-
3 - Կողմ
-
6 - Դեմ
Հիմնավորում
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը՝ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային Ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնք նպատակ ունեին տեղական շուկայում ստեղծել հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար։
Մասնավորապես՝ նկատի ունենալով, որ Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հզորությունները (շուրջ 2.5 մլն տոննա) գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.) և հաշվի առնելով, որ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը կարող էր հանգեցնել տեղական ցեմենտ արտադրող ձեռնարկությունների գործունեության խաթարմանը՝ ցեմենտի տեղական շուկայի վարքագիծն ուսումնասիրելու արդյունքում Կառավարության կողմից առաջարկվեց կիրառել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործունեության որոշակի սահմանափակումներ, սահմանելով այն որպես լիցենզավորվող գործունեություն և կիրառելով պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածին համապատասխան, ինչը գանձվում է ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիա տրամադրելու համար։
Արդյունքում, պարբերաբար ուսումնասիրելով վերը նշված իրավական կարգավորումների արդյունքում ցեմենտի տեղական շուկայում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև նշված գործընթացներին ճկուն արձագանքելու նպատակով՝ պարբերաբար ներկայացվում են առաջարկություններ վերը նշված իրավական կարգավորումների վերանայման վերաբերյալ։ Օրինակ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի ամռանը գրանցվեց իրանական ցեմենտի և կլինկերի գների աճ՝ առաջարկվեց կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում, որի արդյունքում ցեմենտի ներմուծման լիցենզավորման համար պետական տուրքը 14 հազ.դրամ/տ. իջեցվեց մինչև 2 հազ.դրամ/տ., իսկ կլինկերի ներմուծման գործունեության համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց։
Ներկայումս, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ և ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև։
Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2024 թվականի առաջին եռամսյակում արտադրվել է ընդամենը 197.5 հազ. տ. ցեմենտ՝ ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 87.9%-ը (անկման հիմնական պատճառները նշված է հիմնավորման 1-ին մասում)։
Ներկայումս իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է 35-37 հազ. դրամ (առանց ԱԱՀ):
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 253.6 հազ.տ. ցեմենտ, ինչը կազմում է նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրված ցեմենտի 22.3%-ը, իսկ 2024 թվականի հինգ ամիսների ընթացում՝ 196.1 հազ.տ., ինչը կազմում է նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրված ցեմենտի 99.2%-ը։
Միևնույն ժամանակ, ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերության այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված կլինեն ներմուծումից, ինչն իր հերթին՝ կնվազեցնի ռազմավարական ապրանք համարվող՝ ցեմենտի ապահովվածությունը, հանգեցնելով տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծվողով, ինչը նույնպես հակասում է Կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության սկզբունքներին։
Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է ճշգրտում կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքը ` ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ։
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին չտա «հանգստի ռեժիմի» հնարավորություն, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն):
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխության անհրաժեշտություն չի առաջացնում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմանների ապահովում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջև:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ և 5.5-րդ կետով սահմանված դրույթների շարունակականությունը, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում և ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացման մասին
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում:
-
Քննարկվել է
14.08.2024 - 29.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1222
Տպել