ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը.
«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 53-րդ կետում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է զբոսաշրջային ուղևորափոխադրողների առջև ծառացած խնդիրներով, մասնավորապես` կապված վերջիններիս կրած մեծ կորուստների և վնասների հետ։ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների /նաև՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների/ տրանսպորտային միջոցներով /նաև՝ զբոսաշրջային ավտոբուսներով/ յուրաքանչյուր երթ իրականացնելու համար պետական տուրքի առկայությունը բացասաբար է անդրադառնում զբոսաշրջիկին առաջարկվող յուրաքանչյուր տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի արժեքի և մրցունակության վրա։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 53-րդ կետի դրույքաչափերի պահանջն ուղղված է կանոնավոր փոխադրումների հոսքի կանոնակարգմանը, սակայն վերջինիս առկայության հետևանքով ներկայումս վնասներ է կրում զբոսաշրջության բնագավառը, մասնավորապես՝ ոչ մրցունակ են դառնում հայաստանյան զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթները կամ առանձին զբոսաշրջային ծառայությունները՝ կապված զբոսաշրջային ավտոբուսներով զբոսաշրջային ուղևորափոխադրման հետ։
Համաձայն «Զբոսաշրջության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ զբոսաշրջային ավտոբուսը առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) և զբոսաշրջային ավտոբուսի որակավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոց է, որով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում։
Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով կամ զբոսաշրջային ավտոբուսներով կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով։
Զբոսաշրջային ուղևորափոխադրողների համար հիմնական ուղղություններից են Վրաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ներկայիս օրենքի շրջանակում Վրաստան մեկնելիս՝ մեկ երթ իրականացնելիս մինչև 17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցները հարկադված վճարում են բազային տուրքի 15-ապատիկի չափով (այլ պետություններ 50-ապատիկի չափով), իսկ 17-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցները բազային տուրքի 50-ապատակի չափով (դեպի այլ պետություններ բազային տուրքի 150-ապատիկի չափով)։ Նշված դրույքաչափերը զգալիորեն ազդում են զբոսաշրջային փաթեթի գնի բարձրացման վրա, ինչն էլ իր հերթին դադարում է մրցունակ լինել տարածաշրջանում և միաժամանակ խնդիրներ ստեղծում զբոսաշրջային ուղևորափոխադրողների համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգվում է «Զբոսաշրջության մասին» օրենքով, որով նախատեսված է զբոսաշրջային ավտոբուսների պարտադիր որակավորում, ինչն էլ ենթադրում է զբոսաշրջիկների անվտանգության և որակյալ ծառայությունների տրամադրման ապահովում՝ սույն նախագծով առաջարկվում է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից միայն զբոսաշրջային ավտոբուսներով զբոսաշրջային ուղևորափոխադրումները ազատել յուրաքանչյուր երթ իրականացնելու համար պետական տուրքից։
Միաժամանակ, զբոսաշրջային ավտոբուսների որակավորման համար արդեն իսկ սահմանվել են խելամիտ տարեկան դրույքաչափեր, ինչը անմիջականորեն չի վնասի զբոսաշրջային փաթեթի իրացմանը տարածաշրջանում։ Միաժամանակ այս կերպ հնարավոր կլինի սահմանել մեխանիզմներ ուղևորափոխադրող և զբոսաշրջային ուղևորափոխադրող ավտոբուսները միմյանցից տարանջատելու համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները․
Նախագծով նախատեսվող փոփոխությունը դրական կանդրադառնա զբոսաշրջության բնագավառում ծառայությունների մրցունակության վրա, մասնավորապես՝ զբոսաշրջային փաթեթները կամ առանձին զբոսաշրջային ծառայությունները, կապված զբոսաշրջային ավտոբուսներով զբոսաշրջային ուղևորափոխադրման հետ, առավել մրցունակ կլինեն տարածաշրջանում առկա առաջարկների նկատմամբ։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․1 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Քննարկվել է
28.10.2024 - 12.11.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 540
Տպել