««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով» բառերով.
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Գործատու է համարվում նաև այն միջազգային կազմակերպությունը, որը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ.».
3) 23-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված» բառերով.
4) 38-րդ կետը «ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձ» բառերից հետո լրացնել «, միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունը կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը` համատեղ հրամանով» բառերով.
2) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասի 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված» բառերով.
2) 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կուտակային հատկացումները և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու, սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը և Կենտրոնական բանկը՝ համատեղ հրամանով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը և Կենտրոնական բանկը՝ համատեղ հրամանով» բառերով:
Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին:».
2) 7-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ»:
Հոդված 14. Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:
Հոդված 15. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
28.02.2017 - 05.05.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9536
Տպել