Հիշել նախագիծը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված  գործընթացների դիտարկման արդյունքներով  բացահայտված  խնդիրները՝  մասնավորապես՝ համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգի, ատեստավորման համակարգի, համայնքային ծառայության պաշտոնների համալրման համար սահմանված կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի չափանիշների, համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հետ կապված և մի շարք այլ խնդիրների բացահայտմամբ։

 

2․ Առկա իրավիճակը․ 

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ նկարագրված են եղել «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Այս օրենքի փոփոխության ժամանակ նշված հասկացությունները հանվել են և անհրաժեշտություն է առաջացել դրանք կրկին նկարագրելու։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում զուգահեռաբար  սահմանել համայնքային ծառայողների հիմնական սկզբունքները, հիմնական իրավունքները, պարտականությունները, համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները, ինչպես նաև սոցիալական երաշխիքները։

Անհրաժեշտություն է առաջացել որոշակի առումով պարզեցնել և դյուրացնել համայնքային ծառայության պաշտոնների համալրման համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի չափանիշները՝ հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածի կարգավորումները՝  համապատասխան փոփոխություններ են արվել փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերող «Համայնքային ծառայության մասին»   ՀՀ օրենքի դրույթներում:

Նախագծով առաջարկվում է աշխատակազմի վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված համայնքային ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի սկզբունքների սահմանում, քանի որ նախկինում դրանք սահմանված էին միայն  համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոնների կրճատման դեպքերի համար։

Նախագծով բարելավվել է համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ժամանակ։ Նախագծով նախատեսվում է աշխատակազմի  կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ և տվյալ համայնքային ծառայողի համաձայնությամբ  արտամրցութային կարգով կառուցվածքային փոփոխության չենթարկված կառուցվածքային ստորաբաժանման, կամ  ստորաբաժանման կազմում չընդգրկված համայնքային ծառայության թափուր պաշտոնում նշանակման հնարավորություն, քանի որ օրենսդրական ներկայիս կարգավորմամբ վերջիններս կարող են արտամրցութային կարգով նշանակվել միայն կառուցվածքային փոփոխություններ կրած կառուցվածքային ստորաբաժանման պաշտոններում։

Ներկայիս օրենսդրական իրավակարգավորումներով համայնքային  ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ, որն ուղղված է զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանը։ Համայնքների միավորման գործընթացով պայմանավորված՝ մեծացել են համայնքային ծառայողներին առաջադրվող պահանջները, ուստի այս իրավիճակում առավել կարևորվում է համայնքային ծառայողների ընտրության, ինչպես նաև վերջիններիս շարունակական վերապատրաստման գործընթացի կատարելագործումը, այդ թվում՝ հասցեական վերապատրաստման ծրագրերով վերապատրաստման իրականացման և վերապատրաստման դասընթացի ավարտին թեստավորման փուլի անցկացման միջոցով, ինչպես նաև համայնային ծառայողի կիսամյակային հաշվետվությունը անմիջական ղեկավարի կողմից գնահատելու միջոցով։ Ուստի ներկայումս ատեստավորումը չի հանդիսանում արդյունավետ գործիք՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշման համար։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանելու նպատակով, համայնքների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում բարեվարքության համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով սահմանվում են համայնքային ծառայողի էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին դրույթ, ինչպես նաև համայնքային ծառայողների անհամատեղելիության պահանջները և սահմանափակումները:

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի հայտարարությունները առավել հրապարակային դարձնելու համար նախագծով առաջարկվում է այն հրապարակել համայնքի պաշտոնական համացանցային կայքում, փակցնել համայնքապետարանում տեսանելի վահանակի վրա, ինչպես նաև ներկայացնել համապատասխան մարզպետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ նշված մարմինների պաշտոնական համացանցային կայքերում հրապարակելու համար։

Նախագծով նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ կարող է նախատեսվել միայն այն դեպքում, երբ նշված պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում, ինչը կբացառի սուբյեկտիվ գործոնը պաշտոնների անձնագրերի հաստատման գործընթացում։

Նախագծով համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ոլորտային օրենսդրությամբ սահմանվում են կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի այլ  չափանիշներ, ինչը ենթադրում է հետևյալը․ «Ոլորտային օրենսդրություն» եզրույթը այս կոնտեքստում  վերաբերվում է այն հանգամանքին, որ սոցիալական աշխատող հանդիսացող համայնքային ծառայողների համար գործում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ամրագրված պահանջները, իսկ Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների համար գործում են «Ներքին աուդիտի մասին» օերնքում ամրագրված պահանջները։

«Ոլորտային օրենսդրության» եզրույթի կիրառմամբ հետագայում այլ օրենքներում փոփոխություններ կատարելու դեպքում անհրաժեշտություն չի առաջանա համապատասխան փոփոխություն կատարել նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքում։

Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի համարվում համայնքային ծառայության ստաժ, գրանցված անձինք չեն համարվում համայնքային ծառայողներ և այդ ժամանակահատվածում չեն վարձատրվում: Հաստիքների կրճատման հիմքով համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք հնարավորություն ունեն ռեզերվից դիմել և զբաղեցնել ժամանակավոր թափուր պաշտոններ, որից հետո արտամրցութային կարգով նշանակվել այդ նույն պաշտոններում: Արդյունքում՝ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածում ընդհատվում է վերջիններիս համայնքային ծառայության ստաժը, ինչից ելնելով նախագծում առաջարկվում է այդ ժամանակահատվածը ներառել համայնքային ծառայության ստաժում։  

3․  Կարգավորման նպատակները․ 

Ներկայացված օրենքի նախագծի նպատակն է՝ համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի բարելավման, համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացի արդիականացման և կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի նոր  չափանիշների սահմանման, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումները համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նկարագրելու,  համայնքային ծառայողի  էթիկայի հանձնաժողովի  ստեղծման վերաբերյալ դրույթի ամրագրում, որը կհանգեցնի համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը: 

4․  Ակնկալվող արդյունքը․ 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցում ՀՀ սահմանադրությանը։

- Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված կրթության, աշխատանքային ստաժի և  փորձի չափանիշների վերանայում և համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև մրցույթների հրապարակայնության ապահովման և դրանց անցկացման գործընթացի կատարելագործում։

- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների նկարագրում համայնքային ծառայության մասին  ՀՀ օրենսդրությամբ։

- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանում.

- Հաստիքների կրճատման  և համապատասխան մարմնի գործունեության դադարեցման հիմքով  համայնքային ծառայության պաշտոններից ազատված և համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված համայնքային ծառայության պաշտոններում նշանակվող անձանց համայնքային ծառայության ստաժի անընդհատության ապահովում:  5․ Իրավականակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը. 

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ որմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

6 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․ 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

7․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներիպահանջիանհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի                   Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

8 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին․ 

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդուն­ման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    30.10.2024 - 14.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 654

Տպել

Առաջարկներ`

Քրիստինա Դաշյան

13.11.2024

Առաջարկում եմ կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետում՝ հանելով «բացառությամբ» բառը։ Ներկայիս ձևակերպմամբ, հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողները դուրս են մնում հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունքից, ինչը հանգեցնում է որոշ համայնքային ծառայողների, մասնավորապես ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների, վարձատրության անհավասարության։ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները իրականացնում են ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք, սակայն նրանց պաշտոնային դրույքաչափերը հաճախ զիջում են համայնքային ծառայության այլ ոլորտներում զբաղված մասնագետների վարձատրությանը։ Ներկայումս գործող դրույքաչափերը խախտում են ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արդար վարձատրության իրավունքը՝ հանգեցնելով աշխատավարձերի անհամաչափության։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արժանի և համարժեք վարձատրությունը՝ համահավասար պայմաններով համայնքային ծառայության այլ պաշտոններում զբաղվածների հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սակավ աշխատավարձի խնդիրը քննարկվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների հետ, և այս առաջարկը ստացել է նրանց ամբողջական աջակցությունը: Այս նախաձեռնությունը միտված է համայնքային ծառայողների աշխատանքի գնահատման արդարության սկզբունքին՝ առանց խախտելու 27-րդ հոդվածի տրամադրած մյուս իրավունքները և սահմանափակումները։

Վաղինակ Հովհաննիսյան

08.11.2024

Իմ կողմից կատարված 14-րդ առաջարկության վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը փաստարկված կարելի է համարել, եթե կարողանաք բերել քաղաքացիական ծառայության համակարգում (որտեղ արդեն մի քանի տարի կիրառվում է այդ կարգավորումը) մի քանի մարմիններում թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանցով չհամալրելու հետևանքով աշխատանքների պարալիզացման կամ անընդհատության առաջացման լուրջ օրինակներ: Հետևաբար, ճիշտ եմ համարում քննարկման առարկա դարձնել առաջարկությունը, չվախենալ մի փոքր աշխատատար դրվագներից ու օրենքը դարձնել հնարավորին ճկուն ու կարգավորորղ:

Վաղինակ Հովհաննիսյան

08.11.2024

Իմ կողմից կատարված 13-րդ առաջարկի վերաբերյալ Ձեր կողմից տրվել է հետևյալ մեկնաբանությունը ------Չի ընդունվել, քանի որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզպետների աշխատակազմերի միջոցով համայնքներում իրականացվում է իրավական հսկողություն։ Հարգելի գործընկերներ, ես նշել եմ տվյալ հոդվածի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ինչը նշանակում է, որ ինչպես լիազոր մարմնի լիազորություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 188, մաս 1) իրավական հսկողության իրականացումն է օրենքով վերապահվել նաև մարզպետներին, նույն այդ տրամաբանությամբ (համանմանությամբ) էլ առաջարկում ենք «Համանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2.-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «իրականացնում է» բառերից առաջ լրացնել «անմիջականորեն կամ մարզպետների միջոցով» բառերը: Կարծում եմ՝ իմ կողմից կատարված առաջարկությանը Ձեր կողմից կատարված մեկնաբանությունը առաջարկությունս Ձեր կողմից մի փոքր անուշադիր կարդալու հետևանք է, քանի որ մեկնաբանությունը շատ մակերեսային է ու չի պարունակում առաջարկության դեմ լուրջ հակափաստարկներ:

Տեսնել ավելին