Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ ընդունվեց  Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարություն), որի հիմնական թիրախային ուղղություններն էին Ոստիկանության ծառայության հանդեպ վստահության բարձրացումը, Ոստիկանության կառուցվածքային մոդելի փոփոխությունը, ոլորտի քաղաքականության մշակման  ու իրականացման գործառույթներով օժտված հաշվետու մարմնի ստեղծումը, Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրումը, Ոստիկանության զորքերի, Համայնքային և Քրեական ոստիկանությունների վերաիմաստավորումն ու զարգացումը։

Ռազմավարության իրականացման արդյունքներով Ոստիկանության բարեփոխումների ոլորտում արձանագրվեցին մի շարք էական հաջողություններ, որոնց թվում են՝

  • Ներքին գործերի նախարարության՝ որպես ոլորտային քաղաքականությունը մշակող և Ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող և քաղաքական պատասխանատվություն կրող մարմնի ստեղծումը,
  • Ոստիկանական արտաքին ծառայության նոր ու ժամանակակից մոդելի՝ Պարեկային ծառայության ներդրումը,
  • Պարեկային ծառայության օրինակով Ոստիկանության կադրերի պատրաստման նոր կրթական մեթոդաբանության մշակումն ու փորձարկումը։

Ռազմավարության կատարման շրջանակներում Համայնքային ոստիկանության վերափոխման նպատակով իրականացվեց աուդիտ, ինչի հիման վրա ներկայումս ընթացքի մեջ են Համայնքային ոստիկանության հետ կապված բարեփոխումները։ Քրեական ոստիկանության զարգացման ռազմավարական ուղղությամբ ևս արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ, նախաձեռնվել է նոր Քրեական ոստիկանության ստեղծումը՝ վերանայված գործիքակազմով։ Նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո, պայմանավորված հետաքննության ինստիտուտի վերափոխման հետ, ակնհայտ դարձավ նաև, որ նախկին Ռազմավարությամբ նախատեսված՝ ՆԳՆ ոստիկանության համակարգում նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության համակցումը և դետեկտիվի ինստիտուտի ներդնումը իրատեսական չեն։

Վերջապես, Ոստիկանության վերջին հենասյան՝ Գվարդիայի ձևավորման համար Ռազմավարության շրջանակներում համալիր ուսումնասիրությունների արդյունքում մշակվեց  հայեցակարգ։

Ռազմավարությամբ նախատեսված հիմնական գործողությունների իրականացումն անմիջականորեն իր ազդեցությունն ունեցավ հասարակության բոլոր շերտերի վրա՝ ապահովելով հասարակական անվտանգ միջավայրի մակարդակի զգալի բարձրացում, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության զգալի աճի։ Այսպես, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված Հանրային կարծիքի ուսումնասիրությանը նվիրված հետազոտությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատանքից գոհունակության ցուցանիշը 62 տոկոս է (նախորդ հարցման արդյունքների համեմատ գրանցվել է 4 տոկոս աճ), իսկ ԵԱՀԿ-ի կողմից պատվիրակված հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։

Այս համատեքստում, հիմքում ունենալով արդեն իսկ մեկնարկած բարեփոխումերը իրատեսական ու շոշափելի դարձնելու տեսլականը՝ Ներքին գործերի նախարարությունը ձեռնմուխ եղավ ռազավարական նոր փաստաթղթերի մշակմանը, որոնք կամրագրեն ոլորտային համապարփակ քաղաքականության առաջնահերթությունները Ոստիկանության բարեփոխումների հաջորդ փուլի՝ առաջիկա երեք տարիների համար։

Նոր ռազմավարական ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ինչպես նախորդ Ռազմավարության շրջանակներում արձանագրած հաջողությունները և նվաճումները, այնպես էլ բարեփոխումների իրականացման ընթացքում քաղած դասերը, նախորդ Ռազմավարության և ընթացիկ այլ բարեփոխումների՝ դեռևս ընթացքի մեջ գտնվող և չիրականացված ծրագրային կետերը, ինչպես նաև արդիականություն ձեռք բերած այլ առաջնահերթություններն ու մարտահրավերները։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հաստատել Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարական ծրագիրն և դրանից բխող 2024-2026թթ. գործողությունների ծրագիրը, որոնցով նախանշվել են հետևյալ Ոստիկանության բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ռազմավարական ուղղությունները՝

  1. Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոստիկանության կազմակերպաիրավական ձևի, կառավարման մոդելի փոփոխությունն ու ֆունկցիոնալ զարգացում,
  2. Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում,
  3. Կրթական միջավայրի բարելավում, ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում,
  4. Պարեկային ծառայության զարգացում՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել,
  5. Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում,
  6. Քրեական ոստիկանության զարգացում, օպերատիվ աշխատանքի արդյունավետություն,
  7. Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում,
  8. Ոստիկանության զորքերի վերափոխում, Ոստիկանության գվարդիայի ձևավորում,
  9. Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր,
  10. Բարեփոխումների իրականացման ներառականություն, գործողությունների մշտադիտարկում և համակարգում,
  11. Հանրային ընկալում, ռազմավարական հաղորդակցություն,
  12. Ոստիկանություն բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն։

Նշված ռազմավարական ուղղություններով նախատեսված միջոցառումներն ուղղված են Ներքին գործերի նախարարության վերջնական կայացմանը, մեկնարկած բարեփոխումներն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն ուղղված քայլերի շարունակականության ապահովմանը, ոստիկանական համակարգի բոլոր ստորաբաժանումների համար Ոստիկանության նոր նկարագրի ամրապնդմանը և դրա ամբողջականության ապահովմանը, մատուցվող ծառայությունների բարելավմանը, Նախարարության և ոստիկանության միջև իստիտուցիոնալ արդյունավետ կապի ապահովմանը, ինչպես նաև ոստիկանության նոր ֆունկցիոնալը և կառավարումը ավարտական տեսքի բերելուն ու մարդկային ռեսուրսների կառավարման նոր համակարգ ներդնելուն։

Ռազմավարական ծրագրով ներկայացվել են յուրաքանչյուր ռազմավարական ուղղությամբ առկա իրավիճակը, վերջին տարիներին ձեռնարկված միջոցներն ու բարեփոխումներին ուղղված ջանքերը, առկա մարտահրավերներն ու առաջիկա ոլորտային զարգացումների տեսլականը։ Ըստ այդմ, Ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա երեք տարվա ընթացքում ներկայացված խնդիրների լուծման, իրավիճակի լավարկման նպատակով անհրաժեշտ միջոցառումները, դրանց կատարման վերջնաժամկետները, պատասխանատու համակատարող մարմիններն ու յուրաքանչյուր միջոցառման կատարման վերստուգիչ ցուցանիշները։

Ռազմավարական ծրագրով նախատեսվել է նաև, որ վերջինիս և դրանից բխող գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհուրդը՝ Վարչապետի նախագահությամբ, որը կներառի ոլորտը համակարգող փոխվարչապետին ու բոլոր շահագրգիռ պետական մարմիններին, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Զուգահեռաբար սահմանվել են Ռազմավարական ծրագրի հաշվետվողականության և կատարողականի գնահատման հետ կապված առանցքային դրույթներ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Նախագծի մշակման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները ենթակա են լրացուցիչ գնահատման և կներկայացվեն Նախագծի քննարկման հետագա փուլերում։  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնի 2-րդ նպատակի՝ Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայում, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորում, Ոստիկանության զորքերի ծառայության կազմակերպաիրավական նոր ձևի սահմանում, և 6-րդ նպատակի՝ Ոստիկանական կրթական միջավայրի բարելավում, Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում մասնագիտական շարունակական վերապատրաստման կարիքների վերհանում և դրա արդյունքում վերապատրաստման մասնագիտական ծրագրերի վերանայում, առավել արդյունավետ և հասցեական կատարումը։

  • Քննարկվել է

    09.08.2024 - 25.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1213

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Հովհաննիսյան

13.08.2024

Ընդհանուր առմամբ կողմ լինելով նախագծին, բարեփախումների ընթացքը արագացնելու և համակարգում անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, առաջարկում եմ դիտարկել համակարգի հնաբնակների նկատմամբ ոստիկաններին ներկայացվող չափորոշիչների խստագույնս կիրառումը, չսահմանափակվելով միայն գիտելիքների ստուգմամբ և ատեստավորմամբ: Ոստիկանությունում, ներառյալ օպերատիվ ծառայություններում, երիտասարդների հետ աշխատում են համակարգի զգալի թվով երկարակյացներ, որոնք ինչ որ տեղ հանդիսանում են ,,հեղինակություններ,, երիտասարդների համար, սակայն ոչնչով չեն համապատասխանում ժամանակակից ոստիկանի կոչմանը և նրանց ներկայությունը միայն ձգձգում է համակարգի բարեփոխումներին: Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան գործողություններ համակարգը նրանցից արագ կարգով մաքրելու համար: Առաջին հերթին պետք է խստորեն կիրառվեն ոստիկանի արտաքին տեսքին և կազմվածքին ներկայացվող պահանջները՝ հասակ, քաշ, ատլետիկ կազմվածք և այլն: Քիչ չեն այնպիսի ոստիկանները, որոնք զբաղեցնելով օպերատիվ բնույթի պաշտոններ, ունենալով տեղաշարժման դժվարություններ, իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը սահմանափակում են միայն գրագրությամբ; որի նպատակը ոչ թէ խնդիրների փաստացի կարգավորումն է, այլ ուղղակի թղթի վրա դրանց ,,փակումն է,,: Նման աշխատակիցներից համակարգի մաքրումը զգալիորեն կարագացնի բարեփոխումների ընթացքը:

Տեսնել ավելին