ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ և 15.1-րդ կետերով սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով ` օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության իրականացումը վերապահված է քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով` համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական (այդ թվում՝ ծրագրային) փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև այլ պետական կառավարման մարմինների կողմից (մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման և այլն) փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության տրամադրում:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 15.1-րդ կետի համաձայն` պետական համալիր փորձաքննությունն իրականացվում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից (շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ), որի ան­հատական կազմը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի) հրամանով: Ընդ որում, հանձնաժողովի կազմը հաստավում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, ելնելով տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից` դրա փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտ շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնագետների ներգրավմամբ:

Ուստի, Նախագծի մշակումը բխում է վերը նշված իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությունից:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Խնդրո առարկա հարցի համատեքստում իրականացվող քաղաքականությունն ուղղված է օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման բարձր որակի ապահովմանը, ըստ այդմ` քաղաքաշինական օբյեկտների անվտանգության և կայունության երաշխավորմանն ու կառուցապատման գործառույթների մասնագիտական և լիարժեք հիմնավորվածությանը:

 

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի մշակման հիմնական նպատակն է` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների պետական համալիր փորձաքննության իրականացումը:

Նախագծով առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Նախագծի համաձայն` հանձնա­ժո­ղովը համակարգում և ամփոփում է պետական հա­մալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Հանձնա­ժո­ղովի պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծերի մշակման բարձր որակի ապահովում, դրանց անվտանգության և կայունության երաշխավորում:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) – չկան:

 

 

  • Քննարկվել է

    01.06.2018 - 21.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10041

Տպել

Առաջարկներ`

Marine Gasparyan

06.06.2018

Հանձնաժողովի անկողմնակալության, աշխատանքի բազմակողմանի և ամբողջական ընթացքի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հարկավոր է կազմում ընդգրկել նաև այլ խմբերի ներկայացուցիչներ՝ փորձագետներ, նեղ-մասնագետներ, ՀԿ-ների անդամներ և այլն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն առաջարկում է «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրական իրավական նորմերի: Ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է հետևյալով. . Որոշման նախաբանում հղում է կատարվել ՀՀ կառավարության 19.03.2018թ. N596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ և 15.1-րդ կետերին, որոնք հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին և 17-րդ հոդվածի 3-րդ կետին, քանի որ. 1. ՀՀ կառավարության N596-Ն որոշման N2 հավելվածի 15.1-րդ կետ գոյություն չունի, 2. Նույն որոշման 13-րդ կետում հանձնաժողովի վերաբերյալ ընդանրապես ակնարկ չկա, և նշվում է ընդամենը՝ թե որ քաղաքաշինական նախագծային փաստաթղթերն են ենթակա համալիր փորձաքննության: .Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի որոշմանբ ստեղծել պետական համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական մշտական հանձնաժողով, իսկ որոշման N1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ դրա գործունեության միակ թիրախը օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերն են: Նշված դրույթները հակասում են ՀՀ կառավարության 2015թ մարտի 19-ի N596-Ն որոշման 9-րդ կետի 2-դ և 3-րդ ենթակետերի, 16-րդ կետի, 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերի պահանջներին: Սույն նորմերի պահանջներից ակնհայտ է դառնում, որ. 1.Բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթարկվում են հատուկ համալիր փորձաքննության, իսկ համալիր փորձաքննության ենթակա են. ա) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, բ) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը. գ)սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևորության) նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը: 2. Համալիր փորձաքննության իրականացման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ՝ պատվիրատուի նախաձեռնու-թյամբ: 3. Հանձնաժողով կարող է ստեղծվել նաև համալիր փորձաքննություն իրականացնող և շահագրգիռ փորձագիտական մարմինների կողմից` փոխադարձ համաձայնությամբ (համաձայնեցնելով պատվիրատուի հետ): Այսինքն՝ համալիր և հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական հանձնաժողովների ընթացակարգերը տարբեր են, և առաջին դեպքում այն ստեղծվում է պատվիրատուի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ, իսկ երկրորդ՝ ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով ՀՀ կառավարության որոշմամաբ:

Տարոն Սերոբյան

01.06.2018

Առաջարկում ենք այս հանձնաժողովում ընդգրկել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ նույնպես, քանի որ վերջինս է իրականացնելու պետական գրանցումը շինարարությունն ավարտվելու և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Տեսնել ավելին