Հիշել նախագիծը

««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետև Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարագավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից զատ, որևէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի և ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ։ 

 2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ 2023 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության N 1180-Ն որոշումը, որով սահմանված են անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատող հանձնաժողովներին վերապահված լիազորությունները, անձի ֆունկցիոնալության գնահատման տեսակները և դեպքերը, ուղեգրման ընթացակարգը և այլ գործառույթներ:

Հետևաբար ելնելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներից՝ տեսչական մարմնի համար, որպես անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, անհրաժեշտություն է առաջացել մշակելու կարգավորումներ գործառույթների վերաբերյալ, որոնց կիրառման արդյունքում հնարավորություն կստեղծվի վերահսկողություն իրականացնել սույն ոլորտի նկատմամբ:

Այսպիսով նախագծով սահմանվում են այն գործառույթները, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցները, որոնք կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող սուբյեկտների նկատմամբ: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, որը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Նախագծով ներկայացված է դիտարկման, դիտարկվող սուբյեկտի, դիտարկվող օբյեկտի, ուղեգրում և ամփոփագրի հասկացություները, ինչպես նաև նշվում է, որ դիտարկումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշակված, հաստատված և հրապարակված ստուգաթերթով: Միաժամանակ, նախագծով սահմանվում են կարգավորումներ առ այն, որ․

  • դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված և ըստ անհրաժեշտության, տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ ըստ անհրաժեշտության դիտարկումները իրականացնելու հիմք են՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները, քաղաքացիների և կազմակերպությունների դիմումները և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը․
  • դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից

1) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.

2) որոշում է ընդունում ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին տրված հավաստագրից զրկելու մասին:

3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ:

  • դիտարկվող սուբյեկտը պարտավոր է տեսչական մարմնի կողմից ներկայացված միջնորդագրի (վարչական ակտը վերանայելու վերաբերյալ) կատարման, իսկ չկատարման պարագայում՝ չկատարման պատճառների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձևով ներկայացնել տեսչական մարմնին՝ վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 
  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:  

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    10.09.2024 - 26.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 640

Տպել