Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ
«ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Սույն կարգի ընդունումը պայմանավորված է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող ստարտափներին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ:
«Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որը ներառված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումներում և հանդիսանում է նույն որոշման N 1 Հավելվածով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցառումների 3-րդ կետով սահմանված ծրագիր: Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականը շահառուների սփյուռքից լինելու հանգամանքն է, ինչն էլ որոշակի խնդիրներ է ստեղծում Ծրագրի արդյունավետ իրականացման համար, որովհետև տարբեր երկրներում և տարատեսակ սոցիալական, տնտեսական, մշակութային միջավայրերում ապրող մեր հայրենակիցները շատ դեպքերում անհաղորդ են հայաստանյան իրականությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ այդ պատկերացումները փաստազուրկ են և խեղաթյուրված:
«Ներուժ» ծրագրի խնդիրն է սփյուռքահայերին Հայաստանը ներկայացնել որպես բարենպաստ բիզնես միջավայր և զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգ ունեցող երկիր, որը թույլ կտա Հայաստանը դիտարկել ոչ միայն որպես պատմական հայրենիք, այլև որպես սեփական գաղափարների իրագործման համար նպաստավոր միջավայր՝ խթանելով տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը:
Սփյուռքի անհատների փորձի, գիտելիքների, կապերի և գաղափարների ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության և տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար: Արտերկրյա ստարտափ և կորպորատիվ մշակույթի փորձի, և կարողությունների ներմուծումը հայաստանյան տնտեսական միջավայր՝ կապահովի հայկական տեխնոլոգիական ոլորտի բազմազանությունը՝ հարստացնելով արդի տեխնոլոգիական լուծումներով և մոտեցումներով:
Վերոնշյալ գործոններով է պայմանավորված նաև ծրագրի բացառիկությունը, որը՝ որպես պետական ծրագիր, իր տեսակով եզակի է:
Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ Ծրագրի իրականացման շրջանակում մասնակիցների համար առաջանում էին մի շարք խնդիրներ՝ կապված ներպետական ընթացակարգերի հետ, մասնավորապես՝ ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելու համար ոչ բավարար հմտություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ ոլորտային օրենսդրությանից ու ընթացակարգերից անտեղյակությունը:
Բացի վերոնշյալից հարկ է նկատել, որ նախորդ «Ներուժ» ծրագրերն իրականացվել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման համաձայն՝ նախարարության կողմից հաղթողների հետ դրամաշնորհի պայմանագրեր կնքվելու միջոցով, մինչդեռ նշված նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկան և ծրագրի իրականացման նպատակները ամբողջությամբ չեն համընկնում միմյանց և արդյունքում իրավակիրառ պրակտիկայում առաջ էր գալիս խնդրահարույց իրավիճակներ, միջգերատեսչական մակարդակում անհրաժեշտ էր լինում ծրագրի բացառիկության հետ կապված ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ կամ ծրագիրն իրականացնել ոչ Նախարարության ռեսուրսներով:
Նմանատիպ իրավիճակներից զերծ մնալու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ծրագրի՝ վերոհիշյալ գործոններով պայմանավորված բացառիկության հանգամանքը, ձեռնարկվել են աշխատանքներ, շահագրգիռ մարմինների հետ իրականացվել են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ Ծրագրի իրականացման համապարփակ Կարգի մշակման ուղղությամբ, որով առաջարկվում է ինչպես սահմանել Ծրագրի իրականացման ընթացակարգը, այնպես էլ թույլատրել լիազոր մարմնին մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված ստարտափներին տրամադրել աջակցություն՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
- Իրավական ակտի ակնկալվող արդյունքը.
Կարգի ընդունման արդյունքում կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի դրույթներից:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ 2024 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
14.10.2024 - 29.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 519
Տպել