Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ հունիսի 2024 թվականի N -----------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 33-րդ կետը լրացնել նոր 17.1-ին ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի (այսուհետ` Ֆակտորինգի պայմանագիր) հիման վրա, իսկ ֆինանսական գործակալի կողմից ծանուցմումը պետք է կատարվի գնման պայմանագրում սահմանված էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով: Ֆակտորինգի պայմանագիրը պետք է սահմանի, որ ֆինանսական գործակալը համաձայն է, որ պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն վճարումներն իրականացնելիս ապահովի պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ` անկախ պահանջը զիջված լինելու հանգամանքից: Ընդ որում, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին գրավոր ծանուցումը ստանալու դեպքում պատվիրատուն պայմանագրով սահմանված վճարումը կատարում է ֆինանսական գործակալին, եթե ծանուցումը պատվիրատուի կողմից գնման պայմանագրում այդ նպատակով սահմանված էլեկտրոնային փոստի հասցեով ստացվել է պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը:»
2) VII գլխից հետո լրացնել նոր VII.1 գլուխ` հետևյալ բովանդակությամբ.
«VII.1 ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ (ՖԱԿՏՈՐԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
58.1. Ընտրված մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր:
58.2. Ֆակտորինգի պայմանագիրի հիման վրա պահանջի զիջումը չի կարող կատարվել նախքան գնման պայմանագրի կնքումը, սակայն կարող է կատարվել մինչև պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը, բայց ոչ ուշ քան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը:
58.3. Ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` ընթացակարգի հրավերով նախատեսված ծանուցման ձևին համապատասխան` mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Ծանուցման տեքստը պետք է ներառի նշում առ այն, որ Ֆինանսական գործակալը համաձայն է սույն կարգի 33-րդ կետի 17.1-ին ենթակետով սահմանված պահանջներին:
58.4. Պատվիրատուն ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով այլ իրավունքներ։
58.5. Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից (առկայության դեպքում) պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
58.6. Սույն կարգի VII.1 գլխով սահմանված նորմերը չեն տարածվում պետական գաղտնիք պարունակող գնումների վրա:»։
3) 115-րդ կետից հետո լրացնել նոր 115.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«115.1 Սույն կարգի VIII.1 գլխի համաձայն Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում պատվիրատուն վճարումը կատարում է ֆինանսական գործակալին, բացառությամբ սույն կարգի 58.4-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված դեպքերի»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո և դրա գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
-
Քննարկվել է
30.05.2024 - 14.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1311
Տպել