Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հրապարակվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 02.10.2017 - 18.10.2017թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սնանկության իրավահարաբերությունները հիմնականում կարգավորված են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Հաշվի առնելով տնտեսական հարաբերություններում սնանկության ինստիտուտի կարևորությունը և ըստ այդմ` դրա արդյունավետ կարգավորման դերն ու նշանակությունը, Օրենքի ընդունումից հետո, այդ թվում նաև՝ 2016 թվականին, կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքում, այնուամենայնիվ, առկա են մնացել իրավակարգավորման թերություններ ու բացեր, որոնք մատնանշվել են, մասնավորապես, Համաշխարհային բանկի կողմից իրականացված հետազոտություններում:
«Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն 2018 թվականի գնահատված երկրների շարքում «Սնանկության կարգավորում» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 97-րդ տեղը: Ընդ որում, «Սնանկության կարգավորում» ցուցիչի հաշվարկման համար գնահատվող ենթացուցիչներով Հայաստանի Հանրապետության համար պատկերը հետևյալն է՝
• «Պարտքի մարման համար պահանջվող ժամանակը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ընդհանուր տևողությունը գնահատվել է 1.9 տարի (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 4 ամիսը (Իռլանդիա)),
• «Պարտքի մարման համար պահանջվող ծախսերը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ծախսատարությունը (ներառում է դատական ծախսերը, սնանկության կառավարիչների, աճուրդը անցկացնողների, գնահատողների, մասնագետների վճարները և մյուս բոլոր վճարները և ծախսերը) գնահատվել է գույքի արժեքից 11.0% (կառավարչի վարձատրություն մինչև 5%, փաստաբանի վարձատրություն մինչև 5%, գույքի գնահատման ծախսեր մինչև 2% և դատական ծախսեր մինչև 2%) (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 1% (Նորվեգիա)),
• Պարտատերերի՝ պահանջի բավարարման աստիճանը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթով պարտքի բավարարման աստիճանը գնահատվել է 36.4% (այս ենթացուցիչով լավագույն արդյունքն է համարվում 93.1% (Նորվեգիա),
• «Սնանկության վարույթի արդյունավետության ինդեքսը ենթացուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի արդյունավետությունը գնահատվել է 16 միավորից 7.5:
Հայաստանի Հանրապետության զբաղեցրած դիրքը և արձանագրած ցուցանիշները արդյունք են «Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի «Սնանկության կարգավորում» ցուցիչով ներկայացված որոշ հարցերի վերաբերյալ Օրենքում անհրաժեշտ կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորումների առկայության:
Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում վերհանվել են Օրենքի կիրառման մի շարք խնդիրներ, որոնց լուծումն ունի առանցքային նշանակություն սնանկության ինստիտուտի շարունակական կատարելագործումն ապահովելու նպատակով:
Այսպիսով, Օրենքում առկա թերություններն ու բացերը հանգում են, մասնավորապես, հետևյալին՝
1) Սնանկության կառավարիչներ
• Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ սնանկության կառավարչին ներկայացվող պարտադիր պահանջները բավարար չեն իրեն վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար: Բացի այդ, Օրենքում առկա ստաժավորումը հանդիսանում է ոչ պարտադիր և հետապնդվող նպատակի ապահովման համատեքստում ևս խնդրահարույց է թվում:
ՄԱԿ-ի առևտրային իրավունքի հանձնաժողովի Սնանկության իրավունքի վերաբերյալ օրենսդրական ուղեցույցում սահմանվում է, որ սնանկության վարույթի բարդությունը ցանկալի է դարձնում սնանկության կառավարչի՝ իրավունքի բնագավառում համապատասխան որակավորում (ոչ միայն սնանկության, այլև վերաբերելի ֆինանսական, առևտրային, հարկային իրավունքի) ունենալու հանգամանքը, ինչպես նաև համապատասխան փորձ առևտրային կամ ֆինանսական հարցերում՝ ներառյալ հաշվապահության ոլորտում: Համաշխարհային բանկը, առանձին գնահատման արժանացնելով Օրենքով նախատեսված սնանկության կառավարիչների վերաբերյալ կարգավորումները, «Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին» 2014 թվականի զեկույցով, ի թիվս այլնի, առաջարկել է երաշխավորել մասնագիության մեջ նոր անձանց մուտքը և սնանկության կառավարիչների լիցենզավորման համար նախատեսել որակավորման քննություն և ստաժավորում:
• Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Մասնավորապես, Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար:
Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով: Համապատասխան դիմումների ուսումնասիրության համար արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ դիմումներում բարձրացված հարցերն իրավական առումով ուսումնասիրելու և վերջնական լուծում տալու համար այն պարագայում, երբ սնանկության կառավարիչների որակավորումն իրականացվում է հենց նախարարության կողմից:
Առկա վիճակը հանգեցնում է նաև կառավարիչների հաշվետվողականության նվազեցմանը, ինչի արդյունքում նվազում է վերահսկողության արդյունավետությունը:
Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (օրինակ՝ Լիտվա և Ֆրանսիա) : Օրենքով թեև դատարանն ունի վերահսկողական գործառույթներ սնանկության կառավարչի նկատմամբ, այդուհանդերձ նախատեսված չէ դատարանի իրավունքը՝ ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր սնանկության կառավարչից: Դատարանի կողմից սնանկության կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը որոշ երկրների օրենքներում ուղղակիորեն նախատեսված է :
• Սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն ոչ Օրենքով, և ոչ էլ Կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, կարգապահական պատասխանատվության հիմքերը և վարույթի հետագա ընթացքը պետք է հստակ նախատեսված լինեն օրենսդրությամբ և հնարավորություն տան անձին կանխատեսելու իր համար հնարավոր անբարենպաստ հետևանքները:
• Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը գործնականում սահմանել է մուտքի վճար 500,000 ՀՀ դրամի չափով, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը:
• Սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, ընդ որում` սահմանված վարձատրության տարբեր տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ: Օրենքի 30-րդ հոդվածում սահմանված տոկոսադրույքները անփոփոխ են անկախ սնանկության վարույթի տևողությունից, ինչը ևս չի խրախուսում սնանկության կառավարիչներին կրճատելու սնանկության վարույթի տևողությունը:
«Գործարարությամբ զբաղվելը-2018» Համաշխարհային բանկի զեկույցի «Սնանկության կարգավորում» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի ծախսատարությունը (ներառում է դատական ծախսերը, սնանկության կառավարիչների, աճուրդը անցկացնողների, գնահատողների, մասնագետների վճարները և մյուս բոլոր վճարները և ծախսերը) գնահատվել է գույքի արժեքից 11.0%, որից կառավարչի վարձատրությունը՝ մինչև 5%, այն դեպքում երբ, օրիչնակ Ճապոնիայում այդ ցուցանիշը կազմում է 1 %, իսկ ուսումնասիրված բարձր դիրք զբաղեցնող երկրներում սնանկության կառավարիչների վարձատրության ծախսը կազմում է 1-5%:
2) Սնանկության վարույթի արդյունավետություն և ժամկետներ
• Սնանկության վարույթի հետ կապված առանձին քաղաքացիական գործերի քննությունը ներկայումս իրականացվում է ապակենտրոնացված ձևով, որն անուղղակիորեն ազդում է սնանկության վարույթի ժամկետների և արդյունավետության վրա:
• Օրենքով սնանկության կառավարչի կողմից իրականացվող մի շարք առանցքային գործողությունների (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) կատարման համար միասնական ժամկետներ նախատեսված չեն, իսկ որոշակի գործողությունների համար սահմանված են այնքան երկար ժամկետներ, որոնք ինքնաբերաբար երկարացնում են վարույթի տևողությունը:
• Հստակեցման կարիք ունեն սնանկության վարույթի ընթացքում ընդունվող որոշումների բողոքարկման կարգը և ժամկետները:
• Սնանկության գործի վարման, սնանկության վարույթի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովման, պարտատերերի ժողովների անցկացման, ինչպես նաև պարտապանի գույքի վաճառքի և սնանկության այլ ընթացակարգերի առավել արագ, արդյունավետ և թափանցիկ կերպով իրականացնելու նպատակով առկա է գործող կարգավորումները վերանայելու անհրաժեշտություն:
• Օրենքի 56-րդ հոդվածով կարգավորված են պարտապանի գույքի գույքագրման հետ կապված հարցերը, մինչդեռ կառավարչի այս լիազորության իրականացման համար անհրաժեշտ է պարտապանի կողմից հստակ քայլերի, օրինակ՝ հայտարարագրի՝ գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին տեղեկատվության ներկայացում: Պետք է նշել նաև, որ գույքագրման ժամանակ պարտապանի ցանկության բացակայության դեպքում սնանկության կառավարիչը ներկայումս չունի նրա բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու, իսկ գույքի իրացումից հետո` գույքը ոչ օրինական հիմքերով տիրապետող անձանց վտարելու իրավական հիմքեր, ինչը որոշ դեպքերում խոչընդոտ է սնանկության կառավարչի կողմից լիարժեք գույքագրում և գույքի վաճառք իրականացնելու համար:
• Միաժամանակ, սնանկության վարույթի օպերատիվությունն ապահովելու համար տարբեր երկրների օրենքներով սնանկության վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար սահմանված են հստակ ժամկետներ :
3) Այլ դրույթներ
• «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի Վարկի ստացումը» ցուցիչով Հայաստանի դիրքը նահանջել է Օրինական իրավունքների ամրությունը» բաղադրիչի մասով, որը պայմանավորված է, մասնավորապես, «Արդյո՞ք օրենքը պաշտպանում է ապահովված պարտատիրոջը՝ իր իրավունքի նկատմամբ սառեցում չկիրառելու հստակ մեխանիզմ սահմանելով կամ դրա կիրառման ժամկետ նախատեսելով» հարցի բացասական պատասխանով: Միաժամանակ Համաշխարհային բանկի 2014 թվականի զեկույցի 10-րդ կետով նշվել է, որ ապահովված պարտատերերի վերաբերյալ մորատորիումի դրույթները խաթարում են ֆինանսական առողջացումը՝ թույլ չտալով ֆինանսական առողջացման համար կենսական նշանակություն ունեցող ապահովված միջոցների պաշտպանությունը: Հետևաբար հարցի կարգավորման անհրաժեշտությունից բխում է նաև ապահովված պարտատիրոջ իրավունքների իրացմանն ուղղված կարգավորումների վերանայումը` միաժամանակ անհրաժեշտության դեպքում երաշխավորելով ֆինանսական առողջացման ծրագրում ապահովված իրավունքի առարկայի օգտագործումն ու բոլոր պարտատերերի շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
