ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացմամբ, դրանց համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմամբ և բխում է ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից: Հետագա անհամապատասխանություններից խուսափելու համար առաջացել է նաև մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ, դրանց միջև առկա են նաև որոշակի հակասություններ: Այդ օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու (2005թ.), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս կազմելու (2010թ.), Եվրոպական հետազոտական տարածքի շրջանակային Հորիզոն 2020 (2014թ.) և Հորիզոն Եվրոպա (2020թ.) ծրագրերում ինտեգրվելու, միջազգային կրթական և գիտական լայն համագործակցության մեջ ընդգրկվելու հանգամանքով։ Այդ բարեփոխումներից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն, այնուամենայնիվ, սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։

Միևնույն ժամանակ գիտության ոլորտում 2021 թվականից իրականացվող պետական քաղաքականությունը և ֆինանսավորման կտրուկ ավելացումը առաջ են բերում նաև օրենսդրական մակարդակի փոփոխությունների կարիք, ինչպես ավելացվող ֆինանսավորման առավել արդյունավետ կառավարման տեսանկյունից, այնպես էլ դրա առավել թիրախային ուղղորդման իմաստով:

Այսպես, ոլորտները կարգավորող ներկայումս գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության և գիտության միջազգային արդի չափանիշներին, չեն նպաստում բարձրագույն կրթության ու գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառումը, դրանց արդյունավետ փոխգործակցությունը, բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապը, բավարար մակարդակով չեն ապահովում ոլորտների զարգացումը, ինչպես նաև սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

Բուհական համակարգը պաշտպանված չէ արտաքին միջամտությունից, ենթակա է քաղաքականացման վտանգին, կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների և հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է:

Գիտության ոլորտում գործում է Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդելը, որտեղ գիտական խորհրդատվական գործառույթները համադրված են վարչարարական անվերահսկելի և հաշվետվողականությունից ազատ միջավայրի հետ: Գիտական կազմակերպությունների կառավարումն իրականացվում է ԳԱԱ լիակատար ֆինանսական, գիտական և կառավարչական հսկողության ներքո, ինչը նվազեցնում է մրցակցայնությունը և մասնակցայնությունը: Միևնույն ժամանակ գիտության կազմակերպման ակադեմիական համակարգը հնարավորություն չի տալիս ֆինանսավորման առավել արդյունավետ ուղղորդմանը: Այսպես՝ համակարգում ներգրավված յուրաքանչյուր ավելի քիչ քան 2 գիտական աշխատակցին զուգահեռ ներգրավված է 1 վարչական կամ սպասարկող աշխատակից: Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ը ուղղորդվում է ԳԱԱ համակարգի կազմակերպություններին, սակայն Միջազգային Վեբ Օֆ Սայնս գիտական տեղեկատվական համակարգում ինդեքսավորվող գիտական պարբերականներում հրապարակումների միայն 32%-ն է տպագրվել ԳԱԱ համակարգի կազմակերպությունների աշխատակիցների կողմից:

Պահպանվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորմանը, հետազոտահեն կրթական ծրագրերի իրականացմանը, բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավմանը։

Բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, այդ պատճառով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը և փոխարենը պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը։

Օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով էապես սահմանափակված են բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների, ակադեմիական և գիտահետազոտական կազմի շարժունության մեխանիզմները։

Գործող օրենսդրության մեջ անհարկի մանրամասնությամբ առկա են ձևակերպումներ, մասնավորապես կրթական առարկաների մակարդակով, ինչն էականորեն խոչնդոտում է կրթական ծրագրերի ճկունությանը՝ անկախ կրթական ծրագրի նպատակից և վերջնարդյունքից։ Շարունակում է պահպանվել կրթության կազմակերպման ժամանակավրեպ բաժանումը առկա և հեռակա ուսուցման համակարգերի, բացակայում են ուսանողների հնարավորությունները մասնակցելու իրենց կրթական ծրագրերի ձևավորմանը՝ ընտրելու դասընթացները, ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) և տևողությունը ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքային զբաղվածության և ֆինանսական հնարավորությունների։

Օրենսդրական կարգավորման անհարժեշտություն ունեն նաև բուհերի կրթական ծրագրերի լիցենզավորման հարցերը, որոնք չեն համապատասխանում մրցունակ և հետազոտահեն կրթության չափանիշներին։ Ծրագրային հավատարմագրումը պարտադիր բնույթ չի կրում, ինչն էական ազդեցություն ունի կրթության որակի պատշաճ ապահովման վրա։

Պահպանվում է բուհերի ֆինանսավորման սխեման ըստ ուսանողների թվի, բուհի ենթակառուցվածքների զարգացմանը և կրթության որակի բարելավմանն ուղղված ֆինանսավորում չի իրականացվում, գործող օրենսդրությամբ չեն ապահովվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունն ու ձեռնարկատիրական հնարավորությունները։

Ընդունելության գործող կարգավորումներով պետական պատվերի տեղերը հատկացվում են բուհերին՝ ըստ հաստատված մասնագիտությունների, իսկ ընդունելությունը բակալավրի կրթական մակարդակում իրականացվում է միասնական մրցույթի միջոցով՝ սահմանափակելով բուհերին մասնակցելու իրենց սովորողների ընտրությանը, այդ թվում՝ հավելյալ պահանջների սահմանմամբ:

Կառավարման համակարգերը և մեխանիզմները չեն նպաստում ակադեմիական ազատությունների, ինքնակառավարման և հետազոտությունների ազատության դրսևորմանը: Օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները, հաշվետվողականության և հասարակական պատասխանատվության մեխանիզմները։ Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման ներքին օղակներում մասնակցային միջավայրի բացակայությունը, մասնագետներին ներգրավելու բաց, թափանցիկ և ճկուն մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև անցկացվող մրցույթների ֆորմալ բնույթը անդրադառնում են երիտասարդ մասնագետների առաջխաղացման վրա:

Բուհերի կառավարման գործող սխեմայով հստակ կարգավորված չէ հոգաբարձուների խորհուրդներում արտերկրի առաջատար մասնագետների ներգրավման հնարավորությունը, ինչը սահմանափակում է կառավարման բարձրագույն մարմինների ձևավորման հնարավորությունները։

Գիտական և գիտատեխխնիկական փորձաքննության մասին օրենքով նախատեսված են կարգավորումներ, որոնք հնարավորություն չեն ընձեռում փորձաքննության նորարարական ու ժամանակակից կամ փորձարարական մեթոդների կիրառման համար, ինչը խոչնդոտում է գիտության ոլորտի համադրելիությանը եվրոպական հետազոտական տարածքի հետ և որոշ դեպքերում սահմանափակում է ֆինանսավորման նոր ծրագրերի ներդրումը:

Վերը նշված օրենսդրական բացերը լրացնելու և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը ու պայմանները ապահովելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում սահմանվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը։ Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ։

Այսպես՝

  • գործող օրենքների համեմատությամբ սահմանվել են նոր հասկացություններ կամ դրանք շարադրվել են նոր խմբագրությամբ՝ մասնավորապես․ գիտական գործունեություն, նորարարական գործունեություն, փորձաքննություն, ակադեմիական միավոր, համատեղ կրթական ծրագրեր, ինտեգրված ծրագիր, հեռավար ուսումնառություն, կարգավորվող մասնագիտություններ, որակավորումների մասնագիտական շրջանակ, միկրո-որակավորումներ, կրթաթոշակ, ուսանողի փորձառություն և այլն.
  • ամրագրվել են ակադեմիական բարեվարքություն, ակադեմիական ազատություն, գիտական կազմակերպությունների և բուհական ինքնավարություն, ակադեմիական գործունեություն, ինչպես նաև մատչելի միջավայր, ներառականություն հասկացությունները, դրանց կիրառման մեխանիզմները․
  • տարանջատվել են բարձրագույն ուսումնական հաստատություն, համալսարան հասկացությունները, նրանց գործառույթները, հաշվետվողականության ու որոշումների կայացման թափանցիկության պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև, ֆինանսկան ինքնավարության սահմաններն ու դրա երաշխիքները, նախատեսվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն առանձին կարգավիճակի սահմանում, ոչ առևտրային կազմակերպության՝ հիմնադրամի կազմակերպական-իրավական տիպի, որի գործունեության առանձնահատկությունները կարգավորվելու են ոլորտի օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով.
  • սահմանվել են գիտական կազմակերպությունների տարատեսակները, ամրագրվել դրանց գործունեության, ինքնավարության, ազատությունների, հաշվետվողականության շրջանակներն ու երաշխիքները, այդ թվում համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպությունների, համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, նաև օտարերկրյա կազմակերպությունների հետ, համալսարանի կրթական ծրագրերին մասնակցության պահանջը՝ ապահովելու որոշակի կրեդիտներ ուսանողների հետազոտական և ակադեմիական մոդուլների մասով.
  • սահմանվել են բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ձևերը (ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով, մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով)․
  • սահմանվել է բարձրագույն կրթության երեք մակարդակներ, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ, նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։ Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող են իրականացնել միայն համալսարանները՝ իրենց կազմում գործող համապատասխան գիտական կազմակերպության հենքի վրա.
  • ամրագրվել են կարգավորումներ, որ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով.
  • ստեղծվել է իրավական հենք, ըստ որի երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության որևէ մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով), առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը.
  • նախագծում սահմանվել են բուհերի լիցենզավորման և հավատարմագրման նոր հիմունքներ, որոնք բխում են ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքներից, միջազգային չափանիշների համապատասխան կրթական միջավայր ապահովելուն միտված՝ շեշտադրելով ուսանողի փորձառության ապահովումը բուհական համակարգում (այսինքն ցանկացած բուհում սովորելիս, սովորողը պետք է ունենա համադրելի փորձառություն student experience), ինչի էությունը կայանում է ուսանողական համայնքի՝ սովորելու համար ոչ ֆորմալ միջավայրի ապահովման, արտաուսումնական և հետազոտական ենթակառուցվածքների հասանելիություն, դրանց ժամանակակից չափանիշներին համապատասխանության, կրթական ծրագրերը մատուցող ակադեմիական կազմի մասնագիտական համադրելի մակարդակների, կրթական ծրագրերի բովանդակության և կրեդիտների կշիռների համադրելիության, այդ թվում միջազգային շարժունության ապահովման, ինչպես նաև կրթական գործընթացից զատ ուսանողի համար նախատեսված սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի երաշխավորման մեջ.
  • նախագծով սահմանվել են նաև բուհեր ընդունելության նոր սկզբունքներ ու մեխանիզմներ, բարձրագույն կրթության երեք մակարդակներում ընդունելության և մրցույթի անցկացման իրավասությունները վերապահելով բուհերին, ընդ որում կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպան-իրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են: Լիազորություններ են վերապահվել կառավարությանը՝ սահմանելու բազմատեսակ կրթաթոշակի տրամադրման սկզբունքները, որի նպատակն է առաջադիմության խթանումը և կրթություն ստանալու համար պետական աջակցության տրամադրումը՝ առաջադիմության և գերազանցության նախապայմանով: Բուհերի համար սահմանվել է իրենց առաջացրած եկամուտի որոշակի բաժնի հաշվին՝ առաջադիմության հիման վրա ուսանողների կրթության վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար.
  • նախագծով դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ, սահմանվել է, որ ուսանողը ունենում է իր անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով կառավարում է իր կրթական գործընթացը՝ ներառյալ անհատական կրթական պլանի կազմումը՝ կրեդիտների հսկողությունը, ինչպես նաև օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից.
  • կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է հանրային բուհերի, գիտական կազմակերպությունների կառավարման մոդելների, կառավարման մարմինների /հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, գիտական խորհուրդ, գործադիր մարմին՝ ռեկտոր, տնօրեն, բուհի կառուցվածքային միավորների գիտական խորհուրդները և այլն/ ձևավորման սկզբունքների, ներկայացվող պահանջների փոփոխություններ և սահմանափակումներ, նրանց լիազորությունների հստակեցում և հավասարակշռում, ամրագրվել են անկախ մարմնի՝ Էթիկայի կոմիտեի ձևավորմանն առնչվող դրույթներ, ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջներին հետևելու պարտավորություններ, չհետևելու դեպքում՝ հետևանքներ։ Ընդ որում, բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար: Միաժամանակ նախատեսվել է նաև տարիքային սահմանափակում հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների ռեկտորների ու տնօրենների համար։ Այդ պաշտոններում ընտրված անձանց լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են.
  • նախագծում կարգավորվել են նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությանը, կարգավիճակին առնչվող հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին.
  • նախագծում առանձին հոդվածով ամրագրվել են Ակադեմիական քաղաքին, որպես ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցություն ապահովող անվտանգ և ժամանակակից միջավայրի՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով, առնչվող կարգավորումներ։ Սահմանվել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցապատման, զարգացման հայեցակարգի իրականացման, մշտադիտարկման աշխատանքները ինչպես նաև կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ակադեմաիակն քաղաքի տեղակայման համար Օրենքի նախագծով նախատեսվել է առնվազն 700 հա մակերեսով տարածքներ, որը կազմված է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքից (մոտ 675 հա) և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքից (մոտ 25 հա), որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա, որի 580 հեկտարի համար արդեն իսկ իրականացվել է գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, մնացյալ մակերեսները նախատեսելով հետագա ընդլայնման և օգտագործման ոչ ենթակա տարածքների համար.
  • նախագծում սահմանվել են նաև եզրափակիչ և անցումային դրույթներ.
  • ուժը կորցրած են ճանաչվելու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքները։

3. Ակնկալվող արդյունքը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների, անհրաժեշտ քաղաքականության մշակման համար իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, լիազորող նորմերի, միասնական կարգավորումների առկայություն՝ նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախներին հասնելուն. դրանք են՝

  • բարձրագույն կրթության և գիտության ոլորտում առաքելությամբ առաջնորդվող, մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը նպաստելը.
  • բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատություններ և ինքնավարության երաշխավորումը.
  • բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովումը, այդ թվում նաև՝ ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ.
  • լավագույն կրթության, լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը և վերահսկողություն, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորումը.
  • աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստելը.
  • հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը:

 4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներիի նախագծերը մշակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ առաջանում է այլ իրավական ակտերի ընդունման և գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է՝

Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակի թիրախային արդյունքային ցուցանիշներին հասնելու հետ,

 «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով սահմանված պահանջներով,

ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» և «4. 4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնների բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներով,

ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ / N1 հավելված/ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագրի «Կրթություն» և «Կրթություն» բաժնի միջոցառումներով:

  • Քննարկվել է

    16.09.2024 - 01.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

27.09.2024 16:00

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, Օրբելի եղբայրներ 22, Երևան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18754

Տպել

Առաջարկներ`

Քաղաքագետների հայկական ասոցիացիա

01.10.2024

Ամփոփելով պետք է նշել, որ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության և գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը բնականաբար չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված և ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետևյալ դրույթները. 1. Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ և բարդ կառավարման համակարգ բուհերի և գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը և նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։ 2. Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։ 3. Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց խիստ և այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։ 4. Ավանդական կրթական մոտեցում։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։ 5. Հավասար պայմանների բացակայություն: Սույն նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի և համալսարանների միջև: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը: Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված և սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության և գիտության հաստատությունների համար: Օրինագծի չափազանց բյուրոկրատիան, չափից ավելի մեծ վերահսկողությունը և խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը և ինստիտուցիոնալ անկախությանը: Հետևաբար՝ սույն օրենքի նախագիծը հիմնովին վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն կա:

Քաղաքագետների հայկական ասոցիացիա

01.10.2024

36. Մյուս կողմից, զարգացած և զարգացող երկրներում թվային փոխակերպման արդյունքում համատարած անցում է կատարվում նոր տեխնոլոգիական և տնտեսական համակարգի, ինչպես նաև ստեղծվում են տնտեսության նոր ճյուղեր ։ AI-ն օգնում է արտադրական գործընթացների ավտոմատացմանը, ռեսուրսների կառավարմանը, լոգիստիկայի օպտիմիզացմանը և շուկայի միտումների կանխատեսմանը: Այն նպաստում է տնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացմանը: Թվային փոխակերպումը գործարկում է աշխատաշուկայի վերափոխման մեխանիզմներ, որոնց արդյունքում էապես կփոխվի աշխատանքային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը: Աշխատանքային ռեսուրսների որակավորումը և հմտությունները էական ազդեցություն կունենան տնտեսության վերափոխման գործընթացների արդյունավետության վրա: և նշանակությունը և դրա դերը կադրերի պատրաստման գործում դժվար է գերագնահատել Այս ուղղությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որը մեծապես որոշում է ինչպես տնտեսական, գիտական, կրթական, սոցիալական, ռազմական և այլ ոլորտների զարգացումը, այնպես էլ այդ ոլորտների կայացվածությունն ու մրցունակությունը: Արհեստական ինտելեկտը հիմնարար կարողությունների արագ զարգացող դաս է, որն ավելի ու ավելի է ներդրվում կրթական տեխնոլոգիական համակարգերի բոլոր տեսակների մեջ: Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել տարբեր ձևերով, ինչպիսիք են հատուկ մշակված կրթական նպատակներով օգտագործման համար: Այսօր տեխնոլոգիաները դրանք ավելի ու ավելի ակտիվորեն և լայնածավալ սկսեցին օգտագործվել ուսումնական հաստատություններում: Հետևաբար, այսօր չափազանց կարևոր է, օգտագործելով արհեստական բանականությունը կրթության մեջ, գիտակցելով դրա հիմնական հնարավորությունները, կանխել կամ գոնե մեղմել առաջացող ռիսկերը և վերացնել չնախատեսված հետևանքները: Եվ զարմանալի չէ շատերի աճող հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի կիրառմանը վերաբերող օրենսդրական առաջարկների նկատմամբ։ Ընդունված օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները պարունակում են սկզբունքներ և դրույթներ, ինչպես նաև միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց գործնական իրականացմանը, որոնք օգնում են հասնել նպատակին: Նախագծում այս կարևորագույն ուղղությունը բացակայում է։

Քաղաքագետների հայկական ասոցիացիա

01.10.2024

35. Գիտության և կրթության թվային փոխակերպման հիմնական ասպեկտներն իրենց բովանդակությամբ նոր ոլորտներն ու գործունեության մոդելներն են, որոնք հիմնված են անընդհատ թարմացվող թվային լուծումների և ծառայությունների սինթեզի, մասնագետների համար շարունակական մասնագիտական կրթության և զարգացման հնարավորությունների, թվային փոփոխությունների կազմակերպման համար պայմանների առկայության, մասնագիտական փոխգործակցության շրջանակներում թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև արդյունավետ հաղորդակցության աջակցության և համակարգման վրա: թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև մասնագիտական փոխգործակցության: Բայց այս կարևորագույն, գիտության և բարձրագույն կրթության զարգացման ժամանակակից մակարդակը և հեռանկարները շատ առումներով որոշիչ այս ոլորտների իրավական կարգավորումը մասին օրինագծում կոնկրետ և հստակ նշված որևէ բան դժվար է գտնել։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել համաշխարհային փորձը, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Չինաստանում և Ռուսաստանում, գիտության և բարձրագույն կրթության թվային փոխակերպման նորմատիվ-իրավական կարգավորման մեթոդաբանություններն ու ուղենշային փաստաթղթերը՝ ուղղված մեր տնտեսության իրական հատվածին և տարբեր հեռանկարային ճյուղերին։

Տեսնել ավելին