«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
1.1 Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների (այսուհետ՝ Կոնվենցիաներ) և Էսպո կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության կողմ երկիր։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Կոնվենցիաների և ՌԷԳ արձանագրության պահանջներին ազգային օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցնելու պարտավորությունից՝ հիմք ընդունելով Էսպո կոնվենցիայի IX/4b–V/4b և Օրհուսի VIII/8a կողմերի հանդիպումների որոշումները (կցվում են)։
Համաձայն Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի պահանջի (կցվում է)` Օրենքը պետք է ընդունվի մինչև 2026 թվականի մայիս, որից հետո նախատեսվում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարել, որ ս/թ դեկտեմբերին կայանալիք կողմերի հանդիպմանը Հայաստանի մասով կոնվենցիայի պահանջների չկատարման վերաբերյալ որոշումը հնարավոր լինի համարել ամբողջովին փակված։ Միաժամանակ, արտաքին գործերի նախարարությունը ևս խիստ անհրաժեշտ է գտնում սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններին ուղղված ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արագացված իրականացումը (կցվում է)։
Սույն նախաձեռնությամբ լրացումներ և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Օրենքի կիրարկման ժամանակահատվածում ի հայտ եկած որոշ անհամապատասխանությունների հստակեցմամբ։
1.2. 2023 թվականի Օրենքի նոր խմբագրությամբ ընդունմամբ ներդրվեց ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվությունների մշակման լիցենզավորման ինստիտուտը, մասնավորապես, համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ի մասի 21-րդ երնթակետի հաշվետվությունը` համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի մշակած ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ է և Օրենքի 8-րդ հոդվածով Կառավարությանը վերապահված է ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը։ Նշված կարգը հաստատելու մասին կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել էր, որը սահմանված կարգով շրջանառելուց հետո ներկայումս Վարչապետի աշխատակազմից վերադարձվել է լրամշակման։ Հաշվի առնելով, որ նախատեսվող կարգավորումներով ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություն մշակելու նպատակով լիցենզավորվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ներկայացվում է համապատասխան ոլորտային մասնագետների ներգրավվածություն, մասնագիտական ներուժի ձևավորում՝ անհրաժեշտություն է առաջացել նաև լիցենզիաների տրամադրման համար սահմանել ժամկետ, որը կապահովի մասնագիտացված կազմակերպությունների մրցակցային միջավայր՝ ապահովելով հաշվետվությունների մշակման ավելի բարձր որակ։ Միևնույն ժամանակ, «Լիցենզավորման մասին» օրենքի գործող կարգավորումների համաձայն տվյալ գործունեության համար լիցենզիան պետք է տրամադրվի անժամկետ, ինչի պայմաններում սահմանափակվում են լիցենզիոն պահանջների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման հնարավորությունները։
Վերոգրյալով պայմանավորված՝ նպատակահարմար է դիտարկվում լիցենզիայի տրամադրումը սահմանել ժամկետային՝ 5 տարի ժամկետով, ինչը հնարավորություն կտա՝
- ապահովել լիցենզիա ունեցող սուբյեկտների կողմից լիցենզիոն պահանջների և մասնագիտական կարողությունների պարբերական վերագնահատում,
- խթանել մասնագիտական ներուժի շարունակական զարգացումը և որակի բարձրացումը,
- նպաստել մասնագիտացված կազմակերպությունների մրցակցային և կարգավորված շուկայի ձևավորմանը,
- ապահովել ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվությունների մշակման բարձր մասնագիտական մակարդակ և պատասխանատվություն։։
Ժամկետային լիցենզավորումը հնարավորություն է տալիս որոշակի պարբերականությամբ գնահատել լիցենզավորված սուբյեկտների մասնագիտական կարողությունները, մասնագետների առկայությունը և պահանջների պահպանման աստիճանը։
Լիցենզիայի համար 5 տարվա ժամկետի սահմանումը համաչափ կարգավորում է, որը մի կողմից ապահովում է պետության կողմից ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը, իսկ մյուս կողմից չի ստեղծում անհարկի վարչարարական բեռ տնտեսավարող սուբյեկտների համար։ Նշված ժամկետը բավարար է կազմակերպությունների գործունեության կայունության և միաժամանակ դրանց մասնագիտական կարողությունների պարբերական վերագնահատման համար։
1.3. Գործող կարգավորումների համաձայն ոչ անտառային հողերում իրականացվող անտառապատման ծրագրերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, որի դեպքում որպես Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակ, նախատեսված է պետական տուրք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Նշված պահանջը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ հանդիսանալ անտառապատման ծրագրերի նախաձեռնողների համար և որոշ դեպքերում խոչընդոտել ոլորտի քաղաքականությունից բխող ծրագրերի իրականացմանը։
Հաշվի առնելով, որ անտառապատման ծրագրերը ունեն նշանակալի բնապահպանական և հանրային արժեք՝ նպաստելով անտառածածկույթի ավելացմանը, ածխածնի կլանման կարողության բարձրացմանը և կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսել համապատասխան փոփոխություն։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոչ անտառային հողերում իրականացվող՝ ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա անտառապատման ծրագրերը ազատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար նախատեսված պետական տուրքի վճարումից՝ խթանելով նման ծրագրերի իրականացումը և նպաստելով երկրի կլիմայական և բնապահպանական քաղաքականության նպատակների իրականացմանը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
2.1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- առաջարկվում է վերոնշյալ կոնվենցիաների պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը և դրա հետ կապված իրավակարգավորումները,
- ախատեսվում է լրամշակել Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա,
- Օրենքի 20-րդ հոդվածի վերանայմամբ նախատեսվում է սահմանել, որ պետական փորձաքննական դրական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվում Լիազոր մարմնի կողմից։ Մինչդեռ գործող կարգավորումներով այն ուժը կորցրած է համարվում օրենքի ուժով։
Առաջարկվող փոփոխությունը միտված է գործընթացի առավել հստակ և կարգավորված իրականացման ապահովմանը՝ նախատեսելով, որ պետական փորձաքննական դրական եզրակացության ուժը կորցրած ճանաչման գործընթացը իրականացվում է Լիազոր մարմնի կողմից՝ համապատասխան ընթացակարգով։ Նման մոտեցումը հնարավորություն կտա արձանագրել փորձաքննական եզրակացության ուժի դադարեցման հանգամանքը։
- հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո չսկսելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորչրած ճանաչելու համար սահմանված երկու տարին առաջարկվում է երկարաձգել ևս մեկ տարով,որն էլ պայմանավորված է պայմանավորված է այն հանգամանքով, որ նախաձեռնողը մինչև գործունեության իրականացման գործընթացի մեկնարկը պետք է ապահովի մի շարք այլ թույլատվական փաստաթղթեր, որոնց տրամադրումը ժամանակատար գործընթաց է, և այս փոփոխությունը թույլ կտա նախաձեռնողին նվազեցնելու նախատեսվող գործունեության իրականացման ռիսկերը։
- առաջարկվում է նաև ամբողջությամբ վերանայել ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջները՝ համաձայն որի սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա կլինեն ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանցով սահմանվում են Էսպո կոնվենցիայի ՌԷԳ արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի իրականացման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հիմքեր, որոնք Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Գործող կարգավորումների համաձայն նշված ոլորտներում հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե պարունակում են ինչպես Օրենքի 12-րդ հոդվածով, այնպես էլ ՌԷԳ արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված գործունեության տեսակների հիմքեր։ Նշված մոտեցմամբ կկրճատվեն ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթղերի նախգծերը։ Միաժամանակ, առաջարկվող կարգավորման արդյունքում այն նախագծերի մասով, որոնց ՌԷԳ և փորձաքննությունը պարտադիր չեն, ենթակա լինելու հարցը կորոշվի Լիազոր մարմնի կողմից՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան։
- հիմք ընդունելով Էսպո կոնվինցիայի պահանջները, սահմանվել են նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին և որը կարող էր էականորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ։ Այս դեպքում առանձնացված է 2 կարգավորում՝ երբ ՀՀ-ն հանդիսանում է որպես ծագման պետություն և, երբ ՀՀ-ն հանդիսանում է ազդակիր պետություն։
- առաջարկվում է նաև Օրենքի մի շարք հոդվածներում կատարել տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։
2.2 «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետ՝ 5 տարի։
2.3 «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ և փորձաքննության համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 օգոստոսի 8-ի N 1363 որոշմամբ հաստաված «ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի» 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործում՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղությունից։
-
Քննարկվել է
18.12.2025 - 10.01.2026
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1152
Տպել