«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում)շարադրել նոր խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 19-րդ և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
- Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարող տարածքների՝ պաշտպանական գոտիների և բնակավայրով անցնող հատվածների (այսուհետ՝ նաև հարող տարածքներ) կառուցապատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
- միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի։
- 2. Սահմանել, որ՝ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքները առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ։
- 3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո`
- մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում արդեն իսկ կառուցված օբյեկտների միասնական ճարտարապետական տեսքի բարելավման լուծումների վերաբերյալ․
- երեքամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
_____ N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
- 1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարող տարածքների` պաշտպանական գոտիների և բնակավայրով անցնող հատվածների, կառուցապատման նպատակով ներկայացվող փաստաթղթերի համաձայնեցման պահանջների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացող պահանջները:
- Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար` 70 մետր, եթե դրանք չեն ընդմիջվում բնական սահմանափակումներով․
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար` 50 մետր, եթե դրանք չեն ընդմիջվում բնական սահմանափակումներով.
- 3. Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման ընդլայնական չափերը սահմանվում են կառուցապատման առաջին գծի (գոյություն ունեցող կառուցապատման գծի) օբյեկտների կառուցման համար տրամադրված (տրամադրվող) հողամասերի, բայց ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհներին հարող կարմիր գծից 50 մետրի չափով:
- Սույն Կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների սահմանների ճշգրտումն ու կառուցապատումն անհրաժեշտ է իրականացնել տարածքային կազմակերպման և տեղաբաշխման նախագծերով առանձնացված տարածքներում` սահմանված կարգով հաստատված կառուցապատման սխեմաներին համապատասխան:
- Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր,
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 15.0 մետր:
- Բնակավայրերի ներսում նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառնական նշանակության փոփոխությունը անհրաժեշտ է իրականացնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան։
- Սույն Կարգի իմաստով բնակավայր է համարվում այն կառուցապատ հողատարածքը, որտեղ հիմնականում տեղակայված են բնակելի տներ և շենքեր և որոնք նախատեսված են մարդկանց մշտական բնակվելու համար։ Բնակավայրի մուտքն ու ելքը նշվում է՝ համապատասխանաբար՝ 5․23․1 «Բնակավայրի սկիզբ» և 5.24.1 «Բնակավայրի վերջ» ճանապարհային նշաններով։
- Միայն առևտրային, արդյունաբերական և ձեռնարկատիրական այլ գործունեության համար նախատեսված կառուցապատ տարածքները չեն համարվում բնակավայրեր և գտնվում են բնակելի տարածքներից դուրս հատվածներում։
- Կառուցապատման առաջարկության համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ մարմիններ (կազմակերպություններ) ներկայացվում է փաստաթղթային փաթեթ, որում ներառվում են՝
1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,
2) իրավիճակային հատակագիծը 1:500 կամ 1:1000 մասշտաբով և Գուգլ մափ (Google map) հավելվածով՝ նշելով՝ հողամասը, նախատեսվող օբյեկտի տեղադիրքը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի և շինությունների միջև հեռավորությունները նախատեսվող օբյեկտից, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները, այդ թվում՝ ինժեներական հաղորդակցուղիների առկայությունը, կառուցվող օբյեկտների հեռավորությունը հաշված միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի եզրից, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտներ՝ ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի մասի եզրից, ինչպես նաև մուտքի և ելքի հատվածներում ճանապարհային երթևեկության կազմակերպման գծապատկերը՝ որում եղած ճանապարհային կահավորանքի տեղակայումը և տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն տվյալ միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհի կարգին․
3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող օրենքով սահմանված այլ սահմանափակումների մասին տեղեկանքը,
4) համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը,
5) օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը,
6) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում),
7) տեղեկատվություն գլխավոր հատակագծով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների մասին (առկայության դեպքում)․
8) հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման գծապատկերները, կամ երթևեկության կազմակերպման սխեման(ները) (առկայության դեպքում):
- Եթե կառուցապատման արդյունքում անհրաժեշտ է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշմամբ նախատեսված հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման աշխատանքներ, ապա դրանք ներկայացվում են Կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթում՝ ներկայացնելով նաև հիշյալ որոշմամբ պահանջվող փաստաթղթերը։
- Երթևեկության մասնակիցների շարժման անվտանգությունը և տրանսպորտային միջոցների արագությունն ու թողունակությունն ապահովելու նպատակով Կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված գոտիներում քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման` սահմանված կարգով տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով նախատեսել նաև`
1) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների մոտեցումների կազմակերպումը երկրորդական (օժանդակ) ճանապարհներից` հնարավորինս նվազեցնելով միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատումների թիվը.
2) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպումն ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասից դուրս տարածքներում.
3) մարդկանց կուտակումների տեղամասերում տարբեր մակարդակներով անցումների կազմակերպումը.
4) կառուցապատման առաջին գծում անթափանց ցանկապատերի իրականացման անհրաժեշտության դեպքում դրանք նախատեսել ուղղաձիգ կանաչապատման առավելագույնս կիրառման կամ ցանկապատից դուրս կանաչ գոտու կազմակերպման պայմանով.
5) աղմուկի թույլատրելի նորմատիվային ցուցանիշները գերազանցող տարածքներում` աղմկապաշտպանիչ գոտիների կազմակերպումը, այդ թվում` խիտ կանաչապատմամբ համապատասխան էկրանների տեղադրմամբ.
6) ինժեներական գծային ենթակառուցվածքների (հաղորդակցումների) տեղադրումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի և ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ շինարարական նորմերի պահանջներին համապատասխան.
7) սպասարկման նշանակություն ունեցող օբյեկտներում հասարակական զուգարանների կազմակերպման հնարավորությունը` կոյուղագծերի բացակայության դեպքերում օբյեկտների շահագործման ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրումն ապահովող միջոցառումների կազմակերպմամբ.
8) լանդշաֆտի պահպանման ու տարածքի առավելագույն բարեկարգման ապահովումը.
9) խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պայմանների ապահովումը:
- Սահմանել, որ սույն Կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված գոտիների կառուցապատման առաջին գծում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված բացօթյա առևտուր իրականացնելու թույլտվությունը սահմանված կարգով տրամադրվում է այդ նպատակի համար հատուկ առանձնացված տարածքներում` ավտոմեքենաների կայանման հետևանքով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների ապահովման պայմանով` բացառելով նշված տարածքներից դուրս ապրանքների ցուցադրումը, վաճառքը և պահեստավորումը: Ճանապարհների երթևեկելի մասի, բաժանիչ գոտու և կողնակների վրա ապրանքներ վաճառելը արգելվում է։
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական աշխատանքներն իրականացնելիս`
1) շինարարական նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորումը, շինարարական աղբի կուտակումները կազմակերպել կառուցապատման համար տրամադրված հողամասի սահմաններում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.
2) շինարարական հրապարակների ցանկապատումը կահավորել համապատասխան ժամանակավոր ճանապարհային նշաններով` ապահովելով օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելության պայմաններում լրացուցիչ ազդանշանային լուսավորումը:
- Կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված գոտիներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները և կառուցապատման գործառույթները համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ մարմինների (կազմակերպությունների) հետ։
16․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ճանապարհահատվածների) պաշտպանական գոտում կառուցապատման առաջարկությունները Կարգի 11-րդ կետում նշված շահագրգիռ մարմիններից (կազմակերպություններից) բացի անհրաժեշտ է համաձայնեցնել նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։
17․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտու տարածքներում շենքերի ու շինությունների կառուցապատումները իրականացվում են տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերին համապատասխան։
- 18. Կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված գոտիներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 147-րդ կետի համապատասխան՝ պարտադիր ներգրավվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
_____ N ___-Ն որոշման
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման և պահպանության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան կարող են կառուցվել միայն սույն հավելվածի աղյուսակում ներառված օբյեկտները: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ 18.10.2011թ. թիվ 827 որոշմամբ հաստատված Մաքսային միության ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև ԳՕՍՏ 33062-2014 և ԳՕՍՏ 52766-2007 միջպետական ստանդարտի պահանջներին:
- Սույն հավելածում նշված սահմանափակումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատվող տարածքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերով նախատեսվող կառուցապատումներին, եթե դրանք չեն հակասում ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկությանը ներկայացվող պահանջներին:
- Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները ներկայացված են Աղյուսակում։
4․Աղյուսակի 4-9 կետերում ներկայացված օբյեկտները կարող են կարող են կառուցվել միևնույն տեղանքում, եթե դրանց պահանջները չեն հակասում Աղուսյակում նշված առանձնահատկլություններին և ներկայացվող պահանջներին։
Աղյուսակ
ՑԱՆԿ
միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների, այդ թվում՝ դրանց նկարագիրը, առանձնահատկությունները և ներկայացվող պահանջները
հ/հ |
Օբյեկտի անվանումը |
Նկարագիրը |
Նույնատիպ օբյեկտների միջև հեռավորությունները (կմ) |
Հիմնական առանձնահատկությունները և ներկայացվող պահանջները |
||
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք |
միջպետական նշանակության ճանապարհներ |
հանրապետական նշանակության ճանապարհներ |
||||
1. |
Ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման, դրանց կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման համար նախատեսված սպասարկման օբյեկտներ |
ճանապարհային ծառայության շինություններ, որոնք ծառայում են ճանապարհի շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման համար: Դրանք են՝ արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն |
- |
- |
- |
Կարգավորվում է ճանապարհների սպասարկման, դրանց կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման համար ծրագրերով |
2. |
Պետական մարմինների կողմից իրենց գործառույթների կատարումն ապահովող օբյեկտներ և կառույցներ |
2․1․ Ճանապարհային ոստիկանության կամ պարեկային ծառայության, փրկարար ծառայութնան շինություններ
2.2․ տրանսպորտային միջոցների չափի և քաշի շարժական և ստատիկ կշռման կայաններ |
- |
- |
- |
Ըստ անհրաժեշտության՝ որոշվում է Կարգով սահմանված շահագրգիռ պետական մարմինների կողմից համաձայնությամբ
Ըստ անհրաժեշտության՝ որոշվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից, հաշվի առնելով բեռնատարերի մուտքի և ելքի տեղամասերը՝ Կարգով սահմանված շահագրգիռ պետական մարմինների կողմից համաձայնությամբ |
3. |
Հանգստի գոտիներ |
Բազմաֆունկցիոնալ մասնագիտացված սպասարկման համալիր՝ ճանապարհային ծառայության և ճանապարհային սպասարկման օբյեկտների ամբողջություն, նախատեսված բացառապես տրանսպորտային միջոցների և ուղևորների սպասարման համար, ներառյալ՝ մեքենաների կայանատեղերը, հանգստի վայրերը, զուգարանները, լիցքավորման կայանները (այդ թվում՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները), սննդի կետերը, առևտրի (բացառությամբ ալկոհոլային խմիչքի) և ավտոլվացման կետերը, մոթելները (քոթեջները), սպասարկման կայանները, ավտոկայանատեղերը, բացօթյա հանգստի համար նախատեսված հարմարություններով (նստարաններ և սեղաններ, ժամանցի գոտիներ) վայրերը, բժշկական օգնության կետեր: |
150 |
80-100 |
- |
Հանգստի գոտիները պետք է՝ · հագեցված լինեն հանգստի և սնվելու համար նախատեսված սեղաններով և նստարաններով, մեքենաների կայանատեղիներով, զուգարաններով և աղբամաններով․ · I կարգի ճանապարհներին տեղակայվեն ճանապարհի երկու կողմերում․ · գտնվեն բնակելի տարածքներից առնվազն 1 կմ հեռավորության վրա․ · ապահովեն տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ) կայանատեղով՝ պարտադիր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիներով, · առանձնացված լինեն ճանապարհի երթևեկելի հատվածից բաժանարար գոտիով։ Թույլատրվում է հանգստի գոտիներում տեղակայել՝ · տրանսպորտային միջոցների տեխզննման տարածքներ, · վթարային կանչերի սարքեր, · տերմինալներ, · մանկական խաղահրապարակներ, · սննդի և առևտրի օբյեկտներ, որոնք չպետք է խոչնդոտեն երթևեկության մասնակիցների հանգստին, պետք է տեղակայված լինեն հանգստի հարթակներից դուրս, որպես կանոն, համալիրի համար նախատեսված տարածքի ճանապարհից ամենահեռու հեռավորության վրա։ Հանգստի գոտիների տարածքում տարբեր տիպի տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, կցորդով մեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ) շարժման գոտիների լայնությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ ГОСТ 33062-2014-ի պահանջներին։ |
4. |
Հյուրանոցներ և մոթելներ |
Ժամանակավոր կեցության համար նախատեսված շենք-շինություններ՝ նախատեսված ճանապարհային երթևեկության մասնակիցներին հանգստի և տրանսպորտային միջոցների սպասարկման համար |
70 |
50 |
30 |
Սննդի, զուգարանների, լվացքի, ցնցուղի, աղբամանների, բանկոմատների, կապի, առաջին բուժկետի առկայություն։ Կապված ճանապարհի ինտենսիվությունից, առնվազն 10 սենյակ |
5. |
Ավտոլիցքավորման կայաններ |
Տրանսպորտային միջոցների (բացառությամբ թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների) սպասարկման համար նախատեսված վառելիքի, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման համար նախատեսված կայաններ |
5 և ավելի |
2 և ավելի |
2 և ավելի |
Լցակայանները պետք է՝ · հագեցած լինեն տեխնիկական հեղուկների և ավտոմոբիլային պարագաների վաճառքի տաղավարներով, · տրանսպորտային միջոցների կանգառման համար նախատեսված տարածքներով, · զուգարաններով · աղբամաններով։ Լցակայանների նախագծումը պետք է իրականացվեն օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝ նախատեսելով վառելիքի ընդունման, պահպանման և բաշխման տեխնոլոգիական համակարգեր: Լցակայանների նվազագույն հզորությունը պետք է նախատեսել կախված ճանապարհների երթևեկության ինտենսիվությունից՝ ԳՕՍՏ ГОСТ 33062-2014-ի պահանջներին համապատասխան |
6. |
Ավտոկայանատեղիներ |
Տրանսպորտային միջոցների կայանատեղիներով հագեցած կայանման և պահպանման համար նախատեսված կայանատեղիներ |
30 |
20 |
15 |
Թեք/երկայնական կայանատեղիներ՝ նախատեսված բեռնատարերի, ավտոբուսների և մարդատար տրանսպորտային միջոցների, կցորդով մարդատար տրանսպորտային միջոցների և կցորդով և առանց կցորդի ավտոբուսներ, ավտովագոնների համար |
7. |
Տեխնիկական սպասարկման կայաններ |
Տրանսպորտային միջոցների վերանորոգման և սպասարկման համար նախատեսված տարածքներ |
30 |
20 |
15 |
Սպասարկման կայանները պետք է հագեցած լինեն՝ · հաշվարկային հզորությամբ տրանսպորտային միջոցների կայանատեղիներով, · զուգարաններով · աղբամաններով։ Նվազագույն հագեվցվածության պահանջները՝ · տրանսպորտային միջոցների ընդհանուր ախտորոշման, սպասարկման և վերանորոգման տարբեր տեսակի միջոցներ և սարքեր, · անվադողերի տեղադրում և վուլկանացում · լվացում, մաքրում և այլն |
8. |
Ավտոլվացման կետեր |
Տրանսպորտային միջոցների լվացման համար նախատեսնված վայրեր |
30 |
20 |
15 |
Ավտոլվացման կետերը պետք է հագեցված լինեն՝ · համապատասխան հզորությամբ մեքենաների կայանատեղիներով, · զուգարաններով, · աղբամաններով, · ավտոմեքենաների լվացման կետերը պետք է հագեցած լինեն կեղտաջրերի մաքրման համակարգով · մինչև հինգ սռնի ունեցող մեքենաների լվացման կայանները պետք է ունենան 50 մ սանիտարական պաշտպանության գոտի, բեռնատարների լվացման կայանները՝ 100 մ Ավտոմեքենաների լվացման կայանները կարող են տեղակայված լինել ավտոտեխսպասարկման կայանների, գազալցակայանների, բազմաֆունկցիոնալ սպասարկման համալիրների, ինչպես նաև առանձին: |
9. |
Սննդի և առևտրի կետեր |
Երթևեկության մասնակիցների համար նախատեսված հասարակական սննդի արտադրանքի արտադրության, վաճառքի կամ սպառման կազմակերպման համար նախատեսված կառույցներ |
50 և ավելի |
30 |
մինչև 30 |
Սննդի սպասարկման կետերը պետք է՝ · հագեցած լինեն համապատասխան տարողունակությամբ տրանսպորտային միջոցների կայանատեղիով · զուգարաններով · թափոնների տարաներով · լրացուցիչ կահավորված լինեն բանկոմատներով · կապի ծառայությունների վճարման մեքենաներով։ Առևտրի կետերը տեղադրվում են սպասարկման մյուս օբյեկտների հետ միասին։ Արգելվում է սննդի և առևտրի կետերում ալկոհոլային խմիչքնների վաճառքը |
10. |
Ավտոկայաններ և ավտոկայարաններ
|
Տրանսպորտային փոխադրումների սպասարկման համար նախատեսված շենք կամ շենքերի համալիր կամ կառույց, որոնք նախատեսված են ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրման նպատակով ուղևորներին և փոխադրողներին ծառայություններ մատուցելու համար |
100 |
100 |
- |
Ավտոկայարանները պետք է հագեցած լինեն` · տոմսերի և ուղեբեռի դրամարկղներով, · դիսպետչերական կենտրոնով, · տեղեկատվական կենտրոնով, · ուղեբեռի պահեստով, · սննդի կետերով · զուգարանով, · ուղևորների նստեցման և իջնելու հարթակով, · ավտոկայանատեղով · երթուղային տրանսպորտային միջոցների մաքրման և ստուգման կետերով։ Ավտոկայանները պետք է հագեցած լինեն՝ · տոմսարկղերով, · դիսպետչերական կետերով, · զուգարանով, · ուղևորներին նստեցնելու և իջնելու հարթակով · երթուղային տրանսպորտային միջոցների կայանատեղով։ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է համապատասխանեն մատչելիության պահանջներին, անվտանգություն և տեղեկատվական բովանդակություն ճանապարհային երթևեկության մասնակիցների, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ավտոկայարաններում և ավտոկայաններում ուղևորներին նստեցնելու և իջնելու հարթակները պետք է ունենան ասֆալտբետոնե կամ բետոնե մակերես: Ավտոկայարանների և ավտոկայանների տարածքում կիրառվում են գծանշումներ՝ տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժը կազմակերպելու համար։ Մանրամասները ներկայացված են ԳՕՍՏ ГОСТ 33062-2014 ստանդարտով |
11. |
Գովազդային և տեղեկատվական վահանակներ ու ցուցանակներ |
Տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են կամ օգտագործվում են գովազդի կամ տեղետակվության տեղադրման (տարածման) համար |
միայն ճանապարհային երթևեկության ցուցանակներ |
- |
- |
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» օրենքներ, ՀՀ կառավարության 19․01․2006թ․ N 765-Ն որոշում |
12. |
Հաղորդակցուղիներ |
Ոռոգման առուներ, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծեր, խողովակաշարեր և այլ հաղորդակցուղիներ, երկրորդային ավտոմոբիլային ճանապարհներ և երկաթուղային գծեր |
- |
- |
- |
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն, 21.04.2023թ․ N 592-Ն, 23․04․2023թ․ N 523-Ն, N 584-Ն, N 538-Ն, N 539-Ն 13․04․2023թ․N որոշումներ, ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ շինարարական նորմերի պահանջներ |
»:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած համարելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
- Որոշման 1-ին հավելվածի 147-րդ կետը լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրով անցնող հատվածներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
13.11.2024 04.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 416
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: