտնվող անձինք իրավունք են ստացել իրավաբանական աջակցություն ստանալ հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանի կողմից, այնուամենայնիվ 2014-2015 թթ. ընթացքում իրավաբանական աջակցության համար հաստատության տնօրենին դիմել է ընդամենը 4 անձ։ Ուշագրավ է, որ 2010-2014 թթ. ՀՀ առաջին ատյանի դատարանների կողմից բավարարվել է անձին հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ 194 դիմում/ 2010 թ. 28 դիմում, 2011-2013 թթ.՝ 41-ական դիմում, 2014 թ.՝ 43 դիմում/, որոնցից միայն մեկ որոշում է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան։ Կարևոր է շեշտրադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված պետության պարտավորությունը։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ անձը օրինական ներկայացուցչի, ոստիկանության աշխատակցի, բժշկի կամ այլ անձի ուղեկցությամբ ոչ հոժարակամ բերվում է հոգեբուժական հաստատություն, անկախ անձի և/կամ օրինական ներկայացուցչի դիմումի, անձը պետք է ապահովվի ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանով։ Առաջարկում ենք Բերման ենթարկվելու (ազատության փաստացի սահմանափակման) պահից ապահովել անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անկախ իր և/կամ օրինական ներկայացուցչի դիմումի առկայության փաստից։

Տեսնել ավելին