Լրամշակման փուլում է
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը «փոխադրման» բառից հետո լրացնել «կամ կատարողականի գնահատման արդյունքներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10․ Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
- Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի։ Եթե հայտարարված մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոնը չի համալրվում, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է երկու ամսվա ընթացքում:
- Սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտը, ապա մրցույթը կարող է հայտարարվել մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալը, բայց ոչ շուտ, քան թափուր պաշտոն առաջանալուց մեկ ամիս առաջ։
- Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է հայտարարվել մեկ ներքին մրցույթ: Ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
- Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը:
- Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Ներքին մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույց։ Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում և քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում։ Արտաքին մրցույթի դեպքում հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ ներքին մրցույթի դեպքում՝ ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ։
- Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը։ Գլխավոր քարտուղարի` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը։
- Թեստավորման փուլում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները, իսկ հարցազրույցի փուլում՝ մասնագիտական գիտելիքները կիրառելու կարողությունները և կոմպետենցիաները։
- Թեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում հայտարարությունը հրապարակվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։
- Թեստերը կազմվում են՝
1) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենքներից,
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող օրենսդրությունից:
- Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված օրենքներից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները` համապատասխան մարմինը։
- Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի՝ սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իսկ Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատը:
- Թեստի ավարտից հետո մրցույթի մասնակիցը անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին, իսկ գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին։
- Արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում Կառավարության սահմանած միավորից բարձր առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցը: Եթե միևնույն արդյունք ունենալու դեպքում առավելագույն միավորներ հավաքած և թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից ավելի է, ապա միևնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ:
- Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որի դեպքում հանձնաժողովը ձևավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից:
- Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք: Եթե տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրա փոխարինող պաշտոնատար անձը զբաղեցնում է քաղաքական պաշտոն, ապա նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը։
- Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:
- Հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչվում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցը։ Եթե նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցների թիվը մեկից ավելի է, ապա Հանձնաժողովը քվեարկությամբ ընտրում է հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված առաջին և երկրորդ մասնակիցներին։ Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված առաջին մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի։ Եթե հաղթող ճանաչված առաջին մասնակիցը պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացնում, ապա պաշտոնի է նշանակվում հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված երկրորդ մասնակիցը։
- Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած քաղաքացիներից ոչ մեկը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխում է տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:
- Անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով։
- Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված մրցույթով, բացառությամբ սույն օրեքի 14․1-ին հոդվածով սահմանված դեպքի:
- Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
- Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
- Մրցույթ անցկացնելուկարգը սահմանում է Կառավարությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը:
- Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը։»:
Հոդված 3․Օրենքի 11-րդ հոդվածում՝
- 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3․Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:»․
- 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել․
- 5-րդ մասի «գրասենյակն առցանց կարգով» բառերը փոխարինել «գրասենյակը տեղեկատվական հարթակում» բառերով․
- 7-րդ մասի՝
ա․ «մասնագիտություն ունեցող» բառերից հետո «հինգ» բառը հանել․
բ․ «տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուն» բառերը փոխարինել «վարկանիշային ցուցակի հաջորդ համարներում գրանցված տվյալ մասնագիտությունն ունեցող թեկնածուները» բառերով․
- 9-րդ մասի «բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր խմբի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո» բառերով․
- 10-րդ մասի «Պաշտոնի նշանակված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից» բառերը փոխարինել «Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար։» բառերով․
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ․
«3.1) պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ կամավորական հիմունքներով մարտական գործողություներին մասնակցելու դեպքերում.».
- 7-րդ կետի «այլ դեպքերում» բառերը փոխարինել «դեպքում» բառով:
Հոդված 5․Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14․1-ին հոդվածով՝
«Հոդված 14․1․Կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
1․Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել երկու տարի անընդմեջ կատարողականի գերազանց արդյունք ունեցող այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝
- բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
- երկու տարի անընդմեջ աշխատում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանումում և իր զբաղեցրած քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված է փոխարինում քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնի համար.
- այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
2․Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների, ինչպես նաև համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վրա։»։
Հոդված 6․ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը փոխարինել «Գաղտնիության ռեժիմը ապահովող» բառերով:
Հոդված 7․ Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 19․ Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
- Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն բարելավելու և պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:
- Կոմպետենցիաների, ինչպես նաև համանման (նույնաբովանդակ) գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:
- Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա:
- Վերապատրաստում իրականացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:
- Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների։
- Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:
- Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:
- Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը և ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ` համաձայնեցման:
- Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
- Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:
- Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը սահմանում է համակարգող փոխվարչապետը:
- Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն։»:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «զինվորական ծառայության զորակոչված» բառերից հետո լրացնել «պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող կամ կամավորական հիմունքներով մարտական գործողություներին մասնակցող» բառերը:
Հոդված 10․ Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում «Փորձնակ գրանցելու և» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման և» բառերով:
Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում՝
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և (կամ) այլ սահմանափակումների և (կամ) վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների և (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:»:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս՝
«6. Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովը առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ:»:
Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների և (կամ) այլ սահմանափակումների և (կամ) վարքագծի կանոնների և (կամ) շահերի բախման կանոնների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում:
- Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում համապատասխան որոշում:»:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածում՝
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 2-4-րդ, 11-րդ, 17-րդ կետերով նախատեսված հիմքերի) ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտ: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերը ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը ընդունում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս՝
«6.1․ Սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտը կարող է ընդունել ոչ շուտ, քան թափուր պաշտոն առաջանալուց մեկ ամիս առաջ:»։
Հոդված 14․Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
------------- 2024 թվական Երևան ՀՕ-- -Ն |
-
Քննարկվել է
25.06.2024 - 10.07.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 1426
Տպել