• Օրենքը չի կարգավորում ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում պարտապանի և երրորդ անձ գրավատուների միաժամանակյա սնանկության դեպքում պարտատիրոջ պահանջի բավարարման հարցը:
• Օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարտատերերը որևէ դերակատարում չունեն պարտապանի գույքի գնահատման նպատակով անկախ գնահատող հրավիրելու հարցում:
• «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսվել է սնանկության դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան և սահմանվել է, որ սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը: Միաժամանակ սահմանվել է, որ սնանկության դատարանը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից: Վերոնշյալի հիման վրա անհրաժեշտ է Օրենքում նախատեսել նշված դրույթների ապահովմանն ուղղված համապատասխան իրավակարգավորումներ:
• Անհրաժեշտ է ապահովել սնանկության վերաբերյալ գործերի մասին տեղեկատվության մատչելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում` սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի հրապարակման միջոցով` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին համահունչ:
• Միաժամանակ գործող օրենսդրության պայմաններում կարող է առկա լինել իրավիճակ, երբ իրավաբանական անձի լուծարումը գրանցվի այն պայմաննրում, երբ այդ անձի մասնակցությամբ դեռևս առկա է չավարտված դատական վարույթ, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում լուծարվող իրավաբանական անձանց համար սահմանել պարտականություն՝ լուծարումը գրանցելու դեպքում գրանցումն իրականացնող մարմնին տեղեկություն տրամադրել իր մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.
1) նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.
2) սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.
3) սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.
4) սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.
5) հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.
6) հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.
7) կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.
8) կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.
9) բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.
10) սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.
11) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.
12) սահմանվել է որակավորված սնանկության կառավարչի գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում անցնելու պարտադիր պահանջ.
13) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.
14) հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.
15) սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.
16) սահմանվել են ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիում չտարածելու և արտադատական կարգով իրացման նոր կարգավորումներ, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվել անխոչընդոտ իրացնելու ապահովված իրավունքի առարկան ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ միաժամանակ հնարավորություն տալով դատարանի որոշմամբ այն օգտագործել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում, եթե ֆինանսական առողջացումը հնարավոր չէ իրականացնել առանց դրա օգտագործման, և որպես ապահովված պարտատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիք և միջոց սահմանելով վերջինիս համարժեք պաշպանություն տրամադրելու անհրաժեշտությունը.
17) կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.
18) երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.
19) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.
20) սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.
21) սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.
22) սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի քվեարկությունն ըստ պարտատերերի առանձին դասերի իրականացնելու կարգը.
23) նախատեսվել է սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքը իրականացնելու էլեկտրոնային կարգ.
24) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում.
25) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.
26) սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.
27) սնանկության վարույթում էլեկտրոնային եղանակով աճուրդների իրականացման վերաբերյալ սահմանված դրույթից ելնելով՝ փոփոխություն է կատարվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.
28) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս¬դրու¬թ¬յան զարգացման և իրավական հետազոտու¬թյուն¬նե¬րի կենտրոն» հիմնադրամի կող¬մից:

4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և հաշվետու, նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, սնանկության վարույթի ժամկետների կրճատմանը և վարույթի օպտիմալացմանը, ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, ինչպես նաև Օրենքում առկա անհստակությունների վերացմանը:

  • Քննարկվել է

    11.04.2018 - 26.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9665

Տպել