ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (ուժի մեջ է մտել 06.08.2024թ.), որով մի շարք փոփոխությունների թվում վերանայվել են նաև մարդու վերարտադրողականության ոլորտում կիրառվող հասկացությունները, գործընթացները: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքին համապատասխանեցնել օրենքից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի 568-Ն որոշումը:
Նախագծով կատարվող այլ փոփոխություններ ուղղված են գործնականում ի հայտ եկած մի շարք հարցերի կարգավորմանը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցմանը:
Այսպես, նախագծով վերանայվել են պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի հետևյալ ծավալները` ինչը պայամավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի: Այս առումով նախագծով սահմանվել են արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի շրջանակում փոխհատուցվող բժշկական օգնության և սպասարկման կոնկրետ ծավալները:
Նախագծի մեկ այլ փոփոխություն պայմանավորված է նրանով, որ ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի 568-Ն որոշման N 1 հավելվածի գործող 28-րդ կետի` անպտղության հաղթահարման ծրագրի ներդրումից հետո սույն որոշման կարգավորմամբ արտամարմնային բեղմնավորման ուղեգրումը, որպես նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություն, իրականացվում էր առողջապահության նախարարի հրամանով: Տարիների ընթացքում շահառուների թիվը կտրուկ ավելացավ (2019թ.` 385, 2023թ. 5441, 2024թ. հունվար-հուլիս` 3693): ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1137-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման շահառուների թիվը էլ ավելի ընդլայնվել է, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման վրա, ինչի արդյունքում կերկարացվի շահառուների սպասելաժամանակը` պայմանավորված մեծաքանակ շահառուների գործերի` առողջապահության նախարարություն ներկայացնելու և հրամագրելու գործընթացով: Միաժամանակ, Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալությունում արդեն իսկ գործում է դեպք վարողի (case manager) համակարգ, որը հնարավորություն է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ֆինանսավորմանը ներկայացվող բոլոր դեպքերը: Ուստի նախագծում այս մասով փոփոխությունները պայմանավորված են առողջապահության նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող կրկնվող գործառույթների օպտիմալացման, անձնակազմի բեռնաթափման և շահառուների սպասելաժամանակի կրճատման տեսանկյունից:
2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը:
Նախագծով կատարվող փոփոխությունները ուղղված են ապահովելու համապատասխանությունը «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի կարգավորումներին, գործնականում ի հայտ եկած մի շարք հարցերի կարգավորմանը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցմանը:
Ներկայացվող նախագծի կարգավորումների արդյունքում առաջարկվում է զերծ մնալ արտամամնային բեղմնավորման բոլոր դեպքերը Առողջապահության նախարարի հրամանով հաստատելուց` այդ թվում ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-ին կետով սահմանված շահառուների դեպքում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուների համար պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը, արտամարմնային բեղմնավորման ցուցման դեպքում բացառելով բժշկական կազմակերպության կողմից բուժման վերաբերյալ համապատասխան հրաման տալու նպատակով առողջապահության նախարարություն դիմելու գործընթացը, դրանով իսկ կրճատելով շահառուի սպասելաժամանակը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:
-
Տևողություն
19.11.2024 04.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 324
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: