Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:

Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։

ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:

2017թ․ նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, որը ՀՀ կառավարության առաջին քայլն էր` ուղղված ՊՄԳ իրավական հիմքերի ստեղծմանը:  Այսպիսով Կառավարությունն ստանձնեց հայաստանյան ՊՄԳ ծրագրերում և՛ տե­ղա­կան, և՛ օտարերկրյա մասնավոր հատվածների մասնակցությունը խրա­խու­սե­լու համար նպաստավոր միջավայր ստեղծելու հանձնառություն:

Սույն նախագծի ընդունմամբ, որպես առաջ­նային օրենսդրության հիմնական գործիք, կար­գա­վորվում են պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները: Օրենքը նախատեսում է Հայաստանում ՊՄԳ-ների սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կա­նոն­ների և ընթացակարգերի հստակ հա­մա­խումբ, որը կօժանդակի ՊՄԳ նոր համակարգն ավելի ամբողջական դարձ­նելու և վերջինիս համար հստակ, ուժեղ իրավական շրջանակ ապահովելու հար­ցում:

Կառավարության նպատակն է կիրառել և խթանել ՊՄԳ-ներն այն դեպ­քե­րում, երբ վերջիններս կարող են տնտեսությանը և հասարակությանն ավելի մեծ օգուտ բերել, քան հանրային հատվածի ավանդական ծրագ­րերը: ՊՄԳ-ները կկիրառվեն, եթե ողջամտորեն ցույց տրվի, որ վեր­ջին­նե­րիս ծախսային արդյունավետությունն ավելի բարձր է, քան ավանդական պե­տական գնումներինը, կամ առանձին հանգամանքներում հանրային նշանակության ենթակառուցվածքների ստեղծման և հանրային ծառա­յութ­յուն­ների մատուցման համար ամենագրավիչ հիմքն են հանդիսանում՝ հա­մա­ձայն Կառավարության կողմից դրանց համար սահմանված այլ չափա­նիշ­ների:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և պահպանման նպա­տա­կով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահ­մանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներ­դր­ման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը՝ խորհրդատուների աջակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՀՀ ՊՄԳ քաղաքականության սահմաններում ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում  եկամուտների նվազում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    23.02.2018 - 21.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13743

Տպել

Առաջարկներ`

Վահրամ Ավանեսյան

20.06.2018

Հիմնավորման մեջ նշված է, որ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Իմ կարծիքով առանվազն Գնումների մասին օրենքում պետք է կատարվեն հիմնարար փոփոխությունների հակառակ դեպքում ՊՄԳ գործարքներ ընդհանրապես հնարավորություն չի լինի իրականացնել։ Գնումների մասին օրենքով ըստ սահմանման ՊՄԳ գնում է և այդպիսով ՊՄԳ կարգավորվում է այդ օրենքով, միաժամանկ ՊՄԳ նախագծով մրցույթները պետք իրականացեն Գնումների մասին օրենքով, այն դեպքում երբ Գնումների մասին օրենքով սահմանված սահմանումնները և ընթացակարգերը հիմնականում կիրառելի չեն ՊՄԳ գործարքների առումով, մասնավորապես ՊՄԳ սահմանված է որպես մասնավոր գործընկերոջը իրավունքի շնորհում, գնման գինը սահմանված է որպես նախահաշվային գին, հանրությանը մատուցվող ծառայությունների գինը չի կարող լինել մրցույթի առարկա / ամենատարածված ՊՄԳ գործարքներն են/, մասնակիցների վրա դրվող սահմանափակումները բացառում են / project financing/ եղանակաը, կնքված պայմանգրի վերաբերյալ հայտարարությանը ներկայացվող պահանջները չեն կարող կատարվել ՊՄԳ շատ դեպքերում, նախորակորման փուլում բանակցությունների պահանջը անտեղի է ՊՄԳ շատ դեպքերում, և այլն։ Առաջարկություն։ Հակասությունները այնքան շատ են, որ թերևս ավելի արդյունավետ կլինի կամ ընհանրապես ՊՄԳ-ի վրա չտարածել Գնումների մասին օրենքը, այս դեպքում ՊՄԳ գնման բոլոր ընթացակարգերը պետք է սահմանվեն ՊՄԳ օրենքով կամ ՊՄԳ օրենքը ներառել Գնումների մասին օրենքում որպես առանձին բաժին, այս դեպքում Գնումների մասին օրենքում պետք նաև կատարվեն այլ փոփոխություններ, առավել կարևոր է ՊՄԳ առանձնահատկությունները հաշվի առնող գնումների ընթացակարգի սահմանումը։

Նարինե Բեգլարյան

07.03.2018

Գտնում եմ, որ 1. ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան կառավարության որոշումներով նախատեսել արտոնությունների ցուցակ և/կամ կատարել այլ աննշան փոփոխություններ գործող օրենքներում (օրինակ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում) և ենթաօրենսդրական ակտերում, բացառելով ծավալուն և համակարգային օրենսդրական փոփոխություններ, 2.ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել ընթացակարգ, որը կկարգավորի մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ իրականացման ու դրա պայմանների մասին դիմումի ներկայացումը ՀՀ Կառավարությանը կամ իրավասու մարմնին, կողմերի առաջարկի շուրջ բանակցությունների վարումը, հավանության տալը ու ժամկետները, ինչպես նաև հետագա ընթացակարգերը: Մասնավորապես, կարող է նախատեսվել, որ մասնավոր գործընկերը ՊՄԳ իրականացման նախաձեռնության առաջին փուլում պետք է հանդես գա ընդհանուր դիմումով և նախագծի իրականացման ընդհանուր մոտեցումներով, ինչպես նաև ներկայացնի, թե ինչ երաշխքիներ պետք է տրամադրվեն նախաձեռնող մասնավոր գործընկերոջը (ինչ ծախսեր պետք է փոխհատուցվեն, ինչ խրախուսումներ ընտրության փուլում պետք է տրամադրվեն և այլ), որպեսզի վերջինս պատրաստի ամբողջական ծրագիրը ու ներկայացնի այն մասնավոր գործընկերոջ ծրագրի հավանության և ընտրության փուլերի համար․ որից հետո կանցկացվի մրցույթը՝ համաձայնեցված չափանիշներով: 3.ՊՄԳ իրականացման համար պետք է նախատեսվի ցանկացած ոլորտում դրա հնարավորություն՝ բացառելով ՊՄԳ իրականացումն ըստ ոլորտների սահմանափակումը

Նարինե Բեգլարյան

07.03.2018

Օրենքի նախագիծը չի կարգավորում, թե ՊՄԳ իրավահարաբերությունը քաղաքացիաիրավական է թե վարչական (կամ առնվազն դրա որ մասն է վարչական, եթե այդպիսին կան), ինչի արդյունքում խնդրահարույց է լինելու գործնականում որոշելու, թե որ դատարանի իրավասություն է պատկանելու վեճերի քննության հարցը: Չի նախատեսված վեճերի այլընտրանքային լուծման որևը հնարավորություն (օրինակ արբիտրաժ) նույնպես:

Տեսնել ավելին