«2025 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին » Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝
«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
- Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:
Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:
ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 30000 դրամ:
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:
բ. Երևանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներում միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նշված ծառայություններից օգտվող որոշ կատեգորիաների շահառուների համար նախատեսվում է սահմանել 8000 դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով 100 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ: Միաժամանակ՝ զրոյական դրույքաչափ կկիրառվի նաև զոհված զինծառայողի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր հանդիսացող, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակից սովորողների համար:
գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2025 թվականի համար մինչև 100 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 /չորս հազար/ դրամ: Միաժամանակ՝ տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ (4000 ՀՀ դրամ) կկիրառվի նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների, 4 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների համար:
դ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար սահմանվել է 1500 դրամ և սույն որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:
ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրանք է ներկայացվել ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանատեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:
Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական տուրքի վճարումից ազատելու միջոցով:
Սույն որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել վերը նշված արտոնությունը:
զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ. 558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի համար սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:
-
Տևողություն
14.11.2024 29.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
26.11.2024 14:15
Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 302
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: