Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

 «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման և պետական վերահսկողության խստացման անհրաժեշտությամբ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել նաև տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև ներդնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների անվտանգության ապահովման համար պետության և գործարար միջավայրի միջև իրավահարաբերությունների կարգավորման  հետ կապված միջազգային լավագույն փորձը:

        Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև բարձր ճնշման տակ աշխատող, տարբեր գործառնական նշանակության (այդ թվում թթվածնային)  գլանաանոթների պայթյունների ու հրդեհների քանակը: Միայն վերջին 5-6 տարիների ընթացքում գրանցվել են շուրջ վեց տասնյակ նմանօրինակ դեպքեր, որոնք ուղեկցվել են մարդկային զոհերով, վնասվածքներով և խոշոր նյութական վնասներով, որոնք արդյունքում չեն փոխհատուցվել, քանի որ դաշտը ՀՀ օրենսդրությունում բաց է:

 Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելումը՝ դրանց ծանր հետևանքներից խուսափելու, ինչպես նաև  դրանց հետևանքով մարդկանց և շրջակա միջավայրին հասցվող վնասը վերականգնվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նմանատիպ օբյեկտների՝ օրենքով սահմանված տեխնիկական փորձաքննությունն իրականացվեն այնպիսի փորձագիտական կազմակերպությունների կողմից, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներով, անհրաժեշտ չափիչ-ուղղիչ սարքավորումներով:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ կիրառելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը, բախվել է որոշակի բացերի, որոնց կարգավորումները տրվում են ներկայացվող նախագծով:

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է սահմանել փորձագետի կամ փորձագիտական խումբի, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության հասկացությունները:

Բացի այդ, հաշվի առնելով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության  առանձնահատկությունները, Նախագծով նախատեսվում է վերջիններիս նկատմամբ փորձաքննության իրականացումը վերապահել  Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր հոդվածով, որով կարգավորվում են պայթեցման աշխատանքների հաշվառման նպատակով թղթային և էլեկտրոնային գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև սահմանվում են պայթեցման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարտավորությունները և դրանց չկատարման համար սահմանվող պատասխանատվությունը:

Հարկ է նշել, որ Նախագծով սահմանվել է նաև պատասխանատվություն համապատասխան փորձագետի որակավորում չունեցող անձանց կողմից փորձագիտական եզրակացության տրամադրման համար:

Նախագծով նախատեսվում է նաև ԱՎՕ-ների ռիսկի վերլուծության և ռեեստրի վարման լիազորությունը վերապահել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, ինչպես նախկինում է եղել, հաշվի առնելով, որ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի կառուցվածքային փոփոխության արդյունքում հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը լուծարվել է:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև այդ օբյեկտների՝ ռեեստրում գրանցումը դադարեցնելու կարգը: Նախագծով փակվում են առկա բացերը, մասնավորապես օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցումը ռեեստրում դադարեցվում է դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը (12-րդ հոդվածի 7-րդ մաս): Ենթադրվում է, որ գրանցումը պետք է դադարեցվի բացառապես ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության առկայության դեպքում: Ներկա դրությամբ գոյություն ունեն այնպիսի օբյեկտներ, որոնց նկատմամբ իրենց տեխնիկական առանձնահատկությունների հաշվառմամբ, ապամոնտաժման փաստը կիրառելի չէ, կամ տարիներ շարունակ պիտանի չի եղել շահագործման և նմանատիպ այլ դեպքեր, որոնց արդյունքում լիազոր մարմինը հիմք ընդունելով օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի իմպերատիվ պահանջը՝ իրավասություն չի ունեցել ռեեստրում դադարեցնելու վերջիններիս գրանցումը: Արդյունքում այդ օբյեկտներն առ այսօր գրանցված են որպես շահագործվող օբյեկտներ: Նախագծով նախատեսվող փոփոխությունները և լրացումները կարգավորում են հոդվածում առկա բացերը, սահմանում  ֆիզիկական անձանց ներկայացվող այն պահանջը, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն օբյեկտը ռեեստրում գրանցելիս: Մասնավորապես՝ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ են հանդիսանում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Սակայն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ֆիզիկական անձինք բացակայում են, ինչը նույնպես դժվարություն է առաջացրել լիազոր մարմնին գրանցելու ֆիզիկական անձանց կողմից փաստացի շահագործվող օբյեկտները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բովանդակությունը համապատասխանում է արդյունաբերական անվտանգության կամ տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության ոլորտում օբյեկտների անվտանգության ապահովման, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացման և կանխարգելման, կանխատեսման և կառավարման բնագավառում ձևավորված քաղաքականությանը և համահունչ է այդ վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը, շրջակա բնական միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանն, աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջազգային, միջպետական համաձայնագրերի և կոնվենցիաների հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված  կարգավորման առարկան ՀՀ տարածքում ԱՎՕ-ների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնք կարգավորվելու են հետևյալ կերպ.

1.     Առավել հեշտացվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցումը և գրանցումը դադարեցնելուն ներկայացվող պահանջները.

2.    Նախատեսվում է տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության պարտադիր փորձաքննություն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների համար.

3.    Սահմանվում են պատասխանատվության հստակ միջոցներ օրենքի լրացվող դրույթների խախտումների համար:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների ամրագրումը կնպաստի ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը՝ մշակել և արդիականացնել միջազգային նորմերին համահունչ տեխնիկական անվտանգության նորմեր և կանոններ, էապես բարելավվել և որակական նոր մակարդակի հասցնել ՀՀ տարածքում շահագործվող օբյեկտների համալիր անվտանգությունը, նվազագույնի հասցնել հնարավոր տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային բազմաթիվ զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Օրենքում կատարվող լրացումների և փոփոխությունների վերջնական արդյունքն իր հերթին կբերի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ազգաբնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը, տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանալու Կառավարության մի շարք որոշումներում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

  Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում 2018 թվականին և հետագա տարիներին ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարները կավելանան շուրջ 15 մլն դրամով: Նշված ավելացումները պայմանավորված են  նրանով, որ ներկայումս հավատարմագրված անձանց կողմից իրականացվում են տարեկան մոտավորապես  50 բենզալցակայանի,90 գազալցակայանի,85 հանքավայրի և 120 քիմիական օբեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն, որոնց համար պետական բյուջե են վճարում պարզեցված հարկ 5% ստացված եկամուտից: Հաշվի առնելով, որ նախագծով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից, որը պետական բյուջե վճարելու է ոչ թե պարզեցված հարկ, այլ ավելացված արժեքի հարկ, այն է՝ ստացված եկամտի 20%-ը, հետևաբար բյուջեում կավելանա շուրջ 15 միլիոն ՀՀ դրամ:

     

 

  • Քննարկվել է

    01.03.2018 - 16.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15086

Տպել

Առաջարկներ`

ara abrahamyan

17.03.2018

Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Որերորդ անգամ նույն անմիտ պահանջն է կրկնվում:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ ի՞նչն է ապահովագրվելու, ինչպե՞ս է գնահատվելու, ո՞վ է գնահատելու, արդյո՞ք կան նվազագույն հարցերի պատասխանները, թե տնտեսվարող սուբյեկտները ուղղակի մեծ ծախսերի պատրաստվեն փորձաքննության իրականացման արժեքի փոփոխությամբ՝ մենաշնորհով պայմանավորված և ըստ ներկայացված տրամաբանության՝ չհատուցվող ապահովագրման ավելացմամբ:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Բացակայում է Ժամկետի և պահանջի խելամտությունը: Ո՞վ է հաստատել փորձագետին ներկայացվող պահանջները, գիտելիքների բազան, գնահատման համակարգը, թե այդ ամենը իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի քմահաճույքով՝ զուտ շուկայում գերակա դիրք զբաղեցնելու և իր ցանկությամբ գնային քաղաքականություն վարելու նպատակով:

Տեսնել ավելին