Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 943-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 943-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի 8 հունիսի N 943-Լ որոշմամբ հաստատված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը կյանքի բոլոր ոլորտներում և համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով ապահովել նրանց անկախ կյանքը և սոցիալական ներառումը։
Միջոցառումների ցանկի 3-րդ կետով նախատեսվում է սահմանել ապրանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն ապահովելու նպատակով։ Որպես նշյալ միջոցառման կատարման արդյունքն՝ «դ» ենթակետով նախատեսվում է վերանայել առևտրի և ծառայությունների, սպառողների իրավունքների, զբոսաշրջության ոլորտի օրենսդրությունը և ամրագրել համապատասխան դրույթներ։
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան 2010 թվականին։ Կոնվենցիայի վավերացմամբ պետությունը պարտավորվել է ապահովել հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության նպատակով։
Հաշվի առնելով, որ առևտրի և ծառայությունների ոլորտը անկյունաքարային դեր է խաղում մարդու անկախ կյանքի, համայնքում ինտեգրվելու, ինչպես նաև սեփական կենսագործունեության ապահովման համար՝ անհրաժեշտ է դրա մատչելիությունն ապահովելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր ՝ ամրագրելով հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելիության պայմաններ։
Վերոնշյալի համատեքստում, Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ապահովել առևտրի և ծառայության ոլորտի օբյեկտների համար հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը՝ համաձայն քաղաքաշինական նորմերի։
Նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարության կողմից տրամադրված պետական-փորձագիտական եզրակացության համաձայն, Նախագծով նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով, ուստի առաջարկվել է քննարկել նախագծի անհրաժեշտության հարցը։ Նշվածը հիմք ընդունելով Նախագիծը հանվել է շրջանառությունից՝ պայմանավորված դրա ընդունման անհրաժեշտության բացակայությամբ։
Այնուամենայնիվ աշխատանքային քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ վերոնշյալ միջոցառման ամրագրումը ոչ թե նպատակ ունի ամրագրելու ոլորտում հաշմանդամների ֆիզիկական մատչելիությունը, այլև անհրաժեշտ է ապահովել ապրանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանումը՝ դրանք համապատասխանեցնելով տեսալսողական (խուլ, կույր) խնդիրներ ունեցող անձանց համար։
Ըստ էության առևտրի և ծառայությունների ոլորտում ապրանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկական պահանջներն իրենցից ներկայացնում են նաև տվյալ ապրանքների փաթեթավորման, այդ թվում մակնշման պահանջները, որի մեջ ներկայացված է տվյալ ապրանքի սպառողական հատկությունները։
Ինչպես գիտենք, տեսողական խնդիր ունեցող անձինք օգտվում են Բրայլյան տպագրությունից, ինչը, կարծում ենք ապրանքի վրա մակնշման տեսքով համատեղելը ոչ նպատակահարմար է։ Նույնը վերաբերում է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով ունենալ ձայնային մակնշում։
Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ վերոնշյալ միջոցառման՝ նշված խմբագրությամբ իրականացումն իրատեսական չէ, քանի որ մինչև միջոցառման իրականացումն անհրաժեշտ է հասկանալ դրա ֆինանսական ազդեցությունը ոլորտի բիզնես համայնքի վրա, քանի որ այն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև ապրանքների և ծառայությունների վերջնական գների ձևավորման վրա։
Պետության կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի հավասարակշռված, որոնք ուղղված կլինեն հասարակության բոլոր՝ ինչպես հաշմանդամների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի բարեկեցության բարձրացմանը։
Այնուամենայնիվ, համակարծիք լինելով Կառավարության որդեգրած քաղաքականության հետ, այն որ՝ պետք է շարունակական ջանքեր գործադրել կույրերի, ինչպես նաև լսողական խնդիրներ ունեցող անձանց համար սոցիալականացման մատչելիությունն ապահովելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ նշված միջոցառումն հնարավոր է իրականացնել Հայաստանի թվայնացման ռազմավարության շրջանակներում։
Միջազգային փորձ․
Հարցի վերաբերյալ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը և պարզվել է, որ տեսալսողական խնդիրներ ունեցող մարդկանց մատչելիության հիմքը[1] իր մեջ ներառում է Վեբ հասանելիության հրահանգը[2], որը վերաբերվում է հանրային հատվածի մարմինների կայքերի և բջջային հավելվածների հասանելիությանը։
Թվային հասանելիության մասին ԵՄ օրենսդրությունն ընդունվել է 2016 թվականին և ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսին:
Համաձայն վերը նշված հրահանգի՝ ԵՄ անդամ երկրները պետք է ապահովեն, որ հանրային հատվածի մարմինների կայքերը և բջջային հավելվածները «առավել հասանելի» լինեն, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ դրանք դարձնելով «ընկալելի, գործածելի, հասկանալի և ամուր»:
Անդամ պետությունները վերահսկում են կայքերի համապատասխանությունը՝ օգտագործելով Հանձնաժողովի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունված մեթոդաբանությունը:
Ավելին՝ գոյություն ունի ISO 30071-1 միջազգային մատչելիության ստանդարտը, որն առաջարկում է «համապարփակ մոտեցում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառմամբ ապրանքների օգտագործման մատչելիության ապահովման ուղեցույցեր։ Բացի ISO 30071-1 ստանդարտից, համաշխարհային ցանցի կոնսորցիումը (W3C) մշակում է վեբ միջազգային ստանդարտներ՝ HTML, CSS և շատ ավելին։ Մատչելիության ստանդարտները մանրամասնորեն սահմանում են, թե ինչ հատկանիշներ են պահանջվում տվյալ ապրանքախմբերը հասանելի լինելու համար:
Ստանդարտները հիմնականում օգտագործվում են տեխնոլոգիաների մշակողների կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից օգտագործման նպատակով։
Ուստի առաջարկում ենք այն դիտարկել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 183-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի թվայնացման ռազմավարության համատեքստում, որը նախատեսում է թվային լուծումների օգտագործման խրախուսման ծրագրերի իրականացում։ Այն է՝ հատուկ ուշադրություն դարձնել հավասար հնարավորությունը խթանող ծրագրերին, որոնք կնպաստեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը բիզնես գործընթացներում, կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր բնակչության համար նախատեսված և հատուկ ծառայությունների մատչելիության լիարժեք ապահովմանը:
Ի հավելումն նշենք, որ Հայաստանի թվայնացման ռազմավարության ապահովվման միջոցառումների երկրորդ փուլում նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել թվային ծառայությունների հասանելիություն։ Այս միջոցառումը նախատեսում է՝
1․ համակողմանի քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ,
- Հաշմանդամություն, այդ թվում՝ տեսողության, լսողության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ Պետական ծառայությունների միասնական հարթակից հավասար իրավունքներով օգտվելու պահանջների ուսումնասիրություն և հնարավորությունների ապահովում։
- Մատչելի լուծումների (Text to Speech և Speech to Text փոխակերպումներ և այլն) մշակում և իրականացում:
Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի 8 հունիսի N 943-Լ որոշմամբ հաստատված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համաիրականացումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի «դ» ենթակետում հանել «առևտրի և ծառայությունների, սպառողների իրավունքների,» բառերը։
2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը․
Սույն նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի թվայնացման միասնական մոտեցման իրականացում։ Հայաստանի թվայնացման ռազմավարության շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային ծառայությունների հասանելիության ապահովում։
4․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
[1] https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/web-accessibility
[2] https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/web-accessibility-directive-standards-and-harmonisation#:~:text=The%20legislation,websites%20and%20mobile%20apps%20accessible.
-
Քննարկվել է
04.06.2024 - 19.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1349
Տպել