Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Տեղեկանք 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  

Նախագծի նպատակն է ապահովել Վարչապետի 22.12.2023 N Վ/203-2023 արձանագրության 3.1) կետի 1.12 ենթակետի հանձնարարականի կատարումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10 %-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը։

Միջոցառման շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված ՊՈՍ-տերմինալներով, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց վճարում կատարած կենսաթոշակառուները:

Միջոցառման նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն է։ Այս տեսանկյունից կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար հաշվարկելը չի ծառայում միջոցառման՝ նշված նպատակի իրականացմանը։

Ուստի նպատակահարմար է  կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չհաշվարկել։

Միջոցառման շրջանակներում բանկը Միասնական սոցիալական ծառայությանն (այսուհետ՝ ծառայություն) է տրամադրում հետվճարի շրջանակներում կենսաթոշակառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ Որոշմամբ հաստատված կարգի N 1 ձևով սահմանված տվյալները՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։ 

Հարկ է նշել, որ տվյալների ծավալով պայմանավորված, երբեմն տվյալները տրամադրվում են նշված ամսաթվից հետո կամ տրամադրելուց հետո կարիք է լինում ճշգրտել դրանք (տվյալները տրամադրում են մեկից ավելի անգամ):

Անհրաժեշտ է կարգավորել նաև սահմանված ժամկետում տվյալները չներկայացնելու դեպքերը։

Իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ բանկը հետվճարը չի կարողացել մուտքագրել բանկային հաշվին՝ հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով։ Այս դեպքում Որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ մինչև հետվճարի գումարը փոխանցելու ամսվա վերջին աշխատանքային օրը հետվճարը բանկը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները, իսկ հետվճարը վճարվում է հաջորդ ամսվա հետվճարի գումարի հետ։

Նման կարգավորումը խնդրահարույց է այն դեպքում, երբ հետվճարի գումարը վերադարձնելուց հետո՝ հաջորդ ամսին (կամ մի քանի ամիսներ) անձն այլևս չի ունենում վճարման ենթակա հետվճարի գումար։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ուսանողի հունիս ամսվա հետվճարը չի վճարվել և բանկը վերադարձրել է գումարը, համապատասխան տեղեկատվությունը։ Տվյալ տարվա հուլիսի 1-ից նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է՝ մինչև առկա ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանք ներկայացնելը։ Այդ տեղեկանքը 6 ամսվա ընթացքում՝ մինչև տվյալ տարվա վերջը ներկայացնելու դեպքում նրա կենսաթոշակի վճարումը կվերսկսվի հուլիսի 1-ից։ Ստացվում է, որ հունիս ամսվա անկանխիկ գործարքներով վճարման ենթակա հետվճար վճարելու մասին տեղեկատվությունը ծառայությունը պիտի 3-6 ամիս պահի, որ հետո նոր վճարի։ Նման դեպքերում նպատակահարմար է ներդնել հետվճարի վճարման այլ մեխանիզմներ։

Հետվճարը, որպես սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար սահմանված է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետով։ Այդ վճարատեսակների գծով վճարման ցուցակները սահմանված են նշված որոշման հավելվածի N 1 ձևով։

Հաշվի առնելով այս վճարատեսակի առանձնահատությունները (հաշվարկվում է բոլոր պարբերական վճարներից) և Որոշման կարգի  12-րդ կետը՝ նպատակահարմար է այս դեպքում սահմանել վճարման ցուցակի ձև, որը կպարունակի հետվճարին հատուկ տվյալներ։

Ըստ այդմ, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել վերոգրյալ հարցերը կարգավորող փոփոխություններ։

 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել:

Միաժամանակ, նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկան համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։

Նախագծով նախատեսվում է բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հիմք ընդունել սահմանված ժամկետում ներկայացված վերջին տեղեկատվությունը՝ ժամկետը սահմանելով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ այդ ժամկետից հետո տվյալները չեն տրամադրվում:

Նախագծով առաջարկվում է նաև, որ բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, քանի որ նախատեսվում է բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարի բանկը՝ իր սահմանած եղանակով։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։

Նախագծում ներառված է վճարման ցուցակի ցանկը։

Նախագծով առաջարկվում են նաև որոշման մեջ կատարել որոշ խմբագրական փոփոխություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով ապահովվում է Վարչապետի 22.12.2023 N Վ/203-2023 արձանագրության 3-րդ կետի 1) 1.12 ենթակետի հանձնարարականի կատարումը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6 գլխի 1-ին պարբերությունից, այն է՝ «Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

5. Տեղեկանք

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան:  

6 ամսվա (հուլիս-դեկտեմբեր) կտրվածով 2024 թվականին լրացուցիչ ծախսերը կկազմեն 1 մլրդ դրամ (230000 շահառու x 3700 հետվճար 1 անձի հաշվով x ( 12%/10%)):

Լրացուցիչ գումար հատկացնելու պահանջը կառաջանա երրորդ եռամսյակում՝ չորրորդ եռամսյակի համար, երբ կտրվի փաստացի տվյալների վրա հիմնված առավել իրատեսական գնահատական:

 

Տեղեկանք 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման դրույթների համապատասխանեցումն է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգում կատարվող փոփոխություններին:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ (այսուհետ՝     Որոշում) սահմանված է, որ բանկերը միասնական սոցիալական ծառայությանն (այսուհետ՝ ծառայություն) են տրամադրում հետվճարի շրջանակներում կենսաթոշակառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ Որոշմամբ սահմանված կարգի N 1 ձևով նախատեսված տվյալները՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։   

Հարկ է նշել, որ տվյալների ծավալով պայմանավորված, երբեմն տվյալները տրամադրվում են նշված ամսաթվից հետո կամ տրամադրելուց հետո կարիք է լինում ճշգրտել դրանք (տվյալները տրամադրում են մեկից ավելի անգամ):

Ըստ այդմ, մշակվել և շրջանառության մեջ է դրվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տվյալներ ներկայացնելու դեպքում հիմք ընդունել սահմանված ժամկետում ներկայացված վերջին տեղեկատվությունը՝ ժամկետը սահմանելով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ այդ ժամկետից հետո տվյալները չեն տրամադրվում: Միաժամանակ նախագծով նախատեսվում է բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարի բանկը՝ իր սահմանած եղանակով։ Ըստ այդմ, հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծին համապատասխան փոփոխություն կատարել  նաև Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ։

 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի կողմից տվյալ ամսում կենսաթոշակառուների կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ տվյալների տրամադրման ժամկետը սահմանել այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:  Ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևում նախատեսվում է, որ  բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում հետվճարի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տվյալները Միասնական սոցիալական ծառայությանը բանկերը կտրամադրեն մինչև համապատասխան ամսվա 15-ը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:    

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.06.2024 - 26.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1416

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

17.06.2024

Նախագծի բուն բովանդակության հետ կապված չի, բայց առաջարկում եմ հետվճարի փոխանցման կոնկրետ օր սահմանել, սահմանված է մինչև ամսի 25-ը,բայց շատ ժամանակ ամսվա վերջին նոր փոխանցվում է։ Կենսաթոշակի վճարումը օրենքով սահմանված է տվյալ ամսվա 3-րդ աշխատանքային օրը, չնայած հանուն արդարության պետք է նշեմ,որ վերջին տարիներին 2-րդ աշխատանքային օրն է վճարվում,կարելի է հետվճարի փոխանցման համար էլ կոնկրետ օր սահմանել։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Առաջարկում եմ կենսաթոշակն ամենաուղիղ ձևով ավելացնել, չբավարարվելով միայն հետվճարի չնչին գումարով,որից,ի դեպ, մոտ 600.000 կենսաթոշակառուների կեսն էլ չի օգտվում։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Հետվճարի չափը 10-ից 12 տոկոս դարձնելը, միևնույն է շատ քիչ թվով կենսաթոշակառուների է վերաբերելու , քանի որ մեծ մասը նվազագույն կենսաթոշակ են ստանում, ծերության,կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության թոշակները 36000 դրամ է և ինչպես էլ հաշվարկվի,36.000-ից 50.000 դրամ կենսաթոշակի հետվճարը 6000 դրամ չի հասնում

Տեսնել ավելին