Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու և կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:  

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 16912-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշ­վետ­վու­թյուն­ները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կար­գով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվա­զագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մար­մին­ներ չներ­կա­յացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը առա­ջաց­նում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ­հար­յու­րա­պա­տիկի չափով:

Հիմք ընդունելով Հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման մասին ՀՀ օրենքի համաձայն հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների` օրենքով սահմանված կարգով և ժամկետում վերջին տարիների փաստացի հրապարակման արդյունքները, ինչպես նաև այն հան­գա­­մանքը, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ Նախագծով առաջարկվում է խստացնել ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածով նախա­­տես­ված վար­չական պատասխանատվության միջոցները։

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը։

Մասնավորապես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ 5-րդ մասի համաձայն` առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:

Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝

  • իր ինտերնետային կայքում կամ
  • http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ
  • ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:

Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:

Վերը նշված կարգավորումները ուժի մեջ մտնելուց ի վեր յուրաքանչյուր տարի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են Օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր կամ միջին հանդիսացող կազմակերպություններ, որոնց  ֆինանսական հաշվետվությունները Օրենքով ենթակա են եղել պարտադիր աուդիտի և հրապարակման։  Ընդ որում, ինչպես ցույց են տալիս փաստացի հրապարակման արդյունքները նշված կազմակերպությունների ավելի քան 30%-ը http://www.azdarar.am ինտերնետային կայքում որևէ տեղեկատվություն չի հրապարակել, իսկ շուրջ 25%-ը հրապարակել է Օրենքով սահմանված կարգի և/կամ ժամկետի խախտմամբ:

Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետևաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ընդամենը 500 հազար դրամի չափով, քան ապահովել օրենքի պահանջները, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի։

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 16913-րդ հոդվածով վարչական պատասխանատ-վության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում երբ Հաշվապահական հաշվառման մասին և Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար:

Վերը նշվածով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է վար­չական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը` ապահովելով օրենքի պահանջների կատարումը:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:    

  • Քննարկվել է

    08.08.2024 - 26.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2557

Տպել

Առաջարկներ`

Արթուր Ավետիսյան

24.08.2024

Շատ անգամ կհամաձյնվեմ այս նախագծին, բայց ոչ այսօր կամ մի 5 տարի հետո անգամ։ հետաքրքիր է հարյուր հազարավոր ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ ների հաշվապահաությունը ով է անելու մի 2000+/- 1000 անձ փորձագետ հաշվապահներ՞։ Չեք կարծում, որ Դուք սխալ նախագիծ էք "ստեղծագործել"։

Միլ Նար ՍՊԸ

21.08.2024

Մեր կառավարությունում միայն մտածում են էլ ինչպես բարդացնեն քաղաքացիների կյանքը:

Robert Mansuryan

21.08.2024

169.13 հոդվածի փոփոխության վերաբերյալ հարց. եթե Գլխավոր հաշվապահը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, այսինքն չունի փորձագետ հաշվապահի որակավորում, ինչպես կարող է առաջին տույժը կրելուց 30 օր հետո բավարարել օրենքով սահմանված պահանջները: Դա գործնականում անհնար է: Ոլորտին տեղյակ մասնագետները գիտեն, որ հաճախ տարիներ են պահանջվում որակավորման քննությունները հանձնելու համար: Միանգամից սահմանեք օրենքով, որ այն տնօրենները, ովքեր չեն ազատի աշխատանքից իրենց որակավորում չունեցող գլխավոր հաշվապահներին կտուգանվեն 1 մլն. դրամով: Բազմաթիվ օրինակներ կան, երբ կազմակերպությունները տարիներ շարունակ օրինապահ հարկատուի հավաստագիր են ստանում, բայց գլխավոր հաշվապահը փորձագետ հաշվապահի որակավորում չունի: Դրանից լավ ցուցանիշ պետության համար կարծում եմ չպիտի լինի: Ինչու եք մտնում մասնավոր բիզնեսի տիրույթ և որոշում, թե ինչպիսին պետք է լինի կազմակերպության գլխավոր հաշվապահը: Կազմակերպության ղեկավարի իրավասությունն է ընտրել իրեն հարմար գլխավոր հաշվապահ: Գլխավոր հաշվապահի որակավորումը ճիցտ է պահանջել միայն ԲԲԸ-րի, հիմնադրամների, հանրային հետաքրքրություն ներկայացնող, բորսաներում արժեթղթեր, պարտատոմսեր թողարկած կազմակերպություններից: Իսկ ընդհանուր առմամբ, այս նոր օրինագիծը հաստատում է օրեցօր տարածվող այն միտքը, որ կա կոռուպցիոն, կլանային, հանցագործ պայմանավորվածություն Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և ՀՀ Ֆինանսների նախարարության որոշ պաշտոնյաների միջև: Կարող ենք միայն գլխի ընկնել, թե ինչու 2020թ-ից գործողության մեջ դրված Հաշվապահական հաշվառման մասին նոր օրենքով սահմանվեց պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների այդքան ցածր շեմ: Շրջանառության մեջ դրվեց փորձագետ հաշվապահի, մասնագիտացված կառույցի և այլ նորմեր, որոնք որակավորում տրամադրելու մենաշնորհը իրենց մենաշնորհային գներով նվիրեցին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, իսկ ավելի ճիշտ կլինինի ասել նրա ղեկավարներին: Նախկինում պետությունը գանձում էր պետական տուրք որակավորման քննություններ հանձնողներից և վերջ: Հաշվապահական հանրությունը քաջատեղյակ է, թե այժմ պալատը որքան բարդ և բազմափուլ քննություններ է սահմանել փոձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար: Մարդիկ կան արդեն 1 մլն. դրամից ավել վճարումներ են կատարել, բայց որակավորում չեն ստացել: Էլ չենք խոսում անդամակցության վճարների և ՇՄԶ պարտադիր դասընթացների մասին: Եվ այստեղ մեծ հարցական կա. ինչու պետք է մի հասարակական կազմակերպություն իր ձեռքերում պահի ամբողջ ոլորտի մասնագիտական որակավորման և պատրաստման գործառույթը, կամայականորեն սահմանի գներ, ընթացակարգեր, կանոններ: Այս ամենը կոռուպցիայի, քվոտավորման, մի խումբ մասնավոր մարդկանց հարստացման կազմակերպված սխեմա է, և ժամանակն է, որպեսզի համապատասխան քննչական մարմինները տան այս հարցերի պատասխանները:

Տեսնել ավելին