Հիշել նախագիծը

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ,

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

«Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-125-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) կիրարկումն ապահովելու, մասնավորապես` հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 350.1-ին հոդվածի 2-րդ մասի (նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 3-րդ հոդվածով) համաձայն Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Նույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից նույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հարկ վճարողի կողմից նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 21.05.2024թ. թիվ 466-Ա որոշմամբ հաստատվել են Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, մասնավորապես` «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2024թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է Նախագիծը:

Մասնավորապես, Նախագծով սահմանվում է հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, որով կարգավորվում են Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման (այսուհետ` Հարցում) և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։

Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:           

Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:

Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (այսուհետ` Քաղվածք), հարկ վճարողը սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը` հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:

Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին է ներկայացվում  բոլոր բանկային հաշիվների (այդ թվում` ոչ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)` հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար:

Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում` այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը: Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը:

Միաժամանակ, Նախագծով սահմանվում է, նաև հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարցման ձևը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, այսինքն` կապահովվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-125-Ն օրենքի կիրարկումը:

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.08.2024 - 04.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2331

Տպել

Առաջարկներ`

Շմավոն Ավագյան

20.08.2024

Անձնական տվյալների պաշտպանությունը հավասարեցվել է 0-ի, ինչպես նաև սույն ու նախորդող օրենսդրական կարգավորումները միտված են քաղաքացիներին վերահսկելու և ըստ անհրաժեշտության հավաքված տեղեկությունները ի նպաստ իրենց նպատակների օգտագործելու համար։

Տեսնել ավելին