Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տնտեսական ԵՎ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունման ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին գտնվում է տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում։ Տնտեսության արագ, սակայն պահանջարկով պայմանավորված աճը, արտաքին ցնցումները, ժողովրդագրական մարտահրավերները, տեխնոլոգիական արագ փոփոխությունները, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ խնդիրները պահանջում են տնտեսական և պետական կառավարման միասնական, համակարգային և երկարաժամկետ մոտեցում։
Հայաստանի տնտեսական դինամիկան վերջին տարիներին ձևավորվել է ինչպես ներքին բարեփոխումներով, այնպես էլ արտաքին արագ փոփոխվող գործոններով, որոնք արագացրել են աճի տեմպերը՝ միաժամանակ առաջադրելով նոր՝ կառուցվածքային բնույթի խնդիրներ։ Խորքային արտադրողականության բարձրացման, տնտեսական դիվերսիֆիկացիայի և արժեքային շղթաների զարգացման ուղղությամբ առաջընթացը պահանջում է ավելի համակարգային մոտեցում, քանի որ արտահանման կառուցվածքը դեռևս զգալիորեն կենտրոնացած է սահմանափակ ճյուղերում, իսկ ֆինանսական համակարգը հիմնականում ապավինում է բանկային վարկավորմանը՝ թերզարգացած կապիտալի շուկայի և ինստիտուցիոնալ ներդրողների սահմանափակ ներգրավմամբ։
Պետական կառավարման, արդարադատության, հակակոռուպցիոն և թվային վերափոխման քաղաքականությունների ուղղություններով բարեփոխումները տվել են զգալի արդյունքներ, սակայն դրանք շարունակում են գործել առանձին նախաձեռնությունների ձևաչափով և դեռևս միավորված չեն մեկ համապարփակ շրջանակի մեջ՝ որպես ամբողջական տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման հենասյուն։ Նույնը վերաբերելի է նաև ջրային, հողային, էներգետիկ և բնապահպանական քաղաքականություններին, որոնց զարգացումը ևս անհրաժեշտ է համադրել անվտանգության, տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ զարգացման միասնական օրակարգի հետ։
Միևնույն ժամանակ, գործող տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականությունը իրականացվում է մի շարք առանձին փաստաթղթերի, ռազմավարությունների և ծրագրերի հիման վրա, որոնք ամբողջությամբ չեն համադրվում ընդհանուր գաղափարական շրջանակի մեջ։ Այս պայմաններում անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։
Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետական կառավարման համակարգի մարմինների հետ համագործակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման և դրա դրույթների կիրարկման արդյունքում ակնկալվում է, որ․
1. Տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի ռազմավարական և համակարգային բնույթ,
2. Կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը,
3. Կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ,
4. Կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը,
5. Կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայությունը և անվտանգային կայունությունը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծով հաստատման ներկայացվող՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը» ինքնին չի նախատեսում անմիջական բյուջետային հատկացումներ։ Դոկտրինը սահմանում է զարգացման ռազմավարական շրջանակը, առաջնահերթությունների և ծրագրերի կառուցվածքը, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր մոտեցումները։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. Ծրագրով Կառավարության ստանձնած պարտավորություններից։ Միևնույն ժամանակ, այն ծառայում է որպես միջանկյալ կամուրջ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակներում սահմանված նպատակադրումների իրականացման համար՝ հստակեցնելով դրանց համար անհրաժեշտ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման ուղղությունները, ինչպես նաև ստեղծելով մեխանիզմ՝ այդ նպատակադրումների գործնական իրագործման ճանապարհային քարտեզներ ձևավորելու համար։
-
Տևողություն
12.12.2025 27.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական, Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 268
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: