Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «իրավահավասարություն» բառը փոխարինել «հավասարություն» բառով։ Չի ընդունվել։ Օրենքի նախագծի նպատակները կարելի է բաժանել երկու խմբի՝ 1) հավասար վերաբերմունքի, խտրականության կանխարգելման և խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանության ապահովում՝ սրանք առնչվում են խտրականության բացառմանը և ներառվում են վերնագրի՝ «խտրականությունից պաշտպանելու» հատվածի ներքո, 2) հավասար իրավունքների, ազատությունների և պարտականությունների (այլ խոսքերով՝ իրավահավասարության), հավասար հնարավորությունների ապահովում. այսինքն, իրավահավասարության գործնական իրականացման ապահովում։ Կարծում ենք, որ վերնագրում կիրառվող «Իրավահավասարության ապահովում» ձևակերպումը առավել համահունչ է օրենքի նշված նպատակի էությանը։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 1-ին հոդվածով կամ առանձին հոդվածով սահմանել օրենքի գործողության ոլորտին վերաբերող նորմ, այդ թվում՝ հասարակական հարաբերությունների և սուբյեկտների այն շրջանակը, որոնց վրա տարածվելու է օրենքի գործողությունը։ Այս առումով կարևորում ենք խտրականության բացառման և հավասարության ապահովման պարտավորության՝ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող իրավաբանական բոլոր անձանց, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա տարածվելու մասին հստակ նշումը։ Ընդունվել է մասամբ։ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ նախատեսվում է հասարակական հարաբերություների այն շրջանակը, որի նկատմամբ կիրառելի է խտրականության արգելքը և դրան վերաբերելի՝ նախագծի այլ դրույթները։ Մասնավորապես, վկայակոչված դրույթի համաձայն՝ խտրականությունն արգելվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և կյանքի այլ ոլորտներում, այդ թվում՝ աշխատանքային հարաբերություններում, հանրային ծառայությունների մատուցման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման, սոցիալական ապահովության և աջակցության, բանկային և ֆինանսական, տրանսպորտային, ժամանցային ծառայությունների մատուցման, անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալման, առևտրային և մասնագիտական գործունեության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զանգվածային լրատվության ոլորտներում։ Կարծում ենք, որ այս դրույթը համընդգրկուն կերպով սահմանում է այն հասարակական հարաբերությունների շրջանակը, որոնց նկատմամբ կիրառելի են օրենքի նախագծի կարգավորումները։ Ինչ վերաբերում է սուբյեկտների շրջանակն ամրագրելուն, ապա առաջարկն ընդունվել է, նախագծի 4-րդ հոդվածը լրացվել է նոր մասով, համաձայն որի՝ «Ֆիզիկական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, պարտավոր են բացառել խտրականության կիրառումը։»։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրյա քաղաքացի, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձ)» բառերով: Չի ընդունվել։ «Ֆիզիկական անձ» եզրույթն արդեն իսկ ներառում է առաջարկությամբ մատնանշված սուբյեկտներին։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ինչպես նաև իրավաբանական անձ՝ այնքանով, որքանով սույն օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները կիրառելի են իրավաբանական անձի նկատմամբ» բառերը ենթակա են խմբագրման այն տեսնակյունից, որ իրավաբանական անձինք տվյալ դեպքում ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ կրողներն են։ Առաջին դեպքում պետք է հստակեցնել նաև, որ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել խտրականության ուղղակիորեն իրենց հետ կապված անձանց պաշտպանված հատկանիշներից որևէ մեկի կամ մի քանիսի հիմքով, գործունեության բնույթով և այլն։ Ընդունվել է մասամբ։ Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշում չի կատարվում իրավաբանական անձանց պարտականությունների մասին, քանի որ այս կետում բացահայտվում է նախագծում կիրառվող «անձ» եզրույթի բովանդակությունը, որը նախագծի հետագա կարգավորումներում կիրառվում է միայն այն դեպքերում, երբ խոսքը գնում է խտրականության ենթարկված անձանց մասին և ոչ թե խտրականություն գործադրած կամ խտրականության բացառումը երաշխավորելու պարտականություն ունեցող սուբյեկտների։ Ինչ վերաբերվում է որպես իրավունքի կրող՝ իրավաբանական անձանց վերաբերյալ կարագավորման հստակեցմանը, ապա առաջարկն ընդունվել է, նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ՝ «1) անձ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ.»։ Միաժամանակ, նախագծի 5-րդ հոդվածը լրացվել է նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունը, անգործությունը, կարգավորումը, վերաբերմունքը կամ քաղաքականությունը իրավաբանական անձի նկատմամբ կիրառվելու դեպքում համարվում է խտրականություն, եթե այն պայմանավորած է իրավաբանական անձի հետ անմիջական կապ ունեցող՝ պաշտպանված հատկանիշով օժտված անձանց, այդ թվում՝ աշխատողների, շահառուների, պայմանագրային հարաբերություններում գտնվող անձանց առկայությամբ։»։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «3) պաշտպանված հատկանիշ՝ ազգային փոքրամասնության պատկանելություն, ամուսնական կարգավիճակ, առողջական վիճակ, բնակության վայր, գենդեր, գենդերային արտահայտում, գենդերային ինքնություն, գույքային վիճակ, էթնիկ պատկանելիություն, լեզու, ծագում, ծնունդ, կրոն կամ հավատ, հաշմանդամություն, հիվանդության նկատմամբ գենետիկ կամ այլ նախահակում, հղիություն, մայրություն կամ հայրություն, մաշկի գույն, միգրանտի կարգավիճակ, ռասա, սեռական կողմնորոշում, սեռական հատանիշներ, սեռ, սոցիալական ծագում, սոցիալական վիճակ, տարիք, տնտեսական կարգավիճակ, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ, փոքրամասնության կարգավիճակ, քաղաքական կամ այլ հայացքներ, ներառյալ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվելը, արհմիության անդամակցելը կամ կուսակցական պատկանելություն, քաղաքական, ընտանեկան կամ կարիերայի կարգավիճակ, քաղաքացիություն կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ.»։ Չի ընդունվել։ Պաշտպանված հատկանիշները նախագծում սահմանվել են՝ հիմք ընդունվելով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի (խտրականության արգելքը) ձևակերպումները։ Միաժամանակ, ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ նախագծով նախատեսվել է պաշտպանված հատկանիշների ոչ սպառիչ ցանկ, ինչը թույլ է տալիս առաջարկում նշված լրացուցիչ հատկանիշները մեկնաբանել որպես «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ»։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բողոք ներկայացրած» բառերից հետո լրացնել «կամ ներկայացնելու մտադրություն ունեցող» բառերը։ Լրացումն անհրաժեշտ է խտրականության ենթարկված անձի կողմից դիմում ներկայացնելը կանխելուն միտված ճնշումները և այլ գործողությունները որպես վիկտիմիզացիա ճանաչելու նպատակով։ Ընդունվել է մասամբ։ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը վերաշարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «9) վիկտիմիզացիա (զոհայնացում)՝ սույն օրենքի շրջանակում իր կամ այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին դիմում կամ բողոք ներկայացրած կամ ենթադրյալ խտրականության փաստը կամ դրա կապակցությամբ դիմում կամ բողոք ներկայացնելու մտադրությունը որոշակի կամ անորոշ անձանց շրջականին հայտնած (հրապարակած) կամ դիմում կամ բողոք ներկայացրած անձին աջակցած անձի նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչպես նաև դիտավորյալ գործողություն կամ անգործություն, որն այդ անձի համար հանգեցրել է բացասական փաստական հետևանքների.»
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «10) Զուգորդման (ասոցացիայի) վրա հիմնված խտրականություն՝ խտրականություն անձի կամ անձանց խմբերի նկատմամբ, ովքեր չունեն որոշակի պաշտպանված հատկանիշ, սակայն ազգակցական, ամուսնական կամ այլ ուղղակի կապ ունեն պաշտպանված հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբի հետ.»։ Չի ընդունվել։ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծով նախատեսված հասկացությունից առաջարկվող հասկացության էական տարբերությունն այն է, որ առաջարկվում է նախատեսել զուգորդված խտրականության առկայություն պաշտպանված հատկանիշներով օժտված անձի հետ ոչ թե ցանկացած կապի, այլ միայն ուղղակի կապի առկայության պարագայում։ Նման փոփոխությունն էականորեն կնեղացնի հասկացության կիրառման շրջանակը, միաժամանակ, լրացուցիչ բարդությունների կհանգեցնի դեպքի ապացուցման հարցում, քանի որ «ուղղակի կապ» հասկացությունը վերացական և գնահատողական է, և հասկանալի չեն այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի հաստատված համարել, որ խտրականության ենթարկված անձի և պաշտպանված հատկանիշն ունեցող անձի միջև կապն «ուղղակի» է։ Ավելին, հասակացության շրջանակի նման նեղ մեկնաբանությունը չի բխում նաև միջազգային ստանդարտներից և պրակտիկայից։ Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մոլլա Սալին ընդդեմ Հունաստանի գործով կայացրած վճռով նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը ներառում է նաև այն դեպքերը, երբ անձի նկատմամբ կիրառվել է նվազ բարենպաստ վերաբերմունք՝ այլ անձի կարգավիճակի կամ պաշտպանված հատկանիշի հիմքով։ Եվրոպական դատարանը որևէ կերպ անդրադարձ չի կատարել նշված անձանց միջև կապի բնույթին և չի նշել, որ այդ կապն անպայմանորեն անմիջական կամ ուղղակի պետք է լինի (տես Մոլլա Սալին ընդդեմ Հունաստանի (ՄՊ) (Molla Sali v. Greece), դիմում no. 20452/14, պարագրաֆ 134)։ Նմանապես, ԵՄ արդարադատության դատարանը ևս զուգորդված խտրականության փաստն արձանագրելու նպատակով բավարար է համարել «ցանկացած ասոցացիայի» առկայությունը՝ չանդրադառնալով դրա ուղղակի կամ անմիջական բնույթին (տես Քոլեմանի գործով 2008 թվականի հուլիսի 17-ի վճիռը, C-303/06)։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի12-րդ ենթակա է խմբագրման այն տեսանկյունից, որ ժամանակավոր հատուկ միջոցների նպատակը պաշտպանված հատկանիշ ունեցող և չունեցող անձանց միջև փաստացի հավասարության ապահովումն է։ Նշված «անձանց խմբի և հասարակության միջև փաստացի անհավասարության վերացում» ձևակերպումը որոշակի չէ և սխալ է այն պատճառով, որ պաշտպանված հատկանիշն ունեցող անձինք ևս հասարակության մասն են։ Ավելին՝ գնահատելիս անհրաժեշտություն է առաջանալու ունենալ հասարակությունում իրավունքների իրացման միջին մակարդակ, ինչը սահմանելն անհնար է և անընդունելի։ Փաստացի հավասարության տեսանկյունից միակ համեմատելին պատշապնված հատկանիշը չունեցող անձանց խումբն է։ Նույն փոփոխությունն անհրաժեշտ է իրականացնել նաև 7-րդ հոդվածի 2-րդ մասում։ Ընդունվել մասամբ։ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում կատարվել են համապատասխան փոփություններ, մասնավորապես՝ նախատեսվել է, որ ժամանակավոր հատուկ միջոցների կիրառման նպատակ է նաև անձանց խմբի և հասարակության «այլ խմբերի» միջև անհավասարության վերացումը։ Ինչ վերաբերում է անհավասարության վերացման նպատակի անորոշ լինելուն կամ գնահատման բարդությանը, հարկ է նկատել, որ նույն նկատառումները հավասարապես կարող են վերաբերելի լինել «հավասար հնարավորությունների ապահովման» նպատակին, ուստի ընդունելի չեն։ Այսպես, հավասար հնարավորությունների ապահովման պարագայում ևս պետք է ընդհանուր պատկերացում առկա լինի հնարավորությունների այն «միջին մակարդակի» մասին, որին ժամանակավոր հատուկ միջոցի կիրառմամբ փորձ է արվում հասնել։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «13) հատվող խտրականություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականություն պաշտպանված հատկանիշներից միաժամանակ մի քանիսի հիմքով, որոնք միմյանց հետ փոխազդեցության արդյունքում առաջացնում եմ միմյանցից անբաժանելիություն՝ առաջացնելով խտրականության առանձին և հատուկ ձևեր։»։ Ընդունվել է մասամբ։ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է նոր կետով. «13. Հատվող խտրականություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականություն` միաժամանակ երկու կամ ավելի պաշտպանված հատկանիշների հիմքով, որոնք անբաժանելի են և իրենց համադրության արդյունքում հանգեցնում են խտրականության հատուկ դրսևորման։»։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Խտրականությունը պաշտպանված հատկանիշներից մեկի կամ մի քանիսի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն է, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և (կամ) ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումն է և (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ճանաչման և (կամ) իրականացման արգելքն է կամ ժխտումը։»։ Չի ընդունվել։ Նախագծում նախատեսված «խտրականություն» եզրույթի սահմանումը տրվել է հնարավորինս համապարփակ ձևով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Մինչդեռ, ներկայացված առաջարկությամբ չի հիմնավորվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ «խտրականություն» հասկացության փոփոխության անհրաժեշտությունը, ինչպես նաև չեն ներկայացվել այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջ գալ նախագծով նախատեսված՝ խտրականության հասկացության պարագայում։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 5-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված խտրականության տեսակները կարող են հիմնված լինել նաև զուգորդման (ասոցացիայի) կամ ընկալման վրա։»։ Նաև առաջարկում ենք ընկալման վրա հիմնված խտրականությունը հանել խտրականության տեսակների շարքից։ Ընդունվել է։ Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրվել է նոր շարադրությամբ՝ «4. Խտրականության տեսակներն են ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, ոտնձգությունը, սեգրեգացիան (խտրազատում), վիկտիմիզացիան (զոհայնացում), հատվող խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, որոնք կարող են հիմնած լինել նաև զուգորդման (ասոցացիայի) կամ ընկալման վրա։»
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 6-րդ հոդվածը վերանայել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պոզիտիվ և պրոակտիվ միջոցների ձեռնարկման պարտավորության տրամաբանությամբ, այդ թվում՝ սահմանելով խտրականության ենթարկվող անձանց խմբերի մասնակցության խթանման, բազմազանությանը, ներառմանը և հավասարությանն ուղղված միջոցառումների, նախապաշարմունքների, կարծրատիպերի և խարանի վերացման, իրազեկվածության բարձրացման, պաշտոնատար անձանց հավասարության իրավունքի վերաբերյալ կրթության պարտավորությունները։ Սույն մասում նախատեսել նաև լիազորող նորմեր՝ հետագայում խնդիրների խուսափելու նպատակով։ Չի ընդունվել։ Նախագծով արդեն իսկ նախատեսվել են իրավահավասարության ապահովմանը և հավասարության խթանմանն առնչվող՝ պետական և տեղական ինքնակառվարման մարմինների և պաշտոնատար անձանց պարտականություններ։ Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, նշված մարմինները և պաշտոնատար անձինք պետք է՝ 1) իրենց գործունեության ոլորտին առնչվող քաղաքականության մշակման ընթացքում հաշվի առնեն իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կարգավորումները և պահանջները, և 2) ապահովեն հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պարբերական վերապատրաստումներ իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության թեմայով։ Ինչ վերաբերում է կարծրատիպերի և խարանի վերացմանը, ապա նույն հոդվածով նախատեսվում է հանրային հաղորդակցությունը իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտանության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու պարտականությունը, որը ենթադրում է կարծրատիպային արտահայտությունների, ձևակերպումների, կարծրատիպերն ամրագրող ուղերձների բացառում։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախածի 7-րդ հոդվածում անհրաժեշտ է սահմանել, որ ժամանակավոր հատուկ միջոցները պետք է լինեն՝ 1) հավասարության ապահովման նպատակին համաչափ, 2) գործեն մինչև սահմանված նպատակին հասնելը, եթե չի հիմնավորվել ընտրված ժամանակավոր հատուկ միջոցի անարդյունավետության պատճառով սահմանված նպատակին հասնելու անհնարինությունը։ Նախագիծն այժմ նախատեսում է ժամանակավոր հատուկ միջոցների կիրառման դադարեցման միայն մեկ հիմք՝ փաստացի հավասարության նվաճումը։ Գործնականում սա կարող է դժվարություններ առաջացնել, ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտավորման համակարգի ներդրման 2016 թվականի փորձի դեպքում, որը չեղարկվեց նաև ժամանակավոր հատուկ միջոցի սխալ ընտրության և անարդյունավետության պատճառով։ Ընդունվել է։ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել է, որ ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը պետք է համաչափ լինի դրանց կիրառման նպատակին։ Բացի այդ, նույն հոդվածը լրացվել է 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «4. Ժամանակավոր հատուկ միջոց կիրառած պետական, տեղական ինքնակառավարման մարմինը, պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը պետք է դրա կիրառումից հետո պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ, իրանակացնի ժամանակավոր հատուկ միջոցի կիրառման արդյունավետության գնահատում՝ ՀՀ կառավարության սահմանած մեթոդաբանության համաձայն։ Ժամանակավոր հատուկ միջոցի կիրառումը դադարեցվում է գնահատման արդյունքում արդյունավետության բացակայության վերաբերյալ եզրակացություն կայացնելու դեպքում։»։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Խտրականության հարցերով խորհրդի անդամին ներկայացվող պահանջները ենթակա են լրացուցիչ հիմնավորման։ Մասնավորապես գտնում ենք, որ քաղաքացիության պահանջ սահմանելը անհրաժեշտ չէ ժողորդավարական հասարակությունում։ Ավելին՝ դրա պատճառով խտրականության ենթարվող անձանց տարբեր խմբեր կարող են չունենալ խորհրդում ներկայացված լինելու հնարավորությունից, օր.՝ քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականները և այլն։ Փոխարենն առաջարկում ենք սահմանել Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջ։ Գտնում ենք նաև, որ դիտավորությամբ կատարած հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք ևս պետք է կարողանան ներգրավվել խորհրդում։ Ընդունվել է մասամբ։ Խտրականության հարցերով խորհրդի անդամին ներկայացվող ՀՀ քաղաքացիության վերաբերյալ պահանջը հանվել է։ Ինչ վերաբերում է դիտավորությամբ կատարած հանցագործության համար դատվածություն ունենալու պահանջին, ապա կարծում ենք, որ մինչև դատվածության մարումը անձանց խորհրդի կազմում ներգրավելու առաջարկը հիմնավորված և նպատակահարմար չէ։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծի 10-րդ հոդվածում առաջարկում ենք անդրադառնալ Խտրականության հարցերով խորհրդի անդամների ընտրության գործընթացի սկզբունքներին (օր.՝ բաց, թափանցիկ և արժանիքների վրա հիմնված լինելը) և խորհրդի կազմի բազմազանությանը և տարբեր խմբերի ներկայացվածությանը։ Ընդունվել է։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսվում են թափանցիկությունը, հրապակայնությունը և անկողմնակալությունը՝ որպես Պաշտպանի գործունեության հիմնական սկզբունքներ, ինչը ենթադրում է նաև այդ սկզբունքների տարածումը Խտրականության հարցերով խորհրդի անդամների ընտրության գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է խորհրդի կազմի բազմազանության և տարբեր խմբերի ներկայացվածության պահանջի նախատեսմանը, նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի 8-րդ հոդվածը լրացվել է 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «5. Խտրականության հարցերով խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է Պաշտպանի հրամանով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամների բազմազանության ապահովման և տարբեր պաշտպանված հատկանիշներով օժտված անձանց խմբերի ներկայացուցիչների հնարավոր հավասար ներգրավման պահանջները:»
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի «իրավաչափ նպատակ կամ կիրառված միջոցները» բառերը փոխարինել «իրավաչափ նպատակ և կիրառված միջոցները» բառերով։ Չի ընդունվել։ Վկայակոչված դրույթում «կամ» շաղկապի կիրառումը պայմանավորված է նրանով, որ խտրականության բացակայությունն արձանագրելու համար բավարար է նախանշված երկու պայմաններից մեկի բացակայությունը։ Այլ խոսքերով, խտրականություն առկա կլինի, եթե՝ 1) գործողությունը չհետապնդի իրավաչափ նպատակ, կամ 2) կիրառված միջոցները անհրաժեշտ չլինեն, կամ 3) կիրառված միջոցները համաչափ չլինեն այդ նպատակին։ «Եվ» շաղկապի կիրառման դեպքում կստացվի, որ խտրականություն առկա կլինի միայն նշված երկու նախապայմանների միաժամանակյա առկայության պարագայում։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Հայտնում ենք մեր մտահոգությունը, որ Մարդու իրավունքների պաշտպանին որպես հավասարության մարմին նախատեսելը կհանգեցնի ոչ պետական կազմակերպությունների կողմից խտրականության ենթարկված անձանց անհավասար պաշտպանության՝ ի համեմատ պետական կազմակերպությունների կողմից խտրականության ենթարկված անձանց։ Չի ընդունվել։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդլայնել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը՝ նախատեսելով Պաշտպանի լիազորությունը՝ քննարկելու կազմակերպությունների կողմից խտրականության չենթարկվելու իրավունքի խախտման վերաբերյալ հարցերը՝ բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ։ Ընդ որում, կարգավորումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին։ Մասնավորապես, ի թիվս այլնի, նախագծային կարգավորումներով՝ Պաշտպանն իրավասու է անձի կամ անձանց խմբի համաձայնությամբ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմելու դատարան, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը Պաշտպանի գնահատմամբ խտրականություն է դրսևորել և չի պատասխանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանդրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Պաշտպանի առաջարկությանը կամ չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել դրանով նախատեսված միջոցառումները։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախատեսել հավասարության ազդեցության գնահատում հանրային իրավունքի և քաղաքականությունների բոլոր ասպեկտներում։ Այն պետք է ներառի օրենքների, քաղաքականությունների կամ այլ որոշումների կանխարգելիչ, խորհրդատվական և տվյալների վրա հիմնված գնահատում՝ ցանկացած խտրական ազդեցություն բացահայտելու և կանխելու համար։ Չի ընդունվել։ Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2075-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ կարգավորման ազգեցության գնահատումը, ի թիվս այլնի, ներառում է սոցիալական ոլորտը։ Ըստ այդմ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 140-Ա/1 հրամանով նախատեսվում են կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական ոլորտում ազդեցության նշանակալիության գնահատման (որոշման) չափորոշիչները։ Համաձայն նշված հրամանով հաստատված հավելվածի՝ ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիության գնահատման համար մշակված ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչները բաժանվում են 9 խմբի, որոնք, ի թիվս այլնի, ներառում են երեխաների իրավունքների, ընտանիքի և կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցության երաշխիքների ապահովումը, տարեցների սոցիալական աջակցության երաշխիքների ապահովումը։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ կարգավորման ազդեցության գնահատումը արդեն իսկ ընգրկում է մի շարք ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովման գնահատումը։ Բացի այդ, «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է պետական և տեղական ինքնակառվարման մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունը՝ իրենց գործունեության ոլորտին առնչվող քաղաքականության մշակման ընթացքում հաշվի առնելու իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության կարգավորումները և պահանջները։ Ըստ այդմ, գործող օրենսդրությունը և Նախագծերի փաթեթն արդեն իսկ մեծապես հասցեագրում են առաջարկությամբ մատնանշված հարցը։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Նախագծով անդրադառնալ խտրականության զոհերի փոխհատուցման, խտրականության համակարգային կամ կառուցվածքային ձևերից տուժած անձանց (օր.՝ հաշմանդամության հիմքով ազատությունից ապօրինի զրկված անձինք) ճանաչման և փոխհատուցման այլ համակարգային միջոցառումներին, որոնք պետք է ուղղված լինեն խտրականության սոցիալական պատճառներին և հետևանքներին։ Չի ընդունվել։ Նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն» կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է պետական կամ տեղական ինքնակառվարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից խտրականության չենթարկվելու իրավունքի իրավունքի խախտման դեպքում նախատեսել ոչ նյութական վնասի հատուցում հայցելու հնարավորություն։ Միաժամանակ, Նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներով նախատեսվում են նաև նյութական վնասի հատուցման կառուցակարգերը։ Ինչ վերաբերվում է մասնավոր հատվածում խտրականության դեպքերով ոչ նյութական վնասի հատուցմանը, ապա հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 3.3 գործողությամբ նախատեսվել է օրենսդրորեն նախատեսել ֆիզիկական անձի դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ընթացակարգ՝ նախատեսելով մասնավոր հարաբերություններում հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասների փոխհատուցման հնարավորությունը։ Սույն գործողության շրջանակներում համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակումը նախատեսվում է 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ Ուստի՝ առաջարկվող կառուցակարգերի նախատեսումը դուրս է սույն նախագծերի փաթեթի կարգավորման շրջանակից և կդիտարկվի ՄԻՊ գործողությունների ծրագրի վերոնշյալ գործողության կատարման շրջանակներում։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.07.2024 22:23:11 Փաթեթում ներառել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով երաշխավորել ենթադրյալ խտրականության ենթարկված ֆիզիկական անձանց անվճար իրավաբանական օգնությունը։ Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված առաջարկությունը կդիտարկվի ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ քննարկումների համատեքստում՝ հաշվի առնելով առաջարկի ընդունման արդյունքում պետության վրա դրվող լրացուցիչ ֆինանսական բեռը և Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ, «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից խտրականություն դրսևորելու դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ որպես խտրականությունից իրավական պաշտպանության լրացուցիչ միջոց: Այս առումով, հարկ է նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ խտրականություն գործադրած անձին պատասխանատվության ենթարկելու կամ խտրականության ենթարկված անձի իրավունքների վերականգնման և վնասի հատուցման պահանջներով դատարան դիմելու լիազորությունը: