Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում «204-րդ հոդվածով» բառերը փոխարինել «199.1-րդ հոդվածով»  բառերով, 2-րդ մասով սահմանված ժամկետը բառերը փոխարինել 3-րդ մասով սահմանված ժամկետը բառերով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասում «204-րդ հոդվածի 12-րդ մասով» բառերը փոխարինել «199.1-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 202-րդ, 203-րդ, 204-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3 Օրենքի 198-199-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 198. Մաքսային ստուգումները

 

  1. Մաքսային ստուգումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
  2. Մաքսային հսկողության անցկացման շրջանակներում մաքսային մարմինն իրականացնում է հետևյալ մաքսային ստուգումները.

1) Կամերալ մաքսային ստուգում.

2) Արտագնա մաքսային ստուգում:

  1. Արտագնա մաքսային ստուգումները բաժանվում են հետևյալ տեսակների.

1) պլանային արտագնա մաքսային ստուգում.

2) արտապլանային արտագնա մաքսային ստուգում.

3) արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում:

  1. Արտագնա պլանային մաքսային ստուգման ընթացակարգը սահմանում է կոմիտեն։
  2. Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է առանց ստուգում սկսելու մասին որոշման (կարգադրագրի)՝ մաքսային մարմինների գտնվելու վայրերում, կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցմամբ, ինչպես նաև առանց ստուգվող անձին այցելության, իսկ արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) հիման վրա:
  3. Կոմիտեն սահմանում է կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցման և արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) ձևերը, որոնք պարտադիր պետք է պարունակեն տեղեկատվություն՝ ստուգվող անձանց և մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
  4. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա, մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը, արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)։
  5. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով մաքսային ստուգմանը կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից։

 

Հոդված 199. Մաքսային ստուգումների ժամկետները

 

  1. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 60 օրացույցային օրը, իսկ արտագնա մաքսային ստուգման առավելագույն ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 22-րդ կետով:
  2. Կամերալ մաքսային ստուգման սկիզբ է համարվում կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը ստուգվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ արտագնա մաքսային ստուգման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը։ Կամերալ և արտագնա մաքսային ստուգումների ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը։
  3. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված ժամկետով:
  4. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող կասեցվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա, կարող է կասեցվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում,

2) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքում:

  1. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 9 ամսով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:
  2. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետից բացառություն են կազմում՝

1) քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանը ստանալու օրը ներառյալ.

2) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքերը, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելու օրը ներառյալ.

3) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքերը, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող գործով որոշում կայացնելը.

4) մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքերը, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև փորձաքննության եզրակացությունը (պատասխանը) ստանալու օրը ներառյալ:

 

Հոդված 4 Օրենքը լրացնել նոր 199.1-199.3-րդ հոդվածներով հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 199.1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը

 

  1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) ստուգման ակտ, որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք)։ Ստուգման ակտի ձևը սահմանում է Կոմիտեն։
  2. Ստուգվող անձը արտագնա մաքսային ստուգման ակտը ստացված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ ակտի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին:
  3. Մաքսային ստուգման ակտում նշվում են՝

1) տեղեկություններ ստուգվող անձի մասին (լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը).

2) տեղեկություններ մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը).

3) Միության կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտման բացահայտված փաստերի (հատկանիշների) դասակարգված նկարագրությունն այն իրավական ակտերին հղումով, որոնց պահանջները խախտվել են, կամ տեղեկություններ խախտումների (հատկանիշների) բացահայտված փաստերի բացակայության վերաբերյալ.

4) պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը, վճարման առաջադրվող պարտավորությունների հաշվարկը.

5) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված այլ տեղեկություններ:

4 Ստուգվող անձը սույն օրենքի 199․2-րդ հոդվածով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել ակտով և(կամ) որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները: Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 199.2. Մաքսային ստուգման արդյունքների հիման վրա որոշումների ընդունումը

 

  1. Մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով կարող են ընդունվել հետևյալ որոշումները կամ դրանցից որևէ մեկը․
  • մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին,
  • պարավորությունները ստուգման ակտով վճարման առաջադրելու մասին,
  • առարկությունները ընդունելու կամ մասնակի ընդունելու և պարտավորություն չառաջադրելու կամ մասնակի առաջադրելու մասին,
  • հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ սահմանելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
  • գործունեությունը կասեցնելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
  • մաքսային մարմնի կողմից վարվող ռեեստրից հանելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
  • այլ որոշումներ, որոնք օրենդրությամբ սահմանված դեպքերում կարող են ընդունվել մաքսային ստուգումների արդյունքում:
  1. Կամերալ մաքսային ստուգման արդյունքներով Միության մաքսային օրենսգրքի 332-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում կարող է ընդունվել նաև արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշում։
  2. Մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով որոշումը ընդունվում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից։
  3. Մաքսային ստուգման ակտը և դրա հիման վրա կայացված որոշումը երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով։

 

Հոդված 199.3 Մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի ծանուցման եղանակը և ժամկետները

 

  1. Մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձը (գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) իրազեկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով.

1) Առձեռն, որի դեպքում ստուգվող անձը (գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) պարտավոր է ստորագրել փաստաթղթերի երկու օրինակների վրա՝ հաստատելով փաստաթուղթը ստանալու հանգամանքը, որոնցից մեկը (մաքսային մարմնի օրինակը) վերադարձվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Փաստաթուղթը ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում փաստաթղթերի օրինակի վրա։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում փաստացի հանձնելու ամսաթիվը, իսկ փաստաթուղթը ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում՝ գրառում կատարելու ամսաթիվը։

2) Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի էջում տեղադրելու ամսաթիվը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:

3) Փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ մաքսային և (կամ) հարկային մարմնում առկա առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման, գրանցման, գործունեության  կամ բնակության հասցեով։

Փոստային կապի միջոցով փաստաթղթերը ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, և փաստաթղթերն համարվում են պատշաճ ծանուցված (ստացված) կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:

4) Անձի մաքսային մարմնին տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը հավաստվում է ստուգվող անձի կողմից` նույն էլեկտրոնային փոստի միջոցով։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում ստուգվող անձի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթղթերի ստացումը հավաստելու ամսաթիվը։

  1. Սույն հոդվածի իմաստով մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթեր են համարվում․

1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը,

2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը),

3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը,

4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը,

5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը,

6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը,

7) մաքսային ստուգման ակտը,

8) մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով ընդունված որոշումը։

  1. Մաքային ստուգմանը վերաբերող փաստաթղթերը ստուգվող անձին (գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին) ծանոթացվում են հետևյալ ժամկետներում․

1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը՝ ստուգումը սկսելու օրը,

2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)՝ ստուգումը սկսելու օրը,

3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

7) մաքսային ստուգման ակտը՝ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։

8) մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով ընդունված որոշումը՝ առարկությունները ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 5. Օրենքի.

1) 251-րդ հոդվածի 2-րդ մասում «ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով ուղարկվում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքում կասեցման որոշում ընդունելու դեպքում` որոշումը ուղարկվում է 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով և նույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում նշված ժամկետում» բառերով,

2) 251-րդ հոդվածի 4-րդ մասում «ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով ծանուցում է իրավաբանական անձին» բառերով,

3) 252-րդ հոդվածի 2-րդ մասում «ծանուցում է իրավաբանական անձին» բառերը փոխարիել լրացնել «199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով ծանուցում է իրավաբանական անձին,իսկ մաքսային ստուգման արդյունքում այդ որոշումն ընդունելու դեպքում` որոշումը նույն եղանակով ծանուցում է 199.3-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում նշված ժամկետում» բառերը, նույն մասում  «իրավաբանական անձի լիազորած ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը» բառերը փոխարինել «199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով ուղարկվում է իրավաբանական անձին» բառերով:

 

Հոդված 6 Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և 286-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետից  հանել «շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և» բառերը։

 

Հոդված 7 Օրենքը լրացնել նոր` 9.1-րդ բաժնով, հետևյալ բովանդակությամբ.

 

«ԲԱԺԻՆ 9.1

ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ 59.1

 

Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքում պատասխանատվությունը

 

  1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգման արդյունքում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպք բացահայտվելու դեպքում ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվում են չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարները, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերը, տուրքերը և վճարները (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի), սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված տույժերը, ինչպես նաև տուգանք` չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) հանրագումարի 20%-ի չափով»:

 

Հոդված 8 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սկսված մաքսային ստուգումների վրա, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված ստուգումների գծով գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

  • Քննարկվել է

    25.10.2024 - 11.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 706

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