«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ)՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ) և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է ուղիղ պայմանագրերի շուկայի երկարաժամկետ պայմանագրերի բաղադրիչում (ԵՐՊ բաղադրիչ)։ Գործնականում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ԵՐՊ բաղադրիչում ներկայացված՝ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ից պահանջվող էլեկտրական էներգիայի ժամային քանակները գերազանցում են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշռում ներկայացված պլանային առաքման քանակները՝ որոշ դեպքերում գերազանցելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի տնօրինելի հզորությունը։ Արդյունքում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկն առավելագույնը բավարարվում է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կայանից առաքված էլեկտրական էներգիայի չափով՝ որոշ դեպքերում չպահպանելով հանձնաժողովի կողմից սահմանված ամսական չափաքանակները։
Բացի այդ, ԷՄՇ կանոնների համաձայն՝ ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀԾՄ-ին են վճարում հզորության վճար՝ հանձնաժողովի սահմանած դրույքով: Այսպես, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական արժեքը որոշվում է՝
1) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) դեպքում՝ վերջինիս պրոֆիլում հաշվարկային ամսվա սկզբին ամրագրված ակտիվ հզորության ընդհանուր մեծության (հաշվի առած ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում ամրագրված մոտեցումը) և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով,
2) Երաշխավորված մատակարարի դեպքում՝ վերջինիս ներկայացմամբ հանձնաժողովի կողմից սահմանված յուրաքանչյուր սակագնային տարվա համար երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծության և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով։
Գործող իրավակարգավորումներով սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի սպառման համար անհարժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել, այնուամենայնիվ պարտավոր են վճարել հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճար։
Բացի այդ, ԷՄՇ կանոնների 240-րդ կետի համաձայն՝ ՀԾՄ-ին գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված մատակարարի կողմից վճարումներն իրականացնում են մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը։ Մինչդեռ, ՀԾՄ-ն երաշխավորված մատակարարին պարտավոր է վճարումները կատարել հաշվարկային փաստաթուղը հաստատելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված ժամկետների համապատասխանեցմանն ուղղված փոփոխություն։
Միաժամանակ, ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում էլեկտրական էներգիայի հաշվառումը ճշգրիտ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգավորում նախատեսել այն դեպքերի համար, երբ տվյալ հաշվառման կետում ԷՄՇ մասնակիցը միաժամանակ հանդես է գալիս որպես արտադրող և սպառող, ինչպես նաև վերջինիս հաշվառման ներքո առկա է ենթասպառող։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
ԷՄՇ կանոնների փոփոխությունների նախագծով նախատեսվում է ՀԾՄ-ի և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող բաղադրիչում (ՉՈՒՊ բաղադրիչ)՝ նպատակ ունենալով բավարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկն ամբողջությամբ, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։
Բացի այդ, երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի արդարացի և առավել հասցեական վճարման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով հանձնաժողովում աշխատանքային կարգով տեղի ունեցած քննարկումների ընթացքում ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի հաշվարկման մեխանիզմի վերանայման առնչությամբ բարձրացված հարցերը՝ նախատեսվել է հիշյալ վճարի հաշվարկման հիմքում դնել ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրական էներգիայի փաստացի սպառման ծավալները։
Միաժամանակ, ՀԾՄ-ի դրամական հոսքերը կառավարելու և ընկերության ֆինանսական ռիսկերը մեղմելու նպատակով նախատեսվել է հաշվեկշռման ծառայության շրջանակում երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումներն իրականացնել մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը։
Բացի այդ, էլեկտրական էներգիայի հաշվառմանն ուղղված իրավակարգավորումներ են նախատեսվել այն դեպքերի համար, երբ տվյալ հաշվառման կետում ԷՄՇ մասնակիցը միաժամանակ հանդես է գալիս որպես արտադրող և սպառող (որակավորված սպառող), ինչպես նաև վերջինիս հաշվառման ներքո առկա է ենթասպառող։ Ենթասպառողի հաշվառման համալիրը դարձափոխիչային չլինելու պարագայում նախատեսվել է, որ ԷՄՇ մասնակցի տվյալ հաշվառման կետի դարձափոխիչային հաշվիչի սպառման ու առաքման (գեներացիայի) տարբերության և ենթասպառողի հաշվառման համալիրով գրանցված սպառման մեծության տարբերությունը՝ դրական թիվ ստացվելու դեպքում՝ այն շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի տվյալ հաշվառման կետում էլեկտրական էներգիայի սպառած քանակ, բացասական թիվ ստացվելու դեպքում՝ այն (բացարձակ արժեքով) շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի՝ տվյալ հաշվառման կետում առաքված էլեկտրական էներգիայի քանակ։
Միաժամանակ, համապատասխան կարգավորում է նախատեսվել նաև ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրի ներքո առկա այն ենթասպառողի հաշվառումն իրականացնելու համար, որի հաշվառման համալիրը ևս դարձափոխիչային է։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀԾՄ-ի և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրը կիրականացվի շուկայի ՉՈՒՊ բաղադրիչում՝ ապահովելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկի ամբողջությամբ բավարարում, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի վճարման հասցեականություն, ինչը թույլ կտա հզորության վճար չվճարել այն ԷՄՇ մասնակիցներին, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառման համար անհրաժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել։
Հաշվեկշռման ծառայության շրջանակում երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումները ՀԾՄ-ի կողմից կիրականացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ համապատասխանեցնելով երաշխավորված մատակարարի և ՀԾՄ-ի միջև իրականացվող փոխադարձ վճարումների ժամկետները։
Միաժամանակ, էլեկտրական էներգիայի ճշգրիտ հաշվառում կիրականացվի ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում։
-
Քննարկվել է
05.09.2024 - 21.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 876
Տպել