Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու, Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները հստակեցնելու, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել են զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության անցման, պահեստազորում հաշվառման շրջանակներում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: Որոշմամբ սահմանված գործընթացները հիմնականում իրականացվել են փաստաթղթային ձևաչափով, 2023 թվականին Որոշման մեջ կատարված փոփոխություններով նախատեսվել է, որ համապատասխան գործընթացները կարող են իրականացվել նաև ԱՐՄԵԴ համակարգով, սակայն այդ ընթացքում աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահության համակարգին գործընթացի ինտեգրման ուղղությամբ, որի արդյունքներով առաջարկվում է համապատասխան գործընթացների իրականացումը սահմանել բացառապես էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչպես նաև սահմանել, որ եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից ԷԱՀ-ում առկա ձևաչափով չի իրականացվում քաղաքացու վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը, ապա մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց համապատասխան հաստատությանը փոխհատուցում չի հատկացվում: Անհրաժեշտություն է նաև առաջացնել հստակեցնել Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները՝ փոր­ձաքննու­թյուն իրականացնող մարմինների գործունեության արդ­յունք­ների ուսումնա­սիրման, քննարկման և գնահատման, ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտն­վող ռազմաբժշկական փորձաքննության ենթակա անձանց հետազոտման, ախտո­րոշ­ման և բուժման ընթացքի, փորձաքննության որակի ուսումնասիրման ուղղությամբ, հստակեցնել, որ Որոշման մեջ օգտագործվող «ձեռք բերած հիվանդություն» կամ «ստացած վնասվածք» հասկացությունները ներառում են նաև «հոգեկան խանգարումը (հոգետրավման)», հստակեցնել տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, քաղաքացիների բժշկական հետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների ցանկում լրացնել «Նորմեդ բժշկական կենտրոնը», Որոշման մեջ կատարել մի շարք տեխնիկական, օգտագործվող հասկացությունների միատեսակ սահմանման բնույթի փոփոխություններ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով կարգավորվում են քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.10.2024 - 30.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 844

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

27.10.2024

ծգ. Կետ․ Առաջարկում եմ «Ռազմաբժշկական փորձաքննություն» բառերը չփոխարինել «Փորձաքննություն» բառով։ 71-րդ կետի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «Ռազմաբժշկական փորձաքննության» բառերի փոխարինումը «Փորձաքննության» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին

Սամվել Սահակյան

27.10.2024

ծբ. Կետ․ առաջարկում եմ «ռազմաբժշկական» բառը չփոխարինել «բժշկական» բառով։ 70-րդ կետի երկրորդ պարբերությունում «ռազմաբժշկական» բառի փոխարինումը «բժշկական» բառով հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։

Սամվել Սահակյան

27.10.2024

խի. Կետ․ առաջարկում եմ «ռազմաբժշկական» բառը չհանել։ 68-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ռազմաբժշկական» բառը հանելը հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին։

Տեսնել ավելին