Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարությունը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 86-րդ հոդվածը (Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են` ... 5) ծնելիության և բազմազավակության խթանումը) և ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.1-ին ենթաբաժինը (Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր)։ 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, քանզի առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000- ական թթ. սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժը անհրաժեշտ է առավելագույն օգտագործել։ Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ, ինչպես նաև ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված այլ միջոցառումներ:

          1.2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

          Առաջարկվում է ընդունել Նախագիծը, որը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝

  • Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը․
  • Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,
  • Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
  • Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:

 

  1. Կարգավորման առարկան

 Նախագծով սահմանվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ  մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին 

Նախագծով հաստատվող Ռազմավարության ընդհանուր ֆինանսական արժեքը մինչև  2040 թվականը գնահատվել է 2,607.24 մլրդ դրամ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.1-ին ենթաբաժնի (Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր) և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «5. Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք» բաժնի 5.1-ին կետի (բնակչության բնական հավելաճի բարձր տեմպ) համահունչ նախատեսվում է սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարությունը և դրանից բխող՝ 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը» դրույթներից:

 

 

 

        

 

 

  • Քննարկվել է

    18.07.2024 - 02.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3901

Տպել

Առաջարկներ`

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Թեև կլիմայի փոփոխությունը ռազմավարության տեքստում նկարագրված է, որպես խաչվող թեմա, սակայն այն պատշաճ ուշադրության չի արժանացել ռազմավարական նպատակներն ու ծրագրերը կազմելիս: Կանանց վերարտադրողական առողջության վատթարացման վրա կլիմայի վատ ազդեցության, մասնավորապես հանքարդյունաբերության արդյունքում առաջացող ծանր հետևանքների մասին կան բազմաթիվ հետազոտություններ: Ուստի թե՛ պտղաբերության ցուցանիշների բարձրացման, թե՛ առողջ ծերացման, թե՛ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից սա առաջնային մտահոգության առարկա ու թիրախ պետք է հանդիսանա: Առաջարկում ենք մշակել ռազմավարական նպատակներ և ծրագրեր՝ թիրախավորելով առողջ շրջական միջավայրի պահպանումն ու զարգացումը:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում նկարագրված ռազմավարական և մասնավոր նպատակներն ու դրանց ուղղված ծրագրերի մի մասը կոնկրետ չեն: Ռազմավարության ֆինանսավորման բաժինը ֆինանսական ռեսուրսների բաշխումը նկարագրում է ըստ նպատակների և ոչ ըստ ծրագրերի: Ուստի ակնհայտ է, որ որոշ ծրագրեր կարող են ֆինանսավորում չունենալ և չդառնալ գործողություններ: Կարևորում ենք հատկապես Ծրագիր 1․2․2-ը: Ծրագիր 1.2.2֊ը՝ Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և սեռական կրթության և առողջապահության հասանելիությունը: Առաջարկում ենք ծրագիր ավելի հստակեցնելու համար այն ձևակերպել այսպես՝ «Հակաբեղմնավորման արդյունավետ քաղաքականության իրականացում և համապարփակ սեռական կրթության և սեռական ու վերարտադրողական առողջապահության հասանելիությունը»: Սա խաչվող ծրագիր կլինի ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գործառույթների շրջանակում:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

02.08.2024

Նախագծում Ծրագիր 3.2․5-ը նկարագրված է, որպես «Հանրային ծառայության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի միջսերնդային համագործակցությունը խթանող ծրագրեր»: Ծրագրի անվանումն ինքնին անհասկանալի է, իսկ բովանդակության մասին կարելի է միայն ենթադրել, որ այն առնչվում է ավագ սերնդի ներգրավմանը մինչև 2 տարեկան երեխաների խնամքին: Անհասկանալի է, թե խոսքը գնում է խնամքի կենտրոնների, թե նույն տնային տնտեսություններում տատիկ֊պապիկների ներգրավմանը մինչև երկու տարեկան երեխաների խնամքում: Առաջարկում ենք հստակեցնել այս ծրագիրը և առավել խորքային ներկայացնել ծրագրի դրական և բացասական կողմերը թե՛ երեխաների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

Տեսնել ավելին