«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-320-Ն փոփոխությամբ 2024 թվականի հունվարի 1-ից բնօգատգործման վճարի դրույքաչափ սահմանվեց նաև հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգատործման համար։ Որպես դրույքաչափ ներկայումս գործում է 1 խմ-ի համար 0,1 դրամ։ Նման մոտեցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ համաձայն Օրենսգրքի
- 201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը,
- 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակ է սահմանված Ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալը,
- 212-րդ հոդվածի 1-ին մասի՝ բնօգտագործման վճար վճարողները մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր, որոնք Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման` նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից,
- 214-րդ հոդվածի 1-ին մասի՝ մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները։
Մինչդեռ, 2024 թվականի հունվարի 1-ից կիրառվող կարգավորումը գործնականում հանգեցրել է որոշակի խնդիրների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԷԿ–երի կողմից ջրօգտագործումը բնութագրող ցուցանիշներ են ոչ միայն ջրի ծավալը, այլ նաև ճնշումը, այսինքն օգտագործվում է ջրի էներգիան, որի հզորությունը քանակի և ճնշման արտադրյալն է: Արդյունքում, բնօգտագործման հիմնական բեռն ընկնում է ցածր և միջին հաշվարկային ճնշում ունեցող ՀԷԿ-երի վրա, որն էլ անհավասար մրցակցության դաշտ կարող է ստեղծել էլեկտաէներգիայի ազատականացված շուկայում:
Նշված հարցի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «MBConsulting» փորձագիտական թիմի աջակցությամբ իրականացվել է ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, այդ թվում՝ միջազգային փորձի մասով։
Միջազգային պրակտիկայում հիդրոէներգետիկ նպատակով ջրի օգտագործման համար կիրառվում է բնօգտագործման վճարների հետևյալ 4 մոդելը.
- էլեկտրաէներգիայի արտադրության վրա հիմնված մոդել
- Տեղադրված հզորության վրա հիմնված մոդել
- Ջրօգտագործման վրա հիմնված մոդել
- Ընդհանուր եկամուտների վրա հիմնված մոդել։
Նշված մոդելներից պրակտիկորեն հիմնականում օգտագործվում է արտադրված էլեկտրաէներգիայի հիման վրա հաշվարկված մոդելը, մասնավորապես Կանադայի մի շարք նահանգներում 0.8-1.5 կանադական դոլար 1 մվ/ժ-ի համար, Չինաստանում՝ 0.45-2.25 ԱՄՆ դոլար, Ռումինիայում՝ 4.3 Եվրո։
Համաձայն ուսումնասիրությունների 2024 թվականին արտադրվել է 8.9 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա, և հեկերի կողմից արտադրված էլեկտարաէներգիայի ծավալը կազմել է ընդհանուրի 23%-ը, որի մեջ «Միջազգային էներգետիկ Կորպորացիայի» և «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադի» մասնաբաժինը համապատասխանաբար կազմում է 18% և 33%, իսկ փհէկերինը՝ 49 %, որոնց 64%-ը Սյունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում են՝ բացվածքը կցվում է (աղյուսակ 1)։
2024-ին արտադրված ընդհանուր էլեկտրաէնեգիայի ծավալը կազմել է մոտ 2.1 մլրդ կվտժ։ Նշված տվյալի հիման վրա մշակվել է բնօգտագորման վճարի դրույքաչափի հնարավոր 3 սցենար (հաշվարկը կցվում է)։ Ելնելով գործող դրույքաչափի նկատմամբ համարժեքության սկզբունքից և ապահովելով ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցությունը՝ որպես 1 կվտժ համար նախատեսվում է սահմանել 0.23 դրամ։
2. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով հիդրոէներգետիկ նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի պարտավորություն ունեն միայն այդ նպատակով մակերևութային ջուր օգտագործողները։
Մինչդեռ համաձայն շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ջրօգտգործման թույլտվությունների հիդրոէներգետիկ նպատակով շարք տնտեսվարողների կողմից ջրօգտագործում է իրականացվում նաև բնաղբյուրից, որն էլ համաձայն Ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի հանդիսանում է ստորերկրյա ջուր։ Միաժամանակ, Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բնօգտագործման վճարի օբյեկտ է սահմանված միայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանումը, համապատասխանաբար 205-րդ հոդվածով սահմանված են դրույքաչափեր ստորերկրյա ջրերի արդյունահանման համար։ Այս կարգավորումը հակասում է Ջրային օրենսգրքով սահմանված կարգավորումներին, համաձայն որի ստորերկրյա քաղցրահամ ջրերի համար կիրառվում է «օգտագործում» հասկացությունը, որն իրականացվում է նաև արդյունահանման եղանակով, մասնավորապես, համաձայն Ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի՝
«1. Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:
2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:
3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժի) կառույցների միջոցով:------»։
3. Թերմալ ջրերի (տաք ջրեր, որոնք կարող են լինել և՛ հանքային, և՛ քաղցրահամ) հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված քաղցրահամ և հանքային ջրերին վերաբերող կարգավորումներով։
Մինչդեռ, Օրենսգրքով դրանք սահմանված են որպես առանձին կատերգորիա, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով թերմալ ջրերի վերաբերյալ առանձին կարգավորումներ սահմանված չեն և դրանց առանձին կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Օրենսգրքում՝ հանելով թերմալ ջրին վերաբերող կարգավորումները՝ համապատասխանեցնելով հանքային ջրերին վերաբերող գործող կարգավորումներին։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է
- հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի բազա սահմանել փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ չափման միավոր սահմանելով կվտժ-ը։
- հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանել 0.23 դրամ դրույքաչափ։
- Ստորերկրյա ջրերի մասով «արդյունահանում» բառը փոխարինել «օգտագործում» բառով՝ համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքի պահանջներին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունմամբ
- կապահովվի հիդրոէներգետիկ նպտակով մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագորման վճարի սահմանման արդարացի մեխանիզմ։
- կապահովվի Հարկային, Ջրային և Ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված կարգավորումների միասնականություն։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.10 «Շրջակա միջավայր» բաժնի 16-րդ՝ «շրջակա միջավայրի պահպանության գործող տնտեսական մեխանիզմների կատարելագործում՝ հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքի ներդրմամբ, ինչպես նաև կանխարգելում, մեղմում ու չեզոքացում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխությունների իրականացմամբ», առաջնահերթ ուղղությունից։
-
Տևողություն
16.12.2025 10.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 196
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: