Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի պահանջներից։ Անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանվել են մանկավարժական ուղղվածության բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որում ներառվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր՝ ստորև բերված հիմնավորումների լույսի ներքո։
ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մեծածավալ ծրագրերի շնորհիվ հիմնված հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիների և բազմաթիվ ջերմատների ու «խելացի» անասնաֆերմաների սահուն աշխատանքը դրվում է կասկածի տակ՝ առանց համապատասխան բարձրակարգ երիտասարդ մասնագետների առկայության։
Մասնավորապես, վերջին 2-3 տարիներին պետական աջակցության ծրագրերով հաստատվել և այժմ հիմնվում են մոտ 3000 հեկտար ինտենսիվ այգիներ, որտեղ առաջիկա տարիներին անհրաժեշտ են լինելու հարյուրավոր ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, գյուղմեխանիզատորներ, կաթիլային ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր մոնտաժողներ և սպասարկողներ, ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետներ, ագրոպիլոտներ, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագետներ։ Հարկ է նշել, որ պետական աջակցության այս ծրագիրը շարունակվում է, և առաջիկա տարիներին նույնպես նախատեսվում է հազարավոր հեկտարների հասնող ինտենսիվ այգիների հիմնում, էլ ավելի սրելով բարձրակարգ մասնագետների կարիքը։
Ավելին, նկատի ունենալով 2015 թվականին ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրումներ»-ի շրջանակներում` մինչև 2050 թվականը անտառների ծածկույթը կրկնապատկելու Հայաստանի հավակնոտ հանձնառությունը, առաջիկա տարիներին երկրին խիստ անհրաժեշտ են լինելու հարյուրավոր անտառագետներ, ագրոնոմներ, ագրոէկոլոգներ, տնկարանային գործի մասնագետներ։
Համապատասխան մասնագետների պակասի վերաբերյալ արդեն ստանում ենք առաջին ահազանգերը։ Մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետ՝ ՀԱԱՀ) գործընկեր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը իր` Տաշիրում հիմնվող ֆերմայում աշխատելու համար, 40-ից ավելի գյուղատնտեսության մասնագետի կարիքի մասին տեղեկություն է ներկայացրել ՀԱԱՀ, որը, ցավոք, դեռևս չի հաջողվել բավարարել։ Մեծ քանակության գյուղատնտեսության ոլորտի բարձրակարգ մասնագետների կարիքի մասին է բարձրաձայնում հատկապես Ագրոնոմիական ֆակուլտետի արդյունաբերական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները։
ՀՀ աշխատաշուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և ՀԱԱՀ կողմից այդ պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու կարողության մասին է վկայում այն փաստը, որ աշխատանքային կիսամյակ մեկնած ՀԱԱՀ երրորդ կուրսի առկա համակարգում սովորող ուսանողների շուրջ 60 տոկոսը, դեռ դիպլոմ չստացած, արդեն հիմնական աշխատանքի են անցել աշխատանքային կիսամյակը ՀԱԱՀ հետ կազմակերպող գործատուների մոտ՝ բավականին մրցունակ աշխատավարձերով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի կարգավորումներն ուղղված են նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները: Ընդ որում, առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել պետության համար կարևոր և առաջնահերթ ագրարային ոլորտի համապատասխան մասնագիտությունները, ապահովելու համար նաև ՀՀ ագրոպարենային ոլորտում տնտեսական և անվտանգային խնդիրների կանխարգելումը։
Որպես պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտություններ նախագծով առաջարկվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝
084101․00․6/7 Անասնաբուժություն՝
- 084101.01.6 Անասնաբուժություն
- 084101.01.7 Անասնաբուժություն
081101․00․6/7 Ագրոնոմիա
- 081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
- 081101.01.7 Ագրոնոմիա
- 081101.02.6 Բույսերի պաշտպանություն
- 081101.02.7 Բույսերի պաշտպանություն
- 081101.03.6 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
- 081101.03.7 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
082101.00.6/7 Անտառային տնտեսություն
- 082101.01.6 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
- 082101.01.7 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
081102․00․6/7 Անասնաբուծություն
- 081102.02.6 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
- 081102.02.7 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
072101.00.6/7 Պարենամթերքի տեխնոլոգիա
- 072101.03.6 Սննդամթերքի անվտանգություն
- 072101.03.7 Սննդամթերքի անվտանգություն
071804.00.6/7 Ագրարային ճարտարագիտություն
- 04.7 Ճշգրիտ գյուղատնտեսություն
- 071804․02․6 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
- 071804․02․7 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
4․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթաթոշակ տրամադրել նաև ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցով ոլորտի տրանսֆորմացիային և սահուն զարգացմանն աջակցություն։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 15750000 դրամ (89*70000+136*70000=15750000)։
5․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողների կրթաթոշակների տրամադրման համար 2024 թվականի 4 ամսվա համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 5250000 ՀՀ դրամ (15750000/12*4=5250000), իսկ 2025 թվականին՝ 10500000 (15750000/12*8=10500000), ՀՀ դրամ, որը ներառված է 2024-2026 ՄԺԾԾ-ի նախագծում:
6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 3-րդ ենթակետի ժա./՝բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում և բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով/ և 82-րդ կետի 4-րդ ենթակետի ը. /մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում/ պարբերություններից:
-
Քննարկվել է
21.06.2024 - 06.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2983
Տպել