Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ,

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

--------- 2024  թվականի                                           N -Ն 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ»  ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու գործընթացի իրականացումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգի ստեղծումը և կիրառումը։
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու գործընթացի իրականացումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպություն ճանաչել  «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին։
  4. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհի ծրագրերի շրջանակում սույն որոշմամբ սահմանված սոցիալական ծառայություն ստացող անձինք շարունակում են ստանալ համապատասխան ծառայությունը իրենց նախընտրած կազմակերպությունում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով՝ անկախ ծառայությունների անհատական ծրագիր ունենալու հանգամանքից, մինչև ֆունկցիոնալության հերթական գնահատման օրը։
  5. Սույն որոշմամբ սահմանված սոցիալական ծառայություն ստանալու նպատակով հավաստագրերը  հատկացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։  

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի ___________ -ի

N ___________-Ն որոշման 

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են պետական հավաստագրի (այսուհետ՝ Հավաստագիր) միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու պայմանների ու գործընթացի  հետ կապված հարաբերությունները:
  3. Հավաստագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են՝
  • տնային պայմաններում խնամք,
  • ցերեկային կենտրոններում խնամք,
  • լոգոպեդի ծառայություն,
  • հոգեբանի ծառայություն,
  • էրգոթերապիստի ծառայություն,
  • հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն,
  • տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն (այսուհետ միասին՝ Ծառայություն)։  
    1. Ծառայության տրամադրման չափորոշիչները և պայմանները սահմանվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումով, սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով։
    2. Ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվում հաշմանդամության ունեցող անձի համար կազմված ծառայություններիանհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ)։ 
  1. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։
  3. Հավաստագիրը տրամադրվում է Աղյուսակ 1-ում նշված ժամկետով։
  4. Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշվի միջոցով դիմում է ներկայացնում ՄՍԾ-ին՝ Հավաստագրի տրամադրման գործընթացի իրականացումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգի միջոցով (այսուհետ՝ Համակարգ)։ Համակարգին հասանելիություն տրվում է նաև Կարգով սահմանված համագործակցության պայմանագրեր կնքած Ծառայություն մատուցողներին՝ իրենց լիազորությունների սահմաններում։
  5. Անհատական օգտահաշվի ստեղծման համար Դիմողը պետք է օգտագործի ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը:
  6. Համակարգում Դիմողը (նաև՝ Շահառուն, եթե տարբեր անձինք են) նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի միջոցով։
  7. Դիմումում առնվազն պետք է առկա լինի հետևյալ տեղեկատվությունը՝
  • Դիմողի անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ Դիմողի ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը․
  • Դիմողի անձը հաստատող փաստաթղթի համարը, տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, անչափահաս և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող Դիմողի դեպքում՝ ծննդյան վկայականի համարը,տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում՝ նաև ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի համարը, տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը․
  • Դիմողի, իսկ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում նաև ներկայացուցչի՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը․
  • Ծառայության այն տեսակը, որը Շահառուն ցանկանում է ստանալ։
    1. Դիմումն անձի ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ դիմումին կցվում են Դիմողի կողմից տրված հասարակ գրավոր ձևով լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչը հանդիսանալու դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը։
    2. ՄՍԾ-ն, ստանալով Հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, Կարգով սահմանված ժամկետներում, Համակարգում ձևավորում է Հավաստագիրը՝ համաձայն սույն հավելվածի Ձև-ի, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է Դիմողին կամ մերժում է դիմումը։
    3. Դիմումը մերժվում է, եթե
  • ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ անհամապատասխանություններ կամ չեն կցվել Կարգով պահանջվող փաստաթղթերը․
  • Շահառուն չի հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձ կամ չի բավարարում սույն որոշմամբ սահմանված պայմաններին կամ չունի ԾԱԾ (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքի)․
  • լրացել է Շահառուի ԾԱԾ-ի վավերականության ժամկետը կամ պահանջվող սոցիալական ծառայությունը նշված չէ Շահառուի ԾԱԾ-ում.
  • Շահառուն, իսկ եթե Դիմողն ու Շահառուն այլ անձինք են, նաև Դիմողը չի նույնականացվել բնակչության պետական ռեգիստրով․
  • առկա է Շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվություն․
  • Շահառուն ունի հայցվող սոցիալական ծառայության համար արդեն իսկ տրամադրված և գործող Հավաստագիր․
  • Կարգի 20-րդ կետում նշված դեպքում․
  • Շահառուն հանդիսանում է պետական կամ համայնքային այլ ծրագրի շրջանակում կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շահառու և ստանում է պահանջվող Ծառայություն․
  • Շահառուն ունի Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի 1744-Ն որոշման N 4 հավելվածով նախատեսված հիվանդություն՝ տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում։
    1. Կարգի 13-րդ կետում նշված հանգամանքների բացակայության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է էլեկտրոնային Հավաստագիր։ Հավաստագիրը պարունակում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի (այսուհետ՝ «e-verify») տասնվեց նիշանոց ծածկագիրը և ինտեգրվում է «e-verify» համակարգին։
    2. Հավաստագիրը Շահառուին է տրամադրվում անհատական օգտահաշվի միջոցով։ Անհատական օգտահաշվի միջոցով Շահառուին է տրամադրվում նաև հայցվող Ծառայության տրամադրման համար «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի դեպքում), ինչպես նաև սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ միասին՝ Ծառայություն մատուցող) ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով:
    3. Հավաստագրի ձևավորումից հետո համապատասխան Ծառայություն ստանալու համար Շահառուն Համակարգի միջոցով դիմում է իր նախընտրած Ծառայություն մատուցողին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը։ Դիմումը Շահառուի ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ ներկայացվում են նաև` ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ Կարգի 11-րդ կետին համապատասխան։
    4. Հավաստագիրը կարող է օգտագործվել այն տրամադրելուց հետո 180 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի քան ԾԱԾ-ի ժամկետն է։ Նշված ժամկետում չօգտագործելու դեպքում Հավաստագիրը ճանաչվում է ուժը կորցրած։
    5. Ծառայություն մատուցողը Շահառուին համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրում է Հավաստագրի գործողության ժամկետում՝ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ։
    6. Յուրաքանչյուր Ծառայության համար տրամադրվում է մեկ Հավաստագիր՝ սույն որոշման հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն։
    7. Եթե Կարգի 2-րդ կետի 3-5-րդ ենթակետերում նշված սոցիալ-վերականգնողական ծառայությունները ընդգրկված են Կարգի 2-րդ կետի 1-2-րդ ենթակետերում նշված խնամքի ծառայության մեջ, ապա նշված ծառայությունների համար առանձին Հավաստագիր չի տրամադրվում։
    8. Ծառայություն մատուցողը յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված սոցիալական ծառայության մասին Կարգով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է ՄՍԾ-ին՝ Համակարգի միջոցով։ 
  1. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 
  1. Ծառայություն մատուցողից Շահառուն ստանում է իրեն հասանելի Ծառայությունը՝ Հավաստագրում նշված ժամկետով, բայց ոչ ավելի քանի ԾԱԾ ժամկետն է՝ համաձայն Աղյուսակ 1-ի։
  2. Եթե Շահառուի նախընտրած Ծառայության գինը բարձր է Հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը:
  3. Եթե Հավաստագրի շրջանակներում ձեռք բերված Ծառայության գինն ավելի ցածր է Հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված Ծառայության համար Ծառայություն մատուցողը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
  4. Ծառայություն մատուցողին վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մատուցված Ծառայության համար։ Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված սոցիալական ծառայության դիմաց վճարում կատարելու նպատակով, Ծառայություն մատուցողը ՄՍԾ է ներկայացնում հաշվետվություն, որում ներառվում են տրամադրված Ծառայության անվանումը, Շահառուի տվյալները, տրամադրված սոցիալական ծառայության պայմանները, կարգը, հաշիվ-ապրանքագիրը, Շահառուի հավաստումը Ծառայություն ստանալու մասին, իսկ եթե Ծառայություն չի մատուցվել, ապա չմատուցման հիմքերը։
  5. Տրամադրված սոցիալական ծառայության համար վճարումն իրականացվում է Կարգի 25-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:
  6. ՄՍԾ-ն մերժում է վճարման կատարումը, եթե Ծառայության մատուցողի կողմից
  • տրամադրվել է Հավաստագրման մեջ չնշված Ծառայություն․
  • Ծառայությունը տրամադրվել է սույն որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ․
  • փաստացի չի մատուցվել Ծառայություն․
  • Ծառայություն մատուցողը չունի համապատասխան գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ սահմանված գործող հավաստագիր․
  • Չի ներկայացվել Կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։
    1. Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում սույն կետում նշված հանգամանքները հայտնաբերելու ամսվան հաջոդող ամսվա 1-ից՝
  • Շահառուի կամ իր ներկայացուցչի դիմումի հիման վրա.
  • Շահառուի մոտ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում՝ հոգեբուժական հաստատության եզրակացության հիման վրա (տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի ծառայություն ստանալու դեպքում)․
  • Ծառայություն մատուցողի աշխատողների նկատմամբ Շահառուի կողմից մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգալից վերաբերմունքի կամ բռնության դրսևորման դեպքում՝ Ծառայություն մատուցողի սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա.
  • տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամք ստացող անձի` անձնական օգնականի կամ շուրջօրյա լրիվ խնամքի ծառայության շահառու դառնալու դեպքերում.
  • Ծառայության տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
  • Շահառուի մահվան դեպքում․
  • ԾԱԾ-ի ժամկետը լրանալու դեպքում․
  • Ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում 90 օրացուցային օր կենտրոն չներկայանալու դեպքում.
  • Ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում՝ կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում․
  • Հավաստագրի ժամկետը լրանալու դեպքում։
    1. Սոցիալական ծառայության տրամադրման դադարեցումը ձևակերպվում է Ծառայությունը մատուցողի ղեկավարի հրամանով։
    2. Եթե Շահառուին չի տրամադրվում Ծառայությունն իրենից անկախ հանգամանքներից (Ծառայություն մատուցողի լուծարում, գործունեության կասեցում, գործառույթների փոփոխություն և այլն), ապա Հավաստագիրը շարունակում է գործել մնացած գումարի սահմաններում և Շահառուն կարող է մնացած մասով ծառայությունը ստանալ այլ Ծառայություն մատուցողից։
    3. Ծառայություն մատուցողը պարտավոր է Համակարգում կատարել նշում՝ սոցիալական ծառայության տրամադրման և դադարեցման վերաբերյալ՝ Պայմանագրում սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան նման հանգամանքը ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ 
  1. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը ապահովում է Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ հավաստագրված (տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի ծառայություն մատուցողների դեպքում), ինչպես նաև սոցիալ-վերականգնողական Ծառայություն մատուցողների հետ համագործակցության պայմանագրերի կնքման գործընթացը:
  3. Կարգով սահմանված Հավաստագրի հիման վրա Ծառայություն կարող է մատուցել կոնկրետ Ծառայության համար հավաստագրված Ծառայություն մատուցողը, ով կնքել է համագործակցության պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) Նախարարության հետ, իսկ սոցիալ-վերականգնողական ծառայություն կարող է մատուցել ՀՀ օրենսդրությամբ նման ծառայություն մատուցելու իրավունք ունեցող Ծառայություն մատուցողը, ով կնքել է Պայմանագիր Նախարարության հետ։
  4. Պայմանագրում նշվում է նաև կողմերի միջև սոցիալական ծառայության մատուցման, դրա տրամադրման դադարեցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունները։
  5. Ծառայություն մատուցողի հետ Պայմանագիր կնքելուց հետո տվյալ Ծառայություն մատուցողը գրանցվում է Նախարարության կողմից վարվող ցուցակում:
  6. Ծառայություն մատոցուղների ցանկը, ովքեր կնքել են Պայմանագիր, հրապարակվում է Նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Ծառայություն մատուցողների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը լուծվելու, Ծառայության մատուցողի գործունեության դադարեցման, գործառույթների փոփոխության, Հավաստագրի ժամկետը լրանալու, ուժը կորցրած ճանաչվելու կամ նոր Ծառայություն մատուցուղներ ցանկում ընդգրկելու դեպքում:
  7. Ծառայություն մատուցողը կարող է ցանկացած ժամանակ դիմել Նախարարությանը Պայմանագիր կնքելու համար, եթե բավարարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Ցանկում ներառված Ծառայությունը մատուցողը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում: 
  1. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
  2. Հավաստագրի միջոցով տնային պայմաններում խնամքի ծառայություն տրամադրվում է հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող անձանց (ներառյալ՝ երեխաներին)՝ համաձայն Աղյուսակ 1-ի, ովքեր չեն օգտվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված անձնական օգնականի ծառայությունից։
  3. Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Աղյուսակ 2-ում նշված հաճախականությամբ, ԾԱԾ-ին համապատասխան՝ հետևյալ ծառայությունների տեսքով`
  • աջակցություն ինքնասպասարկման հարցերում՝ սոցիալական սպասարկողի կողմից Շահառուի անձնական հիգիենայի ապահովում, լոգանքի կազմակերպում (մարմնի խնամք, հագնվել, ուտել, խմել և այլն)․
  • աջակցություն կենցաղային գործերում՝ սոցիալական սպասարկողի կողմից Շահառուի բնակարանի մաքրում, գնումների իրականացում, կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից կերակրի տուն բերում, լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ ցուցումով.
  • բժշկական օգնություն և սպասարկում՝ բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում (ներարկում, դեղերի տրամադրում և այլն՝ հաշվի առնելով այն պարտադիր պայմանը, որ աշխատողները ենթակա են բժշկական զննության), ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, աջակցություն դրանցում խնամքի իրականացմանը, անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում․
  • սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից Շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, Շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, Շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, հոգեբանի ծառայություն՝ անհատական պարապմունքների միջոցով՝ ներգրավելով ընտանիքի անդամներին.
  • խորհրդատվություն՝ սոցիալական աշխատողի կողմից Շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում, ծագած խնդիրների լուծում, ըստ անհրաժեշտության՝ խորհրդատվություն նաև ընտանիքի անդամներին։
    1. Շահառուի համար տնային պայմաններում խնամքի տրամադրման ձևաչափը պայմանավորված է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով։ Խնամքի տրամադրման ձևաչափը և Ծառայություն մատուցողի հաստիքային միավորները սահմանված են սույն հավելվածի Աղյուսակում 1 և 2-ում։
    2. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 
  1. Հավաստագրի միջոցով ցերեկային կենտրոններում (ասյուհետ՝ Կենտրոն) խնամքի ծառայություն տրամադրվում է ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցողանձանց (ներառյալ երեխաներին)՝ համաձայն Աղյուսակ 1-ի։
  2. Կենտրոնը Շահառուին տրամադրում է հիմնականումսոցիալական ծառայություններ հետևյալ ձևերով՝
  • սննդի կազմակերպում՝ սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ծառայությունների տրամադրման ընթացքում սննդային ընդմիջման տեսքով՝ օրական մեկ անգամ.
  • սոցիալ-հոգեբանական օգնություն՝սոցիալական աշխատողի կողմից Շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, Շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ ամսական առնվազն մեկ անգամ, Շահառուների հետաքրքրություններով և ցանկությամբ ձևավորված առնվազն երկու խմբակի ստեղծում՝ յուրաքանչյուրի պարապմունքները շաբաթական առնվազն մեկ անգամ, Շահառուի կարիքների կրկնակի գնահատման դեպքում՝  ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ հետաքրքրությունների և կարողությունների գնահատման հիման վրա Շահառուներին համապատասխան խմբակներում ներգրավելու նպատակով, արվեստի միջոցով թերապիա, օկուպացիոն (շտկիչ վարժանքներով) թերապիա, սովորելու և գիտելիքներ ձեռք բերելու  հմտությունների ձևավորում և զարգացում,  մասնագիտական կողմնորոշում, հոգեբանի ծառայություն անհատական պարապմունքների միջոցով՝ ներգրավելով  ընտանիքի անդամներին։ Շահառուի կարիքների գնահատումն իրականացվում է նաև Կենտրոն ընդունվելիս՝ մեկ ամսվա ընթացքում։ Կարիքների գնահատման արդյունքում կազմվում է անհատական սոցիալական միջամտության ծրագիր։ Գնահատումը պետք է իրականացնի Ծառայություն մատուցողը՝ Նախարարության հետ համաձայնեցված մեթոդաբանության հիման վրա․
  • խորհրդատվություն՝ սոցիալական աշխատողի կողմից Շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում, ծագած խնդիրների լուծում,  ըստ անհրաժեշտության խորհրդատվություն նաև ընտանիքի անդամներին․
  • Շահառուի աշխատանքային հմտությունների ձևավորման և զարգացման ծրագրի կազմումսոցիալական աշխատողի կողմից, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում, սոցիալական ներառմանը, անկախ կյանքի, այդ թվում՝ համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումներ (ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման, տեղաշարժման, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ և այլն)․
  • մասնագիտական կողմնորոշում, համակարգչային գիտելիքների տրամադրում.
  • արվեստի միջոցով թերապիա (երաժշտաթերապիա, արտթերապիա, փայտագործություն, կավագործություն, բացիկների պատրաստում, մոմագործության, կար ու ձև, գորգագործություն և այլն).
  • միջանձնային շփումների և հաղորդակցվելու հմտությունների ձևավորում և զարգացում,սոցիալական իրավունքների վերաբերյալ իրազեկում։
    1. Կենտրոնը պետք է բավարարի հետևյալ չափորոշիչներին՝
  • պետք է ունենա սանհանգույց՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով երկուսը և ևս մեկը՝ աշխատակազմի համար․
  • պետք է ունենա խոհանոց, հանգստի և զբաղվածության սենյակներ՝ հարմարավետ կահույքով՝ առավելագույնը 10 շահառուի միաժամանակյա հանգստի համար, զբաղվածության համար անհրաժեշտ տեխնիկայով, սեղանի խաղերով․
  • պետք է ունենա ներքին կարգապահական կանոններ՝ պարտադիր Շահառուների և աշխատակազմի համար․
  • աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն Շահառուին տեսանելի և հասանելի բարձրության վրա․
  • շենքային պայմանները պետք է հնարավորություն ընձեռեն հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար։ Կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են՝ քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ)։
    1. Յուրաքանչյուր անձի համար Կենտրոնը լրացնում է հաշվառման քարտ, որտեղ գրանցում է Կենտրոնում խնամվողի մասին հետևյալ տեղեկությունները՝
  • անունը, հայրանունը, ազգանունը.
  • ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.
  • սեռը.
  • անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը.
  • բնակության վայրի հասցեն.
  • Կենտրոն ընդունման և կենտրոնից դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
  • ընտանիքի անդամների հետ հետադարձ կապն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ․
  • Հավաստագրի համարը։
    1. Կենտրոնը պետք է վարի Կենտրոնում խնամվող անձանց հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է Ծառայություն մատուցողի ղեկավարը։ Կենտրոնում խնամվող յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են անձին Կենտրոն ընդունելու և դուրսգրման մասին հրամանը (դրա պատճենը), անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անձի անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, լուսանկարը, տվյալ անձին և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները)։
    2. Հաշմանդամություն ունեցող երեխային Կենտրոնում ծառայություն մատուցելու դեպքում, Կենտրոնը ի թիվս Կարգում նշված գործողությունների, իրականացնում է նաև հետևյալ միջոցառումները՝
  • ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` ուսումնական հաստատություններից դուրս մնացած երեխաներին կրթական հաստատություններում տեղավորելու համար, կազմակերպում է դպրոցահասակ երեխայի դասապատրաստումը դպրոցական ժամերից հետո, աջակցում երեխաների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կազմակերպում երեխայի ազատ ժամանցը` մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև աջակցում է նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին․
  • երեխային տրամադրվող խնամքը դադարեցնելուց հետո Կենտրոնը վեց ամսվա ընթացքում այցելությունների կամ հանդիպումների միջոցով պահպանում է կապը երեխայի և նրա ընտանիքի հետ:
    1. Կենտրոնի համար սահմանվում են անհրաժեշտ մասնագետների հաստիքային միավորները՝ համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 3-ի։
    2. Շահառուին հատկացվող սննդամթերքի բազմազանությունը սահմանվում է Աղյուսակ 4-ում։ Աղյուսակ 4-ում սահմանված սննդամթերքի տեսակներից յուրաքանչյուրի տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք*Օ բանաձևով, որտեղ Ը-նԿենտրոնի համար անհրաժեշտ սննդամթերքի տվյալ տեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` խնամք տրամադրող կազմակերպության Շահառուների պլանային թիվը, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված օրական չափաբաժինը, իսկ Օ-ն՝ տվյալ տարվա աշխատանքային օրերի թիվը։ Միաժամանակ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ինչպես Կենտրոնի կողմից, այնպես էլ պատվիրակման կամ գնման միջոցով։ 
  1. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
  2. Լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող  անձանց՝ համաձայն Աղյուսակ 1-ի։
  3. Սույն գլխում նշված սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են համապատասխան ծառայություն մատուցելու որակավորում ունեցող մասնագետների կողմից, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
  4. Սույն գլխում նշված ծառայությունների մատուցման համար Շահառուի համար կազմվում է անհատական ծրագիր, որն առնվազն երկու ամիսը մեկ անգամ վերանայվում է։
  5. Լոգոպեդի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է՝
  • մասնագիտական աշխատանք՝ պայմանավորված խոսքի խանգարման տեսակով․
  • խոսքի ձևավորում և զարգացում.
  • խոսքի խանգարումների հաղթահարում.
  • խոսքի վերականգնում:
    1. Լոգոպեդի կողմից մատուցվող ծառայության մատուցման համար անհրաժեշտ է իրականացնել Շահառուի խնդիրների հետազոտում, գնահատում, լոգոպեդական պարապմունքներ, մշտադիտարկումներ, աշխատանքի ավարտ (ելք):
    2. Լոգոպեդական պարապմունքները կարող են իրականացվել անհատական և խմբային` պահպանելով անհատական մոտեցման սկզբունքը: Խմբեր ձևավորելիս պետք է հաշվի առնել խոսքի խանգարման տեսակը, տարիքը, պարապմունքների հաճախականությունը և տևողությունը: Լոգոպեդական կաբինետում պետք է լինեն դիդակտիկ նյութեր, խաղեր: Լոգոպեդական ծառայությունը պետք է ընդգրկի՝ գործնական, զննական, բառային մեթոդները:
    3. Հոգեբանի կողմից մատուցվող ծառայությունն ուղղված է Շահառուի հոգեբանական վիճակը վերականգնելուն, սթրեսը հաղթահարելուն, սոցիալական կապերը և ընտանիքի հետ հարաբերությունները վերահաստատելուն, կարողություններն ամրապնդելուն, անկախության և ինքնաբավության համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելուն և անձին վերասոցիալականացնելուն։
    4. Հոգեբանի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է Շահառուի
  • հոգեբանական ախտորոշում և Շահառուի ուսումնասիրություն.
  • սոցիալ-հոգեբանական պատրոնաժ (պարբերական դիտարկում).
  • հոգեկանխարգելիչ աշխատանք.
  • հոգեբանական խորհրդատվություն.
  • ճգնաժամային հոգեբանական օգնություն.
  • հոգեբանական շտկում.
  • հոգեբանական պատրաստումներ, քննարկումներ և զրույցներ՝ ներառյալ խմբային:
    1. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների զարգացման նպատակով Ծառայություն մատուցողները պարտավոր են`
  • անցկացնել սեմինարներ հմուտ բանախոսների աջակցությամբ, այդ թվում` հաջողության հասած հաշմանդամություն ունեցող անձինք, հատուկ մանկավարժներ և այլն.
  • իրականացնել չտեսնող անձանց ֆիզիկական պատրաստվածություն (չտեսնող անձանց ինքնուրույն և անվտանգ տեղաշարժվելուն ֆիզիկապես պատրաստելուն ուղղված միջոցառումներ).
  • իրականացնել սեմինար-հանդիպումներ Շահառուի ընտանիքի անդամների հետ, որոնք միտված են օգնել Շահառուների ընտանիքի անդամներին հաղթահարելու իրենց հարազատի ֆիզիկական խնդրի հանդեպ կարծրատիպերը, վերաբերմունքը, վախերը և պատրաստ լինելու աջակցել նրանց ինքնուրույնությունը զարգացնելու հարցում.
  • իրականացնել համակարգչային հատուկ ծրագրերի և կենցաղավարման հմտությունների ուսուցում.
  • կազմակերպել էքսկուրսիաներ.
  • իրականացնել հատուկ մանկավարժի պարապմունքներ, որոնց նպատակն է մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, շոշափելիքի, համի, հոտոտելիքի զգայարանների և դրանց արդյունավետ գործածման հմտությունների զարգացումը, հավասարակշռության, ճիշտ կեցվածքի, ճիշտ քայլքի, որոշակի ուղղությամբ անշեղ քայլելու հմտությունների զարգացումը.
  • իրականացնել սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցում, որը ներառում է շոշափելի տարրական պատկերներ գծելը, շոշափելի քարտեզների կազմելը և կիրառելը, սպիտակ ձեռնափայտի կիրառելը․
  • տրամադրել խորհրդատվություն Շահառուների ընտանիքի անդամներին:
    1. Էրգոթերապիստի կողմից մատուցվող ծառայությունն ուղղված է Շահառուի կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավմանը և ապահովում է Շահառուի հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում:
    2. Էրգոթերապիստի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է՝
  • Շահառուի կարիքների գնահատում (կարողություններ, անկարողություններ, սահմանափակումներ, ունակություններ, հնարավորություններ, ուժեղ և թույլ կողմեր և այլն).
  • Միջամտություն, գործառույթի (ֆունկցիայի) բարելավում, ծանոթ և նոր հմտությունների վերականգնում (զարգացում), միջավայրային պայմանների հարմարեցում.
  • խորհրդատվություն, հետադարձ կապ ընտանիքի հետ:
    1. Հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայությունն ընդգրկում է՝
  • Շահառուի կարիքների գնահատում․
  • Առնվազն հայերեն լեզվի 2500 ժեստի ուսուցում և պրակտիկ աշխատանքների իրականացում․
  • Վերջնարդյունքի Գնահատում։

Ձև

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր 

ԽՆԱՄՔԻ ԿԱՄ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ԽՆԱՄՔԻ ԿԱՄ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________________

3. Անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) տվյալները ____________________________________

______________________________________________________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Սոցիալական ծառայության տեսակը

______________________________________________________________________________________

5. Հավաստագրի արժեքը ____________________________________

6․ Սոցիալական ծառայության մատուցման ժամկետը—————————

7. Տրամադրման ամսաթիվը ________________________20______ թ.

8. Շահառուի կարգավիճակը ________________________, ֆունկցիոնալության գնահատման որոշման համարը______________________, ԾԱԾ-ի համարը_______________________

9. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,

______________________________________________________________________________________

 

 

QR CODE

 

 

Ուժի մեջ է մինչև __________ ___________________ 20______

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ 

Ծառայության տեսակը

Շահառուներ

Ծառայության տրամադրման ժամկետը

Ծառայության ծավալային ցուցանիշը

Ամսական կամ ժամի արժեքը

(ՀՀ դրամ)

Մեկ պետական հավաստագրի տարեկան գնային արժեքը (ՀՀ դրամ)

Տնային պայմաններում խնամքի ծառայություն

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր  խնդիրներով ֆունկցիոնալության խորը

աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

ԾԱԾ-ի գործողության ժամկետում

Օրական 8, ամսական 168 ժամ

 

 123․300 (ամսական)  

1․479․600    

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր  խնդիրներով ֆունկցիոնալության ծանր, մտավոր խնդիրների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

ԾԱԾ-ի գործողության ժամկետում

Օրական 4 ժամ, ամսական 84 ժամ

67․300

(ամսական)

 

807․600

 

Ցերեկային կենտրոնում խնամքի ծառայություն

Ֆունկցիոնալության միջին կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

ԾԱԾ-ի գործողության ժամկետում

Օրական 4 ժամ, ամսական 84 ժամ

35․878  (ամսական)

430.536

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

ԾԱԾ-ի գործողության ժամկետում

Օրական 4 ժամ, ամսական 84 ժամ

66.020  (ամսական)

792.240

Լոգոպեդի ծառայություն

Ֆունկցիոնալության միջին կամ ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ովքեր ունեն ձայնի, խոսքի կամ կլման ակտի խնդիրներ

1 տարի

Շաբաթական 90 րոպե, 4 ամիս ժամկետով կամ տարեկան 24 ժամ

 

8000 (ժամը)

192․000

Հոգեբանի ծառայություն

Ֆունկցիոնալության միջին կամ ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

1 տարի

Շաբաթական 90 րոպե, 4 ամիս ժամկետով կամ տարեկան 24 ժամ

8000 (ժամը)

192․000

էրգոթերապիստի ծառայություն

Հենաշարժական, տեսողական, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք 

1 տարի

Շաբաթական 90 րոպե, 3 ամիս ժամկետով կամ տարեկան 18 ժամ

 

8000 (ժամը)

144․000

Հենաշարժական, տեսողական, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք

1 տարի

Շաբաթական 90 րոպե, 4 ամիս ժամկետով կամ տարեկան 24 ժամ

 

8000 /ժամը

192000

Հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն

Ֆունկցիոնալության միջին կամ ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող՝ չլսող անձինք

1 տարի

Շաբաթական 90 րոպե, 4 ամիս ժամկետով կամ տարեկան 30 ժամ

8000 /ժամը

192000

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն  

Ֆունկցիոնալության միջին կամ ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող՝ չտեսնող անձինք

1 տարի

Տարվա ընթացքում

 

 

 

412000

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ 

հ/հ

Հաստիքը և հաստիքային միավորը

Շահառուների խմբերին ծառայությունների տրամադրման հաճախականություն

 

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց

Ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց

 

1.

Սոցիալական

աշխատող

1 հաստիքային միավոր՝ առավելագույնը 50 շահառուի

հաշվարկով

Ամսական առնվազն 2 անգամ և ըստ

անհրաժեշտության

 

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ առավելագույնը 20 շահառուի հաշվարկով

Ամսական առնվազն 8 ժամ և
ըստ անհրաժեշտության

 

3.

Միջին բուժաշխատող (բուժքույր)

1 հաստիքային միավոր՝ առավելագույնը 20 շահառուի

հաշվարկով

Շաբաթական առնվազն
2 անգամ՝
1 ժամով և ըստ

անհրաժեշտության

Շաբաթական առնվազն
1 անգամ՝
1 ժամով և ըստ

անհրաժեշտության

 

4.

Սոցիալական    սպասարկող

1 հաստիքային միավոր 1 շահառուի

հաշվարկով՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանփակում ունեցող անձանց դեպքում։ 0,5 հաստիքային միավոր 1 շահառուի

հաշվարկով՝ ֆունկցիոնալության ծանր և միջին աստիճանի սահմանփակում ունեցող անձանց դեպքում։

Օրական 8 ժամ

Օրական 4 ժամ

 

 ԱՂՅՈՒՍԱԿ 3 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող առավելագույնը 25 շահառուի հաշվարկով

2.

Հարբժիշկներ (հոգեբան, լոգոպեդ, Էրգոթերապիստ և այլն)

4 հաստիքային միավոր ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

4 հաստիքային միավոր ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող առավելագույնը 25 շահառուի հաշվարկով

3.

Խմբավար

1 հաստիքային միավոր ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակում ունեցող առավելագույնը 25 շահառուի հաշվարկով

3 հաստիքային միավոր ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող  առավելագույնը 25 շահառուի

հաշվարկով

4.

Համակարգող

0.5 հաստիքային միավոր ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին սահմանափակում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

 

5.

Հավաքարար

1 հաստիքային միավոր ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող առավելագույնը 25 շահառուի հաշվարկով

 ԱՂՅՈՒՍԱԿ 4 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ 

հ/հ

Սննդամթերքի անվանում

Օրական չափաբաժին (գրամներով)՝ զտաքաշ՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների

1.

հաց

150

2.

հանքային ջուր կամ հյութ (հաշվարկը՝ միլիլիտրով)

100

3.

բանջարեղեն

60

4.

հրուշակեղեն

50

5.

երշիկ

50

6.

պանիր

40

7.

շաքարավազ

40

8.

կարագ

30

9.

ջեմ կամ մուրաբա

25

10.

սուրճ կամ թեյ

5

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

--------- 2024  թվականի                                           N –Ն 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման հավելված N 1-ի՝
  • 24-րդ կետի 4-րդ ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով.
  • 24-րդ կետի 5-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննությունը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատումը» բառերով.
  • 82-րդ կետից հանել «կամ հաշմանդամություն ունեցող» բառերը և կետը լրացնել հետևյալ նոր նախադասությամբ՝

«Հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման կարգը և չափորոշիչները սահմանվում են Կառավարության —————————— որոշմամբ։»․

  • 85-րդ կետից հանել «հաշմանդամություն ունեցող,» բառերը․
  • 89-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1744-Ն որոշման՝
  • 2-րդ կետից հանել «և (կամ) հաշմանդամություն ունեցող » բառերը․
  • լրացնել նոր՝ 2․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«2․1․ Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց  տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրումն իրականացվում է պետական հավաստագրի միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց  տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության——————————— որոշմամբ։»․

  • 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «՝ բացի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամներիսոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ից, որի վրա տարածվում են 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված չափորոշիչները՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու դեպքում» բառերը․
  • հավելված N 1-ի 67-րդ կետում «պայմաններում» բառից հետո լրացնել «տարեցների» բառը․
  • հավելված N 1-ի 70-րդ, 76-րդ կետերից հանել «և հաշմանդամների» բառը․
  • հավելված N 1-ի 74-րդ կետում «շահառուին» բառը փոխարինել «տարեցին» բառերով․
  • հավելված N 2-ի 4-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ» բառերը․
  • հավելված N 2-ի 5-րդ, 7-րդ, 10-րդ գլուխների վերնագրում «ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» բառից հետո լրացնել «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ» բառով․
  • հավելված N 2-ի 78-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
  • հավելված N 3-ի ամբողջ տեքստից հանել «և (կամ) հաշմանդամություն ունեցող» բառերը և 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

 

  • Քննարկվել է

    13.08.2024 - 29.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1572

Տպել

Առաջարկներ`

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

28.08.2024

Մշակել համապատասխան իրավական կարգավորումներ և մեխանիզմներ, որը հնարավորություն կընձեռի նախկինում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամության խումբը անժամկետ տրամադրած լինելու պարագայում վերականգնողական անհատական ծառայությունները փոխարինել`կազմելով ծառայությունների անհատական ծրագիր։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

5. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բաժնի կետ 3-ի « Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»։ Անհաժեշտ է հանել ծառայության մատուցման ժամային սահմանափակումը և ծառայությունը տրամադրել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

2. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» բաժնի կետ 4-ի, Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով։ Հարկ է նշել, որ նշված համակարգից կկարողանան օգտվել խիստ սահմանափակ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` հմտությունների, տեխնիկայի և ինտերնետային հասանելիության բացակայության պատճառով։ Ուստի հարկավոր է նաև առձեռն թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար հնարավորություն տրամադրել` Միասնական սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների միջոցով։

Տեսնել ավելին