«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
8 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 177-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է զգալի չափերով`»,
- 2-րդ մասի 1-ին կետը «մի խումբ անձանց» բառերից առաջ լրացնել «զգալի չափերով,» բառերով,
- 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը՝ «գողության,» բառից հետո, լրացնել հետևյալ նոր բառերով.
«եթե չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ,»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21-րդ գլխի (սեփականության դեմ ուղղված հանցագործություններ) համապատասխան հոդվածների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում առանձնացնել հետևյալը՝
- զգալի չափը պարտադիր հատկանիշ է հափշտակության եղանակներից գողության թե՛ հասարակ, թե՛ որակյալ հանցակազմերի համար, ինչը պրակտիկ իրացման ընթացքում հանգեցնում է պատիժների անհամամասնությանը.
- ի տարբերություն մի շարք արտասահմանյան երկրների օրենսդրական կարգավորումների՝ գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության առանձին սահմանում նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքում, ինչի բացակայությունը գործնականում հանգեցնում է լուրջ խնդիրների, այդ թվում՝ անպատժելիության:
- Զգալի չափը գողության թե՛ հասարակ, թե՛ որակյալ հանցակազմի պարտադիր տարր նախատեսված լինելու առնչությամբ
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ քրեական օրենսդրությունում հափշտակության համար քրեական պատասխանատվությունը տարբերակվում է կախված հափշտակության չափից:
Հափշտակությունը, անկախ չափերից հանցագործություն է համարվում միայն ավազակության և կողոպուտի դեպքում, իսկ հափշտակության մյուս եղանակների, այդ թվում՝ գողության համար քրեական պատասխանատվությունն առաջանում է սկսած զգալի չափից:
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զգալի չափ է համարվում գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին՝ ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): Իսկ նույն օրենսգրքի 177-րդ հոդվածում գողությունը բնորոշվում է որպես ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն:
Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված է գողության հիմնական (հասարակ) հանցակազմը, որում արտահայտված են հանցագործության տվյալ տեսակին բնորոշ հիմնական հատկանիշները: Մասնավորապես, դրանք են՝
- ուրիշի գույք.
- զգալի չափերով.
- գաղտնի հափշտակություն:
Թե՛ տեսական, թե՛ գործնական աղբյուրներում առկա հիմնական մոտեցման համաձայն՝ հանցագործությունների որակման տեսանկյունից հիմնական հանցակազմի նշանակությունն այն է, որ դրա հատկանիշներն ընդգրկվում են հանցակազմի բոլոր դրսևորումների մեջ: Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նկարագրված են գողության՝ համապատասխանաբար ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներով զուգորդված հանցակազմերը, որոնք իրենց մեջ ներառելով գողության հիմնական հանցակազմի հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մաս)՝ նախատեսում են համապատասխան արարքը որակյալ դարձնող առանձին հատկանիշներ: Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հասարակ, և նույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված որակյալ հանցակազմերը՝ միանշանակ է, որ արարքը ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, որ առկա են հասարակ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները: Այլ կերպ՝ եթե անձի արարքում բացակայում է գողության հասարակ (հիմնական) հանցակազմի պարտադիր հատկանիշներից որևէ մեկը, ապա այն այլևս չի կարող որակվել ծանրացնող կամ առավել ծանրացնող հատկանիշով[1]:
Միանշանակ է, որ գողության եղանակով հափշտակություն կատարելով՝ հանցավորը ցանկանում է գույքը վերցնել այնպես, որ ոչ ոք այդ մասին չիմանա՝ գիտակցելով, որ այս դեպքում դիմադրության չի հանդիպի, կխուսափի կոնֆլիկտից, իսկ իր կատարածը չի բացահայտվի: Ուստի, անվիճելի է, որ գաղտնի հափշտակության այս եղանակն իր վտանգավորության հարցով զիջում է կողոպուտին և ավազակությանը:
Այդուհանդերձ, կրիմինոլոգիական իրողության հաշվառմամբ, հարկ է նկատել, որ գողության որոշ ծանրացնող հանգամանքներ օժտված են հանրային բարձր վտանգավորության: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պահեստարան կամ շինություն կամ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից գողություն կատարելուն: Թվարկված ծանրացնող և առանձնապես ծանրացնող հանգամանքների դեպքերում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համապատասխան մասով որակելու համար գողոնի չափը չպետք է որոշիչ նշանակություն ունենա:
Տեսադաշտից դուրս չպետք է թողնել նաև այն, որ գողության դեպքում առավելապես բարդ է հանցավորի դիտավորության ուղղվածության ապացուցումը: Այսպես, ենթադրենք, գողությունը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով, սակայն հանցավորին, իր կամքից անկախ պատճառներով, չի հաջողվել գողանալ 5 հազար դրամը գերազանցող գումար: Նմանատիպ պայմաններում, եթե հնարավոր չլինի ապացուցել, որ հանցավորն իրականում մտադիր էր գողանալ, ասենք, 5 միլիոն դրամ (ինչը գործնականում բավական բարդ է), ապա վերջինս կենթարկվի ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվության: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում մանր չափերով գողության, խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով հափշտակության համար:
Մինչդեռ, ակնհայտ է, որ նման դեպքերն օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ, իսկ կրիմինոլոգիական իրողության անտեսումը հանգեցնում է հանցագործությունների տարբեր տեսակների համար նախատեսվող պատիժների անհամամասնությանը:
Հարցի առնչությամբ առավել կոշտ մոտեցում է դրսևորված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում, ըստ որի՝ այդուհետ արարքը հափշտակության որևէ տեսակով որակելու համար հափշտակած գույքի չափը որոշիչ նշանակություն չի ունենալու:
Արժանահիշատակ է նաև, որ ինչպես նախկին մի շարք խորհրդային (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն[2], Ուզբեկստան[3], Ղազախստան[4]), այնպես էլ եվրոպական (Հունգարիա[5], Չեխիա[6], Ֆրանսիա[7], Գերմանիա[8], Լատվիա[9]) երկրներում գողության հասկացության մեջ չափը՝ որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ. նախատեսված չէ:
- Գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության առանձին սահմանման բացակայության առնչությամբ
Գրպանահատության՝ որպես գողության առանձին դրսևորման տարատեսակի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածում նախատեսված չլինելը հանգեցնում է անպատժելիության հետևյալ պատճառներով՝
- գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը (արժեքը), իսկ այդ պայմաններում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման.
- քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ հանցավորին գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումար (արժեք):
Ինչ վերաբերում է բարձրացված հարցի առնչությամբ պրակտիկային և վիճակագրական տվյալներին, ապա դրանց ամփոփ ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրերում գրպանահատությունը բավական տարածված երևույթ է:
Այսպես, 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականի ընթացքում գրպանահատության եղանակով կատարված գողության դեպքերը կազմում են գողության ընդհանուր թվի 23,4%, 2016 թվականին՝ 25,4%, 2017 թվականին՝ 19,8%: Բացի այդ, լուրջ խնդիր է նաև այն, որ ներկայիս կարգավորումների շրջանակներում գրպանահատության ձևով գողություն կատարելը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր մեղադրանքի գործ), ինչը ևս նպաստում է գողության դեպքերի աճին: Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարած անձինք մասնավոր մեղադրանքի դատավարական կարգավորումների արդյունքում հետաքննության կամ նախաքննության փուլում, որպես կանոն, չեն կալանավորվում և մնալով ազատության մեջ՝ կրկին կատարում են նույն հանցանքը:
Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (առանց այլ հոդվածների կամ նույն հոդվածի այլ մասերի հետ համակցության) հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քրեական վարույթ է իրականացվել 5 160 անձի նկատմամբ, որոնցից 4 045-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է[10], իսկ 780-ի նկատմամբ՝ կարճվել, որոնցից 102-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (դիմողի բողոքի բացակայություն)[11]։
Ավելին, առկա են դեպքեր, երբ միևնույն անձի նկատմամբ գողության (առավելապես կատարված գրպանահատության եղանակով) հատկանիշներով 2015-2018 (փետրվարի դրությամբ) թվականներին 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել, ընդ որում միայն 1 դեպքում է դատապարտվել տուգանքի, 1 դեպքում հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտություն), իսկ 119 դեպքում նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (դիմողի բողոքի բացակայություն):
Խոսելով արտասահմանյան երկրների միջազգային փորձից, պետք է նկատել, որ դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրպանահատությունն այլ պետությունների քրեաիրավական կարգավորումներում ձևակերպված է կամ որպես առանձին հանցակազմ, կամ որպես գողության հանցակազմի ծանրացնող հանգամանք:
Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքը գրպանահատությունը դիտել է որպես գողություն հանցակազմի ծանրացնող հանգամանք՝ սահմանելով առավել ծանր պատիժ տուժողի մոտ գտնվող հագուստից, պայուսակից կամ այլ ուղեբեռից կատարված գողության համար (158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ)[12]: Ավելին, ըստ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի՝ այն չի դասվում մասնավոր մեղադրանքի գործերի շարքին[13]: Նմանատիպ կարգավորումներ են նախատեսված նաև Ուզբեկստանի Հանրապետության քրեական (169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)[14] և քրեական դատավարության (325-րդ հոդված)[15] օրենսգրքերում: Նույնն է պատկերը նաև այլ երկրներում: Մասնավորապես, Հունգարիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 37036 հոդվածի[16], Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի[17] համաձայն՝ առավել ծանր պատիժ է նախատեսվում գրպանահատությամբ կատարված գողության համար:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման, պրակտիկայում առկա իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առնչությամբ առաջարկվում է հետևյալ հայեցակարգը՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպել այնպես, որ «զգալի չափը» լինի ոչ թե գողության հասկացության, այլ միայն գողության հասարակ հանցակազմի պարտադիր տարր:
- Հիմք ընդունելով գողության՝ պահեստարան կամ շինություն կամ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից ծանրացնող հանգամանքների հանրային բարձր վտանգավորությունը՝ այսուհետ արարքը դրանցով որակելու դեպքում «զգալի չափը» առհասարակ որոշիչ նշանակություն չի ունենա:
- Որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացվել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն առավել համամասնական, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:
[1] Նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ ԱՐԱԴ/0025/01/15 որոշման մեջ:
[2] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/57b5c7b83fcd2cf40cabe2042f2d8f04ed6875ad/
[3] http://lex.uz/pages/getpage.aspx?lact_id=111457
[4] http://www.pavlodar.com/zakon/?dok=05552&uro=080189
[5] http://www.parliament.am/library/Qreakan/Hungary.pdf
[6]http://www.legislationline.org/download/action/download/id/6370/file/Czech%20Republic_CC_2009_am2011_en.pdf
[7]http://www.legislationline.org/download/action/download/id/3316/file/France_Criminal%20Code%20updated%20on%2012-10-2005.pdf
[8] http://www.legislationline.org/download/action/download/id/6115/file/Germany_CC_am2013_en.pdf
[9] http://www.legislationline.org/download/action/download/id/4795/file/Latvia_CC_am2013_en.pdf
[10] Այդ թվում համաներման ակտի կիրառմամբ՝ 2 543, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ 1 469, վաղեմության ժամկետներն անցնելու փաստով՝ 18, անձի մահվան փաստով՝ 13 և այլն:
[11] Այդ թվում համաներման ակտի կիրառմամբ՝ 309, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի հիմքով՝ 406, վաղեմության ժամկետներն անցնելու փաստով՝ 26, անձի մահվան փաստով՝ 8 և այլն
[12] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/57b5c7b83fcd2cf40cabe2042f2d8f04ed6875ad/
[13]http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34481/b11b0b48526adb89008bc1b7d5fb33d40be80012/#dst1643
[14] http://lex.uz/pages/getpage.aspx?lact_id=111457
[15] http://fmc.uz/legisl.php?id=k_ug_pr
[16] http://www.parliament.am/library/Qreakan/Hungary.pdf
[17] http://www.legislationline.org/download/action/download/id/4302/file/Lithuania_CC_am2010_en.pdf
-
Քննարկվել է
28.02.2018 - 18.03.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 17852
Տպել