Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Այն անմիջականորեն կապված է մեր ազգաբնակչության առողջության հետ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը միշտ եղել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մշտադիտարկման ներքո։ Պետք է նշել, որ այսօր առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

2023թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված  հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց, գրանցվել է աճ 2804 դեպքով կամ 123.7%-ով:

Հանցագործության դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 1771 իրացման դեպքով կամ 171.7 %-ով: (2022թ.` 1031):

2023թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների անօրինական շրջանառության 1762 դեպք, ինչը 1076 դեպքով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ (2022թ.՝ 686 դեպք): Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:

2023թ. ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքնում բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որոնցից 128-ը իրացման դեպքեր են, իսկ 361-ը՝ ձեռքբերման (2022թ.՝ 134 դեպք, որոնցից 37-ը՝ իրացման, 97-ը՝ ձեռքբերման):

2023 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կգ 60 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ ()2022թ. 119 կգ 70 գր):

Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը (2018թ. -6951,  2019թ. -7209, 2020թ. -7392, 2021թ. -7570, 2022թ. - 7738):

Իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում է ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված և փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմանակնում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում։ Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։

Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 147 դեպք, որոնցից 36-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 111-ը՝ ձեռքբերման: Ուստի նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

Սակայն հարկ է նշել, որ սույն նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության  2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1671-Ն որոշման հավելվածի միջոցառումների 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով։                              

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, օրենսդրությամբ թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

4 ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    19.07.2024 - 03.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1286

Տպել