Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր»

Հավելված N 1

                ՀՀ կառավարության 2024 թվականի

                                                                                          ․․․․․․․․․․․-ի N    -Լ որոշման

 

 

 

 

 

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

 

ԵՐԵՎԱՆ 2024

 

ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈՒՆ

 

 

  1. ՆԱԽԱԲԱՆ. 3
  2. ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. 4
  3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ. 9
  4. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. 9
  5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. 12
  6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. 14

 

 

  

 

  1. ՆԱԽԱԲԱՆ

 

  1. Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովումն երկրի առջև ծառացած կարևոր հիմնախնդիրներից է Հանրապետության սահմանափակ ռեսուրսները և բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերով ապահովվածության ցածր մակարդակը հրատապ են դարձնում պարենի արտադրության նպատակով բնական պաշարների առավել արդյունավետ օգտագործումը:                   
  2. Այս առումով հեռանկարային է համարվում հատկապես մեղվաբուծությունը: Մեր երկրում մեղվաբուծության զարգացման համար առկա ներուժն առավելապես  պայմանավորված է մեղվաբուծության յուրահատուկ կերի բազայով, քանզի ենթաալպյան և ալպյան գոտիների բազմատեսակ և հարուստ բուսականությունը հնարավորություն է ստեղծում ստանալ բարձր որակական և համային հատկանիշներով օժտված բնական մեղր և մեղվաբուծական այլ արտադրանք, որոնք լայնորեն օգտագործվում են ոչ միայն մարդկանց սննդում, այլև բժշկության և արդյունաբերության ոլորտներում:   
  3. Անգնահատելի է մեղուների դերը կենսաբազմազանության պահպանման համար ընդհանրապես, և գյուղատնտեսության ոլորտում՝ մշակովի բույսերի փոշոտումն իրականացնելու գործընթացում՝ մասնավորապես: Ապացուցված է, որ մեղուների փոշոտման շնորհիվ, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը ավելանում է 30-40 %-ով, առանձին դեպքերում՝ 50 % և ավելի: Ընդ որում, փոշոտման արդյուքնում ակնկալվող եկամուտները 10-15 անգամ գերազանցում են անմիջականորեն մեղրից և մեղվաբուծական արտադրանքից ստացվող եկամուտները:
  4. Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 250 հազար մեղվաընտանիք, մինչդեռ ներկայումս այն հասնում է շուրջ 207 հազարի:     
  5. Հաշվի առնելով հանրապետությունում մեղվաբուծության ընդլայնման և զարգացման մեծ ներուժը, գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովման, կայուն եկամուտների ձևավորման, պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և սահմանամերձ համայնքների չօգտագործվող բնական կերահանդակների այլընտրանքային օգտագործման լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, առաջնահերթ խնդիր է դարձել մեղվաբուծության զարգացումը և դրա խթանմանն ուղղված պետական աջակցության մոտեցումների կիրառումը:

 2․  ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

  1. Հայկական լեռնաշխարհում մեղվաբուծությամբ զբաղվել են հազարամյակների ընթացքում, ինչի մասին են վկայել հայ և օտարերկրացի հին պատմիչներն իրենց պատմագրքերում: Ավելին, այս տարածաշրջանում դարեր շարունակ ձևավորվել է մեղուների խնամքի և բուծման յուրահատուկ մշակույթ, որի արդյունքում հենց այստեղ է ժողովրդական սելեկցիայի միջոցով ստեղծվել հայկական դեղին մեղուն: Մեղուների այս պոպուլյացիան մինչև օրս բուծվում է մեր հանրապետության հարավային տարածաշրջանում և ի տարբերություն մեզ մոտ բուծվող մեկ այլ՝ գորշ մեղուների, դեղին մեղուներն աչքի են ընկնում համեմատաբար երկար կնճիթով և կարողանում են նեկտար հավաքել ավելի խորը և բարդ կառուցվածք ունեցող ծաղիկների բաժակներից:
  2. 19-րդ դարի վերջին Հայաստանում առկա էր գրեթե 10 հազար մեղվաընտանիք, որոնց թիվը 1904 թվականին կազմեց շուրջ 15 հազար, իսկ արդեն 1912 թվականին՝ 26 հազար, որոնցից 5 հազարը խնամվում էր շրջանակային փեթակներում, իսկ մնացածը՝ դեռևս քթոցներում:                   
  3. Ավանդական մեղվաբուծության պարզունակ եղանակները կատարելագործելուն ուղղված առաջին քայլերը Հայաստանում ի հայտ եկան արդեն խորհրդային տարիներին՝ կոլեկտիվացման շարժման արդյունքում ձևավորված կոլեկտիվ տնտեսություններում մեղվաբուծական ֆերմաներ ստեղծելուն զուգահեռ: Այդ տարիներին մեղվաբուծական ֆերմաները համալրվում էին տիպային մեղվափեթակներով, զանազան գործիքներով ու սարքավորումներով, մեղուներին խնամելու բազմապիսի գույքով ու պարագաներով: Հետագայում ձևավորվեցին խորհրդային տնտեսությունները, որոնցում ևս ստեղծվեցին մեղվաբուծական ֆերմաներ, ինչի արդյունքում անցյալ դարի հիսունական թվականներին մեղվաընտանիքների թիվը գերազանցեց 100 հազարը:                        
  4. Կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների մեղվաբուծական ֆերմաների շնորհիվ Հայաստանում ձևավորվեց մեղվաբուծական տնտեսությունների մի ընդարձակ ցանց, որին միացավ մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր հատվածը: Ձևավորված մեղվաբուծական այդ հսկայական ցանցը պահանջում էր համակարգի կառավարման և նյութատեխնիկական մատակարարման յուրահատուկ մոտեցումներ, գիտական տեխնոլոգիաների ներդրումներ, որոնց կարգավորման նպատակով հանրապետությունում ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում, որի կազմում գործում էին գիտական կայաններ, փորձակայաններ, մեղվաբուծական տնտեսություններ և անգամ՝ մասնագիտացված մեղվաբուծարան:
  5. Այդ հանգամանքը նոր խթան հանդիասցավ մեղվաբուծությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ՝ ներդրվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրառվեցին ճյուղի ինտենսիվացմանը միտված համապատասխան քայլեր, օգտագործվեցին մեղուների տարբեր հիվանդությունների բուժման արդյունավետ մոտեցումներ, որոնց արդյունքում ձևավորվեցին արդիական սարքավորումներով գործող մասնագիտացված տնտեսություններ, որոնք ոչ միայն բարձր մթերատվությամբ օժտված մեղվաընտանիքներ էին մատակարարում մեղվաբուծական տնտեսություններին և մասնավոր հատվածին, այլև մեղրից, մեղրամոմից և ակնամոմից զատ, արտադրում էին որակյալ ծաղկափոշի, մեղվակաթ և մեղվաթույն, որոնք լայնորեն օգտագործվում էին դեղագործության մեջ: Արդեն անցյալ դարի 70-ական թվականներին մեր հանրապետությունում գործում էր ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ և նորագույն սարքավորումներով հագեցած հզոր մեղվաբուծական ցանց, որը ներառում էր շուրջ 150 հազար մեղվաընտանիք, իսկ յուրաքանչյուր մեղվաընտանիքից ստացվող մեղրի քանակությամբ Հայաստանը Խորհրդային Միությունում դասվում էր առաջատար հանրապետությունների շարքին:                                                                                      
  6. 1990-ական թվականների սկզբին մեր երկրում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում հանրապետությունում ձևավորված մեղվաբուծական բոլոր պետական կառույցները մասնավորվեցին, իսկ մեղվափեթակները տրվեցին գյուղական ազգաբնակչությանը: Մասնավորեցմանը հաջորդած տաս տարիների ընթացքում մեղվաընտանիքների թիվը զգալիորեն կրճատվեց, իսկ մեղվաբուծությանն առնչվող գործառույթները համակարգող մասնավոր կառույցների ձևավորման գործընթացը դանդաղ էր ընթանում: Այնուամենայնիվ, 1990-ականների վերջին, արդեն հանրապետությունում իրականացվում էին մեղվաբուծության ոլորտը համակարգող գործառույթներ, ինչպես նաև մեղվաբույծներին համապատասխան գույքի, մեղվաբուծական գործիքների, սարքավորումների, դեղորայքի և այլ պարագաների կենտրոնացված մատակարարումներ:                             
  7. Մեղվաբուծության ոլորտում ներկայումս ակտիվ գործունեություն են ծավալում «Մուլտի Ագրո» գիտարտադրական միավորում ՍՊԸ-ն, «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոն ՓԲԸ-ն, «Հաթերք Ֆուդ» ՍՊԸ-ն, «Ապիս Ա» ՍՊԸ-ն: Հանրապետությունում մեղվաբուծության ոլորտի խթանման գործընթացում իրենց ուրույն դերն ունեն նաև հասարակական կազմակերպությունները, որոնցից առանձնանում են «Հայաստանի Հանրապետության մեղվապահների ազգային ֆեդերացիա», «Լոռվա մեղվաբույծներ» հասարակական կազմակերպությունները։
  8. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է կայացած մեղվաբուծական համակարգ, որում ներառված են մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող գրեթե 11 հազար տնտեսավարողներ, որոնք տնօրինում են ավելի քան 200 հազար մեղվաընտանիք, իսկ մեր երկրում տարեկան արտադրվող ապրանքային մեղրի քանակությունը տատանվում է 3000-4000 տոննայի սահմաններում:                                                                       
  9. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում առկա էր 186224 մեղվաընտանիք, որոնց զգալի մասը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: 2024 թվականին հանրապետությունում առկա մեղվաընտանիքների թիվը և 2023 թվականին արտադրված ապրանքային մեղրի քանակությունը՝ ըստ մարզերի, ներկայացված են N 1, N 2 գծապատկերներում:

 

          Գծապատկեր 1. ՀՀ-ում 2023 թվականին արտադրված մեղրի                          քանակությունը (ըստ ՀՀՎԿ-ի), տոննա

 

          Գծապատկեր 2. 2024թ. հունվարի 1- դրությամբ ՀՀ-ում առկա մեղվաընտանիքների քանակը (ըստ ՀՀՎԿ-ի)

 

  1. Յուրահատուկ բուսական կազմի շնորհիվ մեր երկրում արտադրվող ապրանքային մեղրն աչքի է ընկնում գերազանց համային և որակական հատկանիշներով, ինչի շնորհիվ տարեցտարի ընդլայնվում է արտահանված մեղրի քանակությունը: Այսպես, եթե 2013 թվականին հանրապետությունից արտահանվել է ընդամենը 2.4 տոննա մեղր, ապա արդեն 2023 թվականին հանրապետությունից արտահանվել է 122.3 տոննա կամ վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունից արտահանված ապրանքային մեղրի քանակությունն աճել է ավելի քան 21 անգամ:
  2. Մեղվաբուծությունը համարվում է  եկամտաբեր ոլորտ և պետության հետևողական աջակցության և հստակ իրականացվող քաղաքականության շնորհիվ այն խիստ հեռանկարային է մեր երկրի համար:

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, արժեքավոր վայրի բույսերի կենսաբազմազանության պահպանմանը, ստացվող մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտադրական ծավալների ավելացմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը: Մեղվաբուծության առջև ներկայումս ծառացած են հետևյալ խնդիրները.                                                               1) փոքր մեղվանոցների գերակշռումը,                                                           2) մեղրատու մշակաբույսերի և այգիների սահմանափակ տարածքները,    3) արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության հետ կապված դժվարությունները:

 

4.    ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

  1. Փոքր մեղվանոցների բարձր տեսակարար կշիռը լուրջ դժվարություններ է ստեղծում մեղուների հիվանդությունների դեմ համալիր միջոցառումներ իրականացնելու, մեղվափեթակները տեղափոխելու, ապրանքային մեղրին զուգահեռ նոր մեղվաընտանիքներ ստանալու և մեղվանոցներն ընդլայնելու գործընթացում: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա շուրջ             190 հազար մեղվաընտանիքները տեղակայված են 11 հազար մեղվանոցներում, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մեղվանոցում ընդգրկված է գրեթե 19 մեղվափեթակ, ինչը խոչընդոտում է նաև մեղվաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև հանրապետությունում առկա վայրի և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար դեռևս անբավարար մեղվափեթակների քանակությունը, անհրաժեշտություն է առաջացել հրատապ քայլեր ձեռնարկել մեղվափեթակների քանակությունն ավելացնելու ուղղությամբ: Ընդ որում, մեղվափեթակների ավելացումը չպետք է դիտարկել որպես լոկ մարտավարական քայլ, այլ ռազմավարական նախաձեռնություն՝ սահմանամերձ համայնքների գյուղական ազգաբնակչությանը այլընտրանքային գործունեություն ընձեռելու հնարավորությամբ: Այսպես, հարևան երկրի ռազմական գործողությունների արդյունքում մի շարք սահմանամերձ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հազարավոր հեկտար բնական կերահանդակներ գործնականում չեն օգտագործվում, քանզի խոտհարքներում հնարավոր չէ իրականացնել խոտհունձ, իսկ արոտներում՝ կենդանիների արածեցում: Մինչդեռ այդ ընդարձակ տարածքները հանդիասնում են ենթալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հարուստ են բազմազան արժեքավոր մեղրատու բուսականությամբ և կարող են լիարժեք կերի բազա հանդիսանալ տասնյակ հազարավոր մեղվաընտանիքների համար: Մեղուները կեր հայթհայթելու նպատակով կարող են հաղթահարել 10, նույնիսկ 15 կմ տարածություն և մեղվափեթակներն անգամ սահմանամերձ բնակավայրերում տեղակայված լինելու պարագայում, մեղուները կարող են նեկտար և ծաղկափոշի հավաքել հարևան երկրի զինվորների նշանառության տակ գտնվող բնական կերահանդակներում լայնորեն տարածված բույսերի ծաղիկներից: Այս հանգամանքը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) կարևորում է սահմանմերձ համայնքներում մեղվաբուծության խթանումը՝ մեղվանոցների ընդլայնման և նոր մեղվանոցների ձևավորման միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է երկամյա ժամկետով գործարկել մեղվաբուծության խթանման փորձնական ծրագիր։
  2. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան ստորոտում տարածված վայրի բույսերի փոշոտման արդյունքում արժեքավոր բույսերի բազմազանությունը պահպանելու նպատակով։ Նախատեսվում է պետական աջակցությամբ վերոհիշյալ մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 8000 մեղվաընտանիք՝ ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցման տրամադրմամբ: Հարկ է նշել, որ մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) ներկայիս ձևավորված գները տատանվում են 60-100 հազար դրամի սահմաններում, ուստի միջին գին է սահմանվում 80000 դրամը։ Ընդ որում, ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) համար տրամադրվող փոխհատուցման գումարը չի կարող գերազանցել 40000 դրամը։ Դրա շնորհիվ, նշված մարզերում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 120000 կգ բարձրորակ ապրանքային մեղր և լրացուցիչ կձևավորվի առնվազն ևս 8000 նոր մեղվաընտանիք, որոնք տարեց տարի կբազմապատկվեն՝  մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ: Ծրագրի մեկնարկային տարում կտրամադրվի 3000, իսկ երկրորդ տարում՝ 5000 մեղվափեթակով մեղվաընտանիքների ձեռք բերման արժեքի փոխհատուցումը։                     
  3. Ծրագրի շահառուներ (այսուհետ՝ Շահառու) կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի բնակավայրերի ազգաբնակչությունը։ Յուրաքանչյուր շահառու կարող է փոխհատուցում ստանալ նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիքի (մեղվափեթակով) համար։
  4. Ծրագրին մասնակցելու նպատակով Շահառուն էլեկտրոնային եղանակով դիմում է Նախարարություն՝ նշելով ձեռք բերվող մեղվաընտանիքների (մեղվափեթակով) քանակը և ձեռքբերման ժամկետը։ Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Շահառուին տեղեկացնում հաշվառված լինելու մասին։
  5. Շահառուն, մեղվաընտանիքը (մեղվափեթակով) ձեռք բերելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով Նախարարություն է ներկայացնում համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ Շահառուի կողմից ձեռք բերված և համարակալված մեղվաընտանիքների (մեղվափեթակով) վերաբերյալ, որում պետք է նշված լինի մեղվաընտանիքների քանակը և ձեռք բերման ժամկետը։ Տեղեկանքի հետ միասին Շահառուն ներկայացնում է նաև առուվաճառքի պայմանագիրը, վճարման անդորրագիրը և հաշվեհամարը։ Շահառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված մեղվաընտանիքները առնվազն երեք տարի նպատակային օգտագործման, ինչպես նաև մեղվաընտանիքների անկման դեպքում իր միջոցներով դրանց քանակը համալրելու վերաբերյալ։
  6. Մինչև փոխհատուցումը, ծրագրի 22-րդ կետով ներկայացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված կարգի համաձայն, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է մոնիթորինգ։       
  7. Նախարարությունը, 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և մոնիթորինգի դրական եզրակացության հիման վրա փոխհատուցման գումարը փոխանցում Շահառուի հաշվեհամարին:
  8. Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին (ամուսինների տարիքի հանրագումարը 70 տարեկանից ոչ բարձր, ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիները)։                      
  9. Սույն ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ։
  10. Եթե նախարա­րության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն օտարել է ձեռք բերված մեղվափեթակները, ապա հայտնաբերման պահից սկսած եռամսյա ժամկետում փոխհատուցված գումարը ենթակա է վերադարձման հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշման 1-ին կետը, իսկ չվերադարձնելու դեպքում այն կգանձվի դատական կարգով։

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

  1. Փորձնական ծրագիրը ներառում է 2024-2025 թվականները, որի ընթացքում ֆինանսական միջոցները կուղղվեն չորս մարզերում ձեռք բերվող շուրջ 8000 մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) արժեքի փոխհատուցման տրամադրմանը։ Ըստ մարզերի ձեռք բերվող մեղվաընտանիքների բաշխման համար հիմք է ընդունվել 2023 թվականին այդ մարզերում առկա մեղվաընտանիքների համամասնությունն ընդհանուր առմամբ նախատեսվում է ձեռք բերել 8000 մեղվաընտանիք (մեղվափեթակի հետ միասին), որից 3000-ը՝ 2024, 5000-ը՝ 2025 թվականին։ Յուրաքանչյուր միավորի համար կփոխհատուցվի արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 դրամը։                                 
  2. Վերոհիշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 320․0 մլն դրամ, որից 120․0 մլն դրամն անհրաժեշտ է 2024 թվականին, իսկ 200․0 մլն դրամը՝ 2025 թվականին: Ըստ մարզերի ձեռք բերվող մեղվաընտանիքների քանակը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներկայացված են աղյուսակում․

 

 

Աղյուսակ

 

Մարզեր

2024թ

2025 թ

Ընդամենը

Ձեռք բերվող մեղվա-ընտանիքի քանակը

Փոխհա-տուցման գումարը, հազ․ դրամ

Ձեռք բերվող մեղվա-ընտանիքի քանակը

Փոխհա-տուցման գումարը, հազ․ դրամ

Ձեռք բերվող մեղվա-ընտանիքի քանակը

Փոխհա-տուցման գումարը, հազ․ դրամ

Արագածոտն

370

14800

650

26000

1020

40800

Գեղարքունիք

1120

44800

1840

73600

2960

118400

Սյունիք

1080

43200

1800

72000

2880

115200

Տավուշ

430

17200

710

28400

1140

45600

Ընդամենը

3000

120000

5000

200000

8000

320000

 6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Այլընտրանքային լուծում կտրվի անասնաբուծության նպատակով չօգտագործվող սահմանամերձ բնակավայրերի բնական կերահանդակների կիրառման հետ կապված խնդրին։                                                
  2. Ծախսերի փոխհատուցման միջոցով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի ազգաբնակչությունը երկու տարվա ընթացքում ձեռք կբերի 8000 մեղվաընտանիք։
  3. Տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 120000 կգ բարձրորակ ապրանքային մեղր։                                                
  4. Նշված մարզերի բնակավայրերում կընդլայնվեն առկա մեղվանոցները և միաժամանակ կձևավորվեն նոր մեղվանոցներ։
  5. Նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արագածի ստորին լանջերին հանդիպող բազմազան ու արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանման համար։          

 

  • Քննարկվել է

    15.05.2024 - 02.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

15.05.2024 14:46

Tigran Sh. Aleksanyan <taleksanyan@mineconomy.am>

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3731

Տպել

Առաջարկներ`

Ադելաիդա Եփրեմյան

01.06.2024

Նախագիծը բավականին լավն է,/չեղածից լավն է/։ Վերջապես ուշադրության է արժանացել գյուղատնտեսության այս շատ կարևոր ճյուղը։ Մանրամասն ծանոթանալով ծրագրի նախագծին ունեմ մի քանի առաջարկություն 1․ Ցանկալի է ծրագրում ներառել նաև ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները։ Դրանով կլուծվի երկու խնդիր․ ա/ Քանի որ այս համայնքները խոցելի են և ազգաբնակչությանը տեղում պահելու խնդիր ունեն, ուստի ծրագիրը կօգնի բնակիչներին զբաղվել այլընտրանքային աշխատանքով և ունենալ լրացուցիչ եկամուտ ։ բ/ Քանի որ վերոնշյալ բնակավայրերը գտնվում են ծովի մակարդակից 2000մ և ավել բարձրության վրա, ուստի այստեղի բուսածածկույթի բազմազանությունը ոչնչով չի զիջում Արագած լեռան ստորոտում տարածված վայրի բույսերի բազմազանությանը և այն նույնպես պահպանելու խնդիր կա։Տարանջատելով Արագած լեռան շրջակայքը մյուս լեռներից խտրականության դրսևորում է: Հետևաբար անհրաժեշտ է ներառել բոլոր բարձրլեռնային բնակավայրերը: Բացի այդ այս բարձրության վրա ստացված բազմածաղկային մեղրը և՛ որակապես, և՛ համով տարբերվում է հովտային և անտառային մեղրից։ 2․ Շահառուների ցանկում արված տարիքային սահմանափակումները ցանկալի չեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղվաբուծությունն ունի իր առանձնահատկությունները / ալերգիաներ/ Մեղվաբուծությամբ կարող են զբաղվել ոչ միայն ամուսինները, այլ նաև տարբեր տարիքայի խմբերի առանձին անհատներ: Հետևաբար առաջարկում եմ հանել երիտասարդ ընտանիքների 70տարեկանի շեմը , այս սահմանափակումը ինքնաբերաբար կհանգեցնի կեղծ ձևակերպումների:

Հայկ Մարտիրոսյան

25.05.2024

Նախագիծը լավն է, սակայն պետք է ներառել ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը ևՎայոց Ձորը, քանի որ հենց տվյալ բնակավայրերին են առաջնային անհրաժեշտ նմանատիպ ծրագրերը: Բարձր լեռնային և սահմանամերձ ցանկացած բնակավայր ունի բնակչության պահպանման խնդիր և նմանատիպ ծրագրերը կնպաստեն վերոնշյալ գյուղերի պահպանմանը

Զոհրաբ Խաչատրյան

15.05.2024

Նախագիծը լավն է, սակայն մեղվաբուծությամբ առաջին անգամ զբաղվող և փորձ չունեցող անձանց դեպքում մեղուների անկման ռիսկը շատ մեծ է և չպետք է դրանց վերականգման ամբողջ պատասխանատվությունը դնել այդ անձանց վրա։ Շահառու համարվող անձանց համար առաջարկում եմ նաև համապատասխան դասընթացներ կազմակերպել մեղուների խնամքի և այլնի հետ կապված, որպեսզի կարողանան հասկանալ մեղուների խնամքի, պահպանության, իրականացվող բուժումների անհրաժեշտության վերաբերյալ հարցերը և ճիշտ կազմակերպեն այն։ Հակառակ դեպքում ծրագիրը անհամաչափ վնաս կարող է հասցնել ծրագրի շահառուներին։

Տեսնել ավելին