Հիշել նախագիծը

«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը - «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու,  ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայք-էջում տեղակայված տեղեկատվության համաձայն սպանդանոցային ծառայություններ մատուցող գրանցված տնտեսավարողները 63-ն են, որոնցից ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «Հարկ վճարողների փնտրման համակարգում» առկա տեղեկատվության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ 13-ը չեն գործում, 13-ը համարվում են ԱԱՀ, 26-ը՝ շրջանառության, 10-ը՝ միկրոհարկ, իսկ 1-ը պարզեցված հարկ վճարողներ։

Սպառողներին որակյալ ու անվտանգ միս մատակարարելու նպատակով գյուղատնտեսական կենդանիների սպանդը պետք է իրականացվի սպանդանոցներում կամ սպանդանոցային կետերում։ Սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում, որի պատճառով դեռևս հիմնականում ծառայություններ են մատուցում։ Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանվելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։

Բացի այդ, շուկայում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով և ոչ պատշաճ վարչարարության հետևանքով մսի արժեշղթայում գործող և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։

Մսի իրացման շղթայում սպանդանոցների դերը մեծացնելու, դրանք որպես լոգիստիկ կենտրոն կայանալու հարցում աջակցելու և մսեղիքի իրացումը սպանդանոցների միջոցով իրականացնելու և հարկային հավասար պայմաններ ապահովելու նպատակով կարևորվում է սույն որոշման նախագծի ընդունումը, ըստ որի ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցության տրամադրմամբ վերջիններիս և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար կստեղծվի հավասար մրցակցային պայմաններ։ ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցության տրամադրման մասին որոշումը ձևավորվել է 2024 թվականի ապրիլի 1-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում։

3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Նախագծի ընդունումից հետո մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին, նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում՝

  • ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող գյուղատնտեսական կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով.

    - գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարման գործընթացը։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքային կարգով ԱԱՀ վճարող համարվող 13 տնտեսավարողից 10-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն 2024 թվականի մարտ ամսին հաշվարկված ԱԱՀ-ն կազմել է շուրջ 30.0 մլն դրամ, որի 75%-ը կազմում է շուրջ 22.5 մլն դրամ։ 2024 թվականի հունիսից-դեկտեմբեր ամիսներին նախագծով առաջարկվող աջակցությունը տրամադրելու դեպքում պահանջվող ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 160.0 (22.5X7=157.5) մլն դրամ։ Հաշվի առնելով, որ Նախագծի ընդունումը կխթանի սպանդանոցային սպանդը, կակտիվացնի ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցների գործունեությունը և արդյունքում շրջանառության հարկ վճարող առանձին տնտեսավարողներ կարող են դառնալ ԱԱՀ վճարող՝ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը գնահատվում է շուրջ 200.0 մլն դրամ։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ աջակցության տրամադրումը նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ։   

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 9.6-րդ միջոցառման «Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովում» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/7/2023_N2300hav.1.pdf, 253-րդ էջ)։

 

 

  • Քննարկվել է

    10.05.2024 - 27.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2008

Տպել