Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական, գույքային և կառուցվածքային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ:

Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հիվանդանոցային պայմաններում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպությունները գործում են թերծանրաբեռնված, ուստի նպատակահարմար չէ առանձին բաժանմունքների առկայությունը (առանձնացված` մեծերի և մանկական):

 Վերոնշյալով է պայմանավորված, որ մարզային բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման նախագծային աշխատանքների կատարման ժամանակ ընդունվել է տիպային օրինակ, որով մեծերի և մանական վիրաբուժական և թերապևտիկ ծառայությունների համար նախատեսվել են համապատասխանաբար մեծերի և մանկական վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներ:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների պահանջները մասնավորապես. բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում թմրաբանական, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում լաբորատոր ախտորոշիչ` կլինիկական, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում լաբորատոր ախտորոշիչ` թունաբանական տեսակներով գործունեության իրականացման պայմանները և պահանջները:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել դրույթ, որով մարզային բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում իրականացվող մեծերի և մանկական վիրաբուժական ծառայությունները (ինչպես նաև թերապևտիկ ծառայությունները` իրենց մասով) հնարավոր կլինի ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը հնարավոր կլինի ներկայացվել մեկ օրինակով, ինչը դրական ազդեցություն կունենա մահճակալային ֆոնդի զբաղվածության ցուցանիշի և մարզային բժշկական կազմակերպությունների գործունեության ծախսարդյունավետության վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից` Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման համար սահմանված պահանջների արդիականացում, ինչպես նաև մարզային բժշկական կազմակերպությունների գործունեության ծախսարդյունավետության բարձրացում:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    06.11.2024 - 21.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 613

Տպել