«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 181-րդ հոդվածը սահմանում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, ըստ այդմ՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռվ հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:
Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է նոր երևան եկած հանգամանքները՝ որպես դատական ակտի վերանայման հիմքերը, և նման իրավակարգավորումը, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատարանին այդ հիմքերից բացի դատական ակտի վերանայման համար այլ հիմք կիրառել, մասնավորապես, այն դեպքում, երբ ի հայտ է գալիս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանք, որը գոյություն է ունեցել գործի լուծման պահին և մինչ այդ անձին հայտնի չէր եղել և չէր կարող հայտնի լինել:
Վերոնշյալ խնդրին անդրադարձել է Սահմանադրական դատարանը 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշմամբ, նշելով, որ վերոնշյալ նորմերի իրավական բովանդակությունից հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես՝ իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Այդպիսով Սահմանադրական դատարանը Օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակմանը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Հարկ է նշել նաև, որ դատական ակտերի՝ «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վերանայման հնարավորություն նախատեսում են նաև քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը: Միաժամանակ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի առնչությամբ նախատեսում է առավել հստակ կարգավորումներ, որոնք նույնպես նպատակահարմար է արտացոլել նաև Օրենսգրքում:
Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի լիարժեք շրջանակ:
-
Քննարկվել է
21.05.2018 - 05.06.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9041
Տպել